Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Հունիս 09,1999 00:00
gyumri

Մամուլն արդեն գրել է, որ հանրապետության նախագահի հատուկ հյուրի կարգավիճակով Հայաստան է ժամանել հայտնի գործարար Ջոն Հանթսմանը։

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ջոն Հանթսմանը այցելեցին Գյումրի։ Գյումրիում նախկին Լուկաշինի անվան մանվածքային ֆաբրիկայի տարածքում ամերիկացի գործարարի տրամադրած միջոցների հաշվին կառուցվել է բնակելի թաղամաս։ «Հանթսման բնակելի թաղամասի» կառուցման արժեքը կազմելու է 10 մլն դոլար։ Թաղամասը գտնվում է Շիրակի մարզպետարանի դեմ-դիմաց։ Բարձրաստիճան հյուրերի պատվին մարզպետարանի հակառակ մայթին գտնվող հին՝ խորհրդային տարիներից մնացած «փառքի ու եսիմ ինչի պատվո տախտակի» մուրճ ու մանգաղի խճանկար պատկերի վրա ցուցանակ էր տեղադրված։ Ցուցանակում նշված էր, որ շինարարության պատվիրատուն Գյումրիի քաղաքապետարանն է, կապալառուն՝ ՀՀ երկաթգծի դեպարտամենտը։

Շինարարության սկիզբն ավետող հանդիսավոր միջոցառմանը 2-3 հարյուր գյումրեցիներ էին հավաքվել։ Պարոն Հանթսմանին առաջինը դիմեց մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը։ «Փառքի ու պատասխանատվության մեծ զգացումով ողջունում ենք Ձեր այցը մեր քաղաք»։ Եվ ընդհանրապես, «բարերար, հումանիստ եւ մեծ մարդ Հանթսմանն այս կոթողով մեզ հետ, հայ ժողովրդի պատմության հետ գնում է հավերժություն»։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պարոն Հանթսմանի հետ նույն օրը Երեւանում բացվել է գործարան, եւ որ Հանթսմանը իր այս այցի ժամանակ Հայաստան է ժամանել ՀՀ քաղաքացու անձնագրով։ Մի փոքր առաջ ամերիկացի գործարարը նշել էր. «Ինձ համար մեծ պատիվ է հայ կոչվելը»։

Հետո հանդիսությունը նմանվեց գրական երաժշտական կոմպոզիցիայի։ Միկրոֆոնը տրամադրվեց մարզպետարանի մշակույթի բաժնի պատասխանատուին։ Նա պոետականացված խոսքով Հանթսմանին որպես նվեր մատուցեց դուդուկ, փոքր գորգ եւ սիմվոլիզմի ոճի մի արձանիկ։ Ելույթ ունեցավ Գյումրիի հին ու եզակի մնացած հպարտություններից մեկը՝ Շաբոյանի հանրահայտ խումբը։

Այնուհետեւ գործարար-բարերարին հանձնվեցին շինարարության թույլատրության փաստաթղթերը։ Հետո բացվեց ցուցանակը, այն ասում էր՝ «կկառուցվի 404 բնակարան, մարզադաշտ, դպրոց»։ Երեւանից ժամանած պատվիրակության կազմում էին արտգործ եւ քաղաքաշինության նախարարները։ «Կառուցենք ու պաշտպանենք» կարգախոսի կիրառությունը մի քանի օր շուտ սկսվեց։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930