Նախագահող դատավոր Ալվարդ Հունանյանի, դատավորներ Խաչատրյանի, Մանուկյանի ասնակցությամբ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանում երեկ շարունակվեց Բաքվի ջարդերից մազապուրծ փախած Բելլա Բաբաեւայի քաղհայցի քննությունն ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի եւ քաղաքապետարանի։
Դատարանը հարցում էր արել, թե արդյո՞ք թաղապետարանը հնարավորություն ունի բնակարանով ապահովել Բելլա Բաբաեւային (հիշեցնենք, որ Բ. Բաբաեւան ջարդերից հետո բնակություն էր հաստատել Հարավ-արեւմտյան թաղամասի Շերամի փողոցի շենքերից մեկում, եւ երբ 10 օրով բացակայել էր հանրապետությունից, տուն էր վերադարձել՝ տեսնելով դուռը ջարդած եւ տունը բնակեցված- Ռ. Մ.)։ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանն ի պատասխան դատարանի հարցման տեղեկացրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ է հատկացվել Աննա Գրիգորյանին (բանավոր է ներկայացրել, որ ինքը ազատամարտիկի այրի է- Ռ. Մ.) տունը, որ «ներկայումս հարյուրավոր ընտանիքներ են հաշվառված եւ թաղապետարանը հնարավորություն չունի բավարարել նրանց բնակարանով» եւ սակայն, թաղապետարանը չէր նշել, թե այդ հարյուրավոր փախստականների, ազատամարտիկների կողքին հաշվառված եղե՞լ է Ա. Գրիգորյանը։ Թաղապետարանը, չգիտես ինչու, դատարանի հարցումը որակել էր խնդրանք եւ ձեւակերպել պատասխանում, թե՝ «ի պատասխան դատարանի խնդրանքի» հնարավորություն կտա Բելլա Բաբաեւային Հաղթանակ գյուղի հանրակացարանում ժամանակավոր կացարան ունենալ։ Նախագահող դատավորի հարցին, թե համաձա՞յն է Բաբաեւան ժամանակավոր կացարանում բնակվելու, վերջինս մերժողական պատասխան տվեց։ Աննա Գրիգորյանն իր հերթին ասաց, որ ինքն էլ չի ապրի ժամանակավոր կացարանում, քանի որ ապրում է «օրինական իրեն հատկացրած բնակարանում»։
Բ. Բաբաեւայի շահերի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական բռնությունների» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը դատարանին տեղեկացրեց, որ Աննա Գրիգորյանը 1994-ին է դիմել փախստականների վարչություն՝ կարգավիճակ ստանալու համար։ Եվ որ 1994-97 թթ. չի դիմել թաղապետարանին «գրավոր հայցելու» համար։ Փաստորեն, որպես բնակարանի կարիք ունեցող դիմել է նա 1997-ի դեկտեմբերին, երբ արդեն մուտք էր գործել վիճելի բնակարան։
Լ. Ալավերդյանի կարծիքով, օրինական չի համարվում Ա. Գրիգորյանի բնակվելու փաստը։ Տեղեկացվեց նաեւ, որ Ա. Գրիգորյանն աշխատել է վերոհիշյալ թաղապետարանում. «Չի եղել գրավոր թույլտվություն Վ. Զատիկյանի կողմից այսպիսի ներխուժման համար». սա ամփոփիչ նախադասությունն էր այս վիճելի պատմության։
Կարդացեք նաև
Ընդհանրապես, փախստական Բ. Բաբաեւայի հարցի լուծումը Լ. Ալավերդյանը կապում էր ՀՀ կառավարության 1992 թ. ապրիլի 29-ին ընդունված 255 որոշման հետ (մասնավորապես, 16 հոդվածի), որն առայժմ միակ կարգավորիչն է հանրապետությունում փախստականների բնակարանային հարցի լուծման։
Ի վերջո, դատական նիստն ավարտվեց եւ դատարանն առաջնորդվելով քաղ. դատ. օր. 218 հոդվածով որոշեց Բելլա Բաբաեւայի հայցը բավարարել, նրա բնակարանային իրավունքը վերականգնել, ճանաչել։ Դատարանն անվավեր ճանաչեց քաղաքապետարանի օրդերը, միեւնույն ժամանակ որոշեց Աննա Գրիգորյանին իր երեխայի հետ վտարել վիճելի բնակարանից՝ նրան բնակեցնելով Հաղթանակի հանրակացարանում։
Դատին ներկա ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ Լորենս Մըկբանսոնը բջջային հեռախոսը տեղավորելով թեւի տակ ծափահարեց։ Ծափահարեցին նաեւ ներկա գտնվողները։ Ըստ էության դատը շահեցինք։ Սակայն արդյո՞ք դրանից հաղթեց մեկ այլ փախստական։ Եվ գործադիր իշխանության մեղավորության պատճառը չէ՞ր, որ միմյանց դեմ կանգնեցին միաժամանակ սոցիալական նույն կարգավիճակն ունեցող անձինք։ Գրեթե նույն իրավունքներն ունեցողները։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