Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՉԿԱ»

Հունիս 09,1999 00:00
nerdrum

Հարցազրույց Գագիկ Խաչատրյանի հետ

1995 թվականին Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ ստեղծվեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը։ Կարճ ժամանակահատվածում հիմնադրամը սկսեց հանրապետությունում իրականացնել սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման ծրագրեր։ Ծրագիրը համայնքների զարգացման ծրագիր էր, ֆինանսավորում էր Համաշխարհային բանկը։

Արդեն 1996-ին ծրագիրը դարձավ ՀԲ-ի առաջնային ծրագրերից մեկը։ Սոցներդրումների հիմնադրամը յուրաքանչյուր եռամսյակը մեկ հաշվետվություն էր տալիս անձամբ ՀԲ-ի տնօրենին։ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը դարձավ նախկին սոցիալիստական երկրների համար ուսուցման կենտրոն։ Գագիկ Խաչատրյանը «արհեստավարժ» կառավարության ճնշումներին չենթարկվելով, հրաժարական տվեց 1998-ին, հակառակ դեպքում կառավարությունը «արհեստավարժ» ձեռքով կքանդեր արդեն կայացած եւ հաջողությամբ գործող կառույցը։

Գագիկ Խաչատրյանի հրաժարականից հետո, ՀԲ-ը անմիջապես նրան վերցրեց իր մոտ աշխատանքի։ Այսօր Գագիկ Խաչատրյանը ՀԲ-ի խորհրդատուն է Բուլղարիայում։

– Պարոն Խաչատրյան, դուք որպես ՀԲ-ի խորհրդական, արդեն մի քանի ամիս է, աշխատում եք Բուլղարիայում։ Ի՞նչ է նշանակում լինել ՀԲ-ի խորհրդական որեւէ երկրում։

– Իրականում այս ծրագրի շրջանակներում, ես ոչ թե ՀԲ-ի խորհրդականն եմ, այլ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի խորհրդականն եմ։ Ճիշտ է, դա ՀԲ-ի ծրագիրն է, բայց Բուլղարիայի կառավարությունը (չգիտեմ ի՞նչ պատճառներով) որոշել է, որ ծրագրի իրականացումը պատվիրի UNDP-ին։ Բայց ես նաեւ ուրիշ երկրներում ՀԲ-ի խորհրդական եմ, այդ թվում նաեւ՝ Ուկրաինայում։

– Փաստորեն, սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման ծրագրերի մեծ փորձ ունեք, եւ ձեր կողմից ստեղծված հիմնադրամը գերազանց արդյունքով է աշխատում։ Այլ երկրներում ի՞նչ վիճակում են նման հիմնադրամները, մասնավորապես Բուլղարիայում, որտեղ այժմ աշխատում եք։

– Իրականում Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի փորձն իրոք շատ հարուստ է, այդ փորձը հարստացավ նաեւ այն ժամանակ, երբ մենք աշխատում էինք Վրաստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Ալբանիայի հետ։ Այս երկրներին մենք օգնում էինք սոցներդրումների հիմնադրամներ ստեղծել։ Բուլղարիայում այս աշխատանքները սկսվել են մոտ մեկ տարի առաջ, այժմ բավականին առաջընթաց կա։ Մոտ 17 հոգիանոց նախապատրաստական գրասենյակ է աշխատում։ Մոտեցումները շատ ավելի պարզ են, մասնավորապես, այն ամբողջ խթանման փուլը, որ մենք ունենք՝ համայնքի ժողով, ծրագրերի առաջարկ եւ ընդունում։ Այս ամենը նրանց մոտ մաքսիմալ պարզեցված է եւ իրականացնում են մունիցիպալիտետները։ Հենց նրանք են իրենց խնդիրները ներկայացնում ծրագրին, ստանում են ֆինանսավորում, ներդրումը կատարվում է կառավարության տրամադրած լրավճարների հաշվին։

– Այսինքն, Բուլղարիայում աշխատանքներն ավելի դյուրին են իրականացվում, քան կատարվում էր Հայաստանո՞ւմ։

– Խնդիրն այն է, որ մեր նպատակներն են տարբեր։ Նրանց նպատակը գործազրկության դեմ պայքարն է, աշխատատեղերի ստեղծումը։ Իսկ մեզ մոտ բացի դրանից, կային ենթակառուցվածքների զարգացման խնդիրը, ինչպես նաեւ համայնքների զարգացման խնդիրը։ Բուլղարիայում գործազրկությունը պաշտոնապես 17 տոկոս է կազմում, իրականում ավելի բարձր է եւ նրանք իրենց խնդիրն ունեն՝ ծրագրի միջոցով զբաղվածության խնդիր լուծել։

