Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցիոլոգիական» խարդավանքներ

Հունիս 09,1999 00:00
harcum

Հետխորհրդային սկզբնական փուլում ընտրությունների կանխատեսման նպատակով սոցիոլոգիական հետազոտություններ էին կատարում որոշ կուսակցություններ կամ հասարակական-քաղաքական կազմակերպություններ։

Իրենց ուժերով կազմում էին «հարցաթերթիկներ», իրենց կուսակիցներով հարցումներ կատարում, միայն իրենց հայտնի ընտրազանգվածում, ապա՝ մասսայականացնում ստացված տվյալները։

Այնուհետեւ երեւան եկան մասնագետ սոցիոլոգներ, խաղը բարդացավ։ Քանի որ քաղաքական դաշտը աչքի չէր ընկնում մեծ խայտաբղետությամբ, եւ հասարակական-քաղաքական պրոցեսները հեշտ էին «կառավարվում» եւ հենց կառավարողներն էին հետազոտությունների հիմնական պատվիրատուն, ուստի մեր որոշ «բարեխիղճ» սոցիոլոգներ հանդես էին գալիս այդ անձանց վերաբերյալ տվյալներն ուռճացնելով։ Հաճախ կանխատեսումների սխալը հասնում էր 20 եւ ավելի տոկոսի։ Եվ դա համարյա ձեռագիր էր դարձել։ Թվում է, թե իրեն հարգող սոցիոլոգը ձեռնպահ կմնա նման կանխատեսմամբ զբաղվելուց, մանավանդ ակնհայտ են մեր ընտրողի այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու մոտիվների բարդությունը, ընտրությունների կազմակերպման «յուրահատկությունները» եւ այլ խոչընդոտներ։ Սոցիալական կառուցվածքի, բնակչության կրթական մակարդակի, այդ երկուսի միջեւ մեծ անհամապատասխանության վերաբերյալ լուրջ գիտական հետազոտությունների բացակայությունը մեծ կասկածի տակ է դնում սոցիոլոգիական հետազոտությունների մի որոշ մասի արժանահավատությունը։ Սակայն, զարմանալին այն է, որ ինչպես նշվեց, տվյալների բարձրացման տակտիկան անընդհատ կրկնվում է, որը կասկած է հարուցում. արդյո՞ք մասնագիտական սխալի հետեւանք է դա։

Ինչ է տալիս թեկնածուների վարկանիշի արհեստական բարձրացումը։ Մի շարք սոցիալ-հոգեբանական հետազոտությունների վրա հիմնվելով կարելի է ասել, որ այն նպաստում է թեկնածուի վարկանիշի հետագա բարձրացմանը։ Չեմ կասկածում, որ թեկնածուների ռեկլամի գործն էլ իրենց ուսերին վերցրած սոցիոլոգները խորհրդային ժամանակների փորձը լավ են յուրացրել՝ միեւնույն հետազոտությունը երկու տեսքով ներկայացնել, մեկը՝ ծառայական օգտագործման համար, մյուսը՝ մասսայականացման։ Դժվար է ասել, արդյո՞ք, սոցիոլոգի բարոյական կոդեքսը թույլ է տալիս նման արարք գործել անգամ մտավորականի համար այս ծանր տնտեսական պայմաններում։ Չէ՞ որ դա ոչ թե քարոզչություն է, այլ խարդախություն։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե այս կարգի աշխատանքների հիմքը հետազոտողի սոցիալ-հոգեբանական գիտելիքների պաշարն է եւ ձգտումը գիտականորեն վարել քարոզարշավը։ Մեզ թվում է, որ նման ուսումնասիրություններն ամենից առաջ խարդախ ճանապարհով նպատակին հասնելու շղարշ են։ Դրանք կարծես ժողովրդին նախապատրաստում են կատարվելիք փաստին, իսկ թե ինչ ձեւերով է դա կատարվելու, իրենք լավ գիտեն։

Վերջին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անցկացվեցին բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններ։ Մեր ընտանիքին նույնպես բախտ վիճակվեց ծանոթանալ մեկ-երկու հարցաթերթիկի։ Խղճում եմ պատվիրատուներին։ Սակայն այս ամենը դեռ չարյաց փոքրագույնն է։

Բազմաթիվ բնակիչներ հաստատում են, որ իրենց բնակարան են գալիս երիտասարդներ, թուղթ ու մատիտը ձեռքներին, առանց հարցաթերթիկի, ներկայանում որպես սոցիոլոգներ եւ կասկածելի հարցեր պարզում։ Որպես կանոն, նրանք որոշ շենքերում լինում են համատարած բոլոր բնակարաններում, շրջանցելով պատգամավորության թեկնածուի բնակարանը։ Հետեւությունը թողնենք ընթերցողին։ Այդ նույն տարածքներից ընտրության օրը «ուսումնասիրված» անձանց ավտոմեքենաներով էին տանում ընտրատեղամաս եւ այլ բարիքներ պարգեւում։ Պատգամավորության որոշ թեկնածուների կամ նրանց կողմնակիցների շենքերում համատարած «սոցիոլոգիական» հետազոտությունների տվյալները միգուցե անհրաժեշտ էին ընտրությունների կազմակերպիչներին։ Դա էլ թող ծանրանա նրանց խղճին։

Սրանք դեռ փաստերի չնչին մասն են միայն, եւ այս երեւույթները հետագա բազմակողմանի գիտական ուսումնասիրման կարիք են զգում։ Սակայն տողերիս նպատակը դա չէ։ Հարգելի սոցիոլոգներ, այս ամենը աննկատ չի մնում։ Խիստ քննադատական ելույթներ են ունենում հասարակական եւ քաղաքական գործիչները ինքնաբերաբար ծանր հարված հասցնելով, թե՛ սոցիոլոգ գիտնականների եւ թե՛ սոցիոլոգիա գիտության հեղինակությանն ընդհանրապես։

Ես ցանկանում եմ կոչ անել մեր սոցիոլոգներին, որոնց շրջանում մեծ թիվ են կազմում բարձրակարգ մասնագետները. պայքարել այս խայտառակ երեւույթների դեմ, անաղարտ պահել առանց այդ էլ երկար տարիներ փակի տակ պահված, Հայաստան ուշ մուտք գործած այս հիասքանչ գիտության՝ սոցիոլոգիայի հեղինակությունը։

ՌՈՒԲԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930