Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ

Հունիս 10,1999 00:00
karen demirchyan

Միմյանց ժպտալով, ճանապարհ զիջելով եւ շնորհավորելով երեկ Կառավարությունների ընդունելությունների տուն էին շտապում ԱԺ նոր ընտրյալները։ Նրանցից շատերը միմյանց առաջին անգամ էին տեսնում եւ անթաքույց հետաքրքրությամբ ուսումնասիրում էին իրար։ Թեեւ նոր խորհրդարանը համարվում է նաեւ թաղային հեղինակությունների նստավայր, սակայն ոսկյա հաստ շղթաներով, ադամանդակուռ մատանիներով կամ երկար եղունգներով մեկին չնկատեցի։

Ի դեպ, պպզողներ էլ չեղան՝ չնայած դրա համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված էին։ Անկախ նախընտրական «սիրալիրություններից» կամ ակնհայտ վիրավորանքներից՝ միմյանց կողքով անցնելիս պատգամավորները անպայման իրենց պարտքն էին համարում շնորհավորել միմյանց։ Հավաքվածների հոծ բազմությունը ճեղքեց եւ դեպի Կարեն Սերոբիչը սուրաց նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։

– Պարոն Դեմիրճյան, ուրախ եմ ձեզ համար։

– Ո՞նց ես,- ի պատասխան ժպտաց Դեմիրճյանը։

– Լա՜վ։ Պատկերացրեք՝ լա՜վ, մի կերպ պրծացրեցի իմ վրայից, քցեցի ձեզ վրա,- եղավ պրն Մանուկյանի պատասխանը։ Թե կոնկրետ ի՞նչն է իր վրայից գցել պրն Դեմիրճյանի վրա, Վազգեն Մանուկյանը չմանրամասնեց։ Բայց երկուսն էլ ծիծաղեցին, որովհետեւ իրո՛ք ծիծաղելի էր։

Բնականաբար, որպես ակսակալներ՝ բոլորի ուշադրության կենտրոնում Կարեն Դեմիրճյանն ու Վլադիմիր Հակոբյանն էին։ Առաջին մանդատը ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը, փոքրիկ ճառից հետո, հանձնեց հենց Կարեն Դեմիրճյանին։

Նորընտիր պատգամավորներին շնորհավորելու էին եկել ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ նախարարներից՝ երեքը։ Ի դեպ, մանդատ ստացող պատգամավորներին այդ բանն անելուց հետո առաջինը վարչապետն էր ծափահարում՝ բարձր ու երկարատեւ։ Կոլեգաների հատուկենտ ծափերի ներքո բոլոր պատգամավորները ստացան իրենց վկայականները։ Բացառությամբ՝ կոմունիստներ Սերգեյ Բադալյանի, Յուրի Մանուկյանի, ապա եւ՝ Վանո Սիրադեղյանի. նրանք թերեւս հարգելի պատճառով չէին ներկայացել արարողությանը։ Ծափեր հիմնականում չէին հնչում, բայց, ա՛յ, Դավթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի՜ պատվին համարյա թե օվացիա եղավ։ Վերջինս խիստ շոյված էր, եւ ժպիտը երկար ժամանակ դեմքից չէր իջնում։

Ruben gevorgyan

– Պրն Գեւորգյան, դուք գեղեցիկ մականուն ունեք։ Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ քննադատվում են պառլամենտ մտնող մականունով մարդիկ։

– Շատ վատ եմ ընդունում։ Համենայն դեպս, ժողովրդի մեջ միշտ ամենաակտիվ մասսան է մականուն ունեցել։ Որոնք իրենցից ինչ-որ բան են ներկայացրել։

– Այսինքն, նրանք, ովքեր մականուն չունեն, իրենցից ինչ-որ բան չե՞ն ներկայացնում։

– Նրանք հանգիստ կյանքով են ապրել։

Կարեն Սերոբիչին էլ հարցրեցի պառլամենտի «գողական թեքման» մասին.

– Այդ երեւույթի հանդեպ ոչ թե վերաբերմունք է պետք դրսեւորել, այլ դրա մասին պետք է մտածել։

Նրանից ոչ մի սանտիմետր չէր հեռանում Արմեն Խաչատրյանը։

armen khachatryan

– Պրն Խաչատրյան, ճի՞շտ է, որ որպես նոր կրթության նախարար ձեր թեկնածությունն է առաջադրվելու։

– Տեսնենք, ոնց Աստված կկամենա,- Կարեն Դեմիրճյանին աչքերը հառելով՝ պատասխանեց Արմեն Խաչատրյանը։

robert amirxanyan

Մանդատ ստանալու հարցը՝ որքան հասկացա մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի լարվածությունից, նրա կյանքում անկյունաքարային իրադարձություն էր։ Իմ հարցին, թե մի՞թե իրեն երաժշտական բնագավառում չէր կարողանում ինքնաիրացնել (սա վարչապետ Արմեն Դարբինյանի բառն է) եւ այդ նպատակով նոր ոլորտներ է փնտրում, մաեստրոն բացատրեց.

– Եթե կուզեք, ասեմ, որ տարիներ շարունակ ես ապրել եմ հենց նույն պատգամավորի կյանքով։ Դռներ թակելով փորձել եմ մարդկանց ապացուցել, որ մեր ազգի իրական դիմագիծը պահպանելու համար մեզ հարկավոր է մշակութային հոգատարություն։

– Իսկ ճի՞շտ են այն լուրերը, որ ձեր ընտրատարածքում հօգուտ ձեզ կեղծիքներ են եղել եւ որ ձեզ աջակցել են ՆԳ ուժերը։

– Ինձ համար ձեր ասածը բացարձակ նորություն է։ Եթե ինձ աջակցել են «Միասնություն» դաշինքը կամ այլ անձինք, կարծում եմ՝ նրանք իմ առաքելության միջոցով կարողացել են կարեւորել այն խնդիրները, որոնք կարեւոր են բոլորիս համար։

(Դահլիճում ամենաուրախը եւ ամենահմայիչը ԿԸՀ քարտուղար Արմինե Զոհրաբյանն էր՝ իր գեղեցիկ սպիտակ վարդերի փնջով)։

Leonid Hakobyan

Լեոնիդ Հակոբյանն էլ պակաս չէր կարեւորել այս միջոցառումը եւ իր հետ բերել էր նաեւ իր թոռնուհուն։

– Պրն Հակոբյան, բոլորին շնորհավորում էիք եւ թփթփացնում նոր պատգամավորների ուսերին։ Հասցրե՞լ եք բոլորին ճանաչել։

– Ո՛չ։ Շատերի գործունեությանն ու ունակություններին ծանոթ չեմ։ Հավանաբար, կարճ ժամանակ անց հնարավոր կլինի խոսել այդ մասին։ Պայթեցին շամպայններ, ցածրաձայն նաեւ խմվեցին կենացներ։

Բայց դահլիճում պատգամավորները երկար մնալ չցանկացան։ Շտապեցին իրենց՝ ամեն դեպքում օրինականացված մուտքը ԱԺ, նշել այլ տեղ, ավելի նեղ ու հարազատ միջավայրում։ Իսկ միմյանց տեսնելու պատեհություն նրանք դեռ մի ամբողջ չորս տարի կունենան։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930