– Ծրագիրը բուլղարական գործազրկության քանի՞ տոկոսն է լուծում։

– Ծիծաղելի է ասել, բայց մեկ տոկոսն էլ չի լուծում։ Նրանք այս մոտեցումը որդեգրել են, բայց, ըստ իս դա այն ճիշտ ձեւը չէ, որով պետք է պայքարել գործազրկության դեմ։ Հիմա մտածում ենք ծրագրերի մեջ մտցնել որոշ փոքր արտադրությունների աջակցություն, որը եւս որոշ չափով կնվազեցնի գործազրկությունը։

– Ձեր բացակայության 7-8 ամիսների ընթացքում հետեւե՞լ եք ՀՍՆՀ-ի աշխատանքներին, եթե հետեւել եք, ի՞նչ տպավորություն ունեք, ոչինչ չի քանդվե՞լ։

– Իհարկե, հետեւել եմ։ Տպավորությունն այն է, որ առաջին հերթին հաճելիորեն զարմացած եմ։ Աշխատանքները կայուն են, որովհետեւ աշխատող մեխանիզմում երբ կտրուկ փոփոխություն է կատարվում եւ ղեկավարություն է փոխվում Հայաստանում բերում են նրան, որ ավելի ցածր օղակներն էլ են փոխվում, ինչ-որ բաներ քայքայվում են, արդեն ստուգված, փորձի հիման վրա ճշտված բաները քանդվում են։ Նոր ղեկավարները համարում են, որ իրենք կարող են իրենց ձեւով ամեն ինչ կարգավորել, բայց արդյունքում ստացվում է, որ աշխատող կառույցը շատ արագությամբ քայքայվում է։ Սոցներդրումների դեպքում այդ բանը տեղի չի ունեցել, Աշոտ Կիրակոսյանը շատ կիրթ քաղաքականությամբ մոտեցավ, եւ համենայնդեպս առաջին ամիսներին կտրուկ որեւէ բան չուզեց փոխել։ Գուցե ինչ-որ պլաններ ունի, բայց լավ է, որ մտավ գործի մեջ եւ արդեն, եթե ինչ-որ բան փոխի, կփոխի որպես մարդ, որը գործից հասկանում է։

– Եթե ձեզ Հայաստանում աշխատանք առաջարկվի, դուք կվերադառնա՞ք։

– Ինձ Հայաստանից չեն արտաքսել, ես աշխատանքային պայմանագրով աշխատում եմ այլ երկրում։ Չեմ կարծում, թե շատ երկար կմնամ։ Վերադարձս կախված կլինի ոչ միայն նրանից, թե ի՞նչ աշխատանք կառաջարկեն, որովհետեւ իմ աշխատանքը վատը չէր։ Բայց մի քանի բաներ, օրինակ՝ մթնոլորտը, հարաբերությունները, կառավարման համակարգը քանի դեռ նույնն է մնում, ես ցանկություն չունեմ գալու։

– Հայաստանի տնտեսությունն ինչպե՞ս է ընկալվում դրսում, ի՞նչ վերաբերմունք կա Հայաստանի նկատմամբ։

– Չի ընկալվում։ Նախ, քչերը գիտեն մեր տնտեսության մասին։ Հայաստանը համաշխարհային կյանքի մեջ չկա։ Ամենահասարակ օրինակը՝ եղանակը հաղորդում են, Հայաստանը քարտեզի վրա չկա։ Այս երկիրը ոչ մեկին չի հետաքրքրում, հետաքրքիր չի։ Հայաստանը աշխարհի աչքից դուրս եկավ, քանի որ տնտեսական հետաքրքրություն այստեղ աշխարհը չգտավ։ Քաղաքական հետաքրքրությունները գնալով նվազում են, որովհետեւ պատերազմը կարծես վերջացավ, ուժերը քիչ թե շատ պարզ է, թե ոնց են դասավորված, օգնություն է, մեկ-մեկ տալիս են։ Ի՞նչ է մնում՝ մշակութային հետաքրքրություն, դա էլ չկա։ Այնպես որ, շատ տխուր է, որ Հայաստանը հայտնվել է չեզոք գոտում։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930