Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ. ՕՐԵՆՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ»

Հունիս 09,1999 00:00

Քմծիծաղեց Վիգեն Խաչատրյանը

Հունիսի 3-ին «ԳԱ»-ում հրապարակված հարցազրույցում «Միկա» ՍՊԸ-ի եւ «Հայնավթգրուպ» ընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովը հիշեցրել էր, որ «Օրագիրը» չի կատարել դատարանի պահանջը՝ իրենց 25 հազար դոլարի վնասը փոխհատուցելու վերաբերյալ։ Նաեւ նշել էր, թե նոր հայցով չի դիմի. «Դատավճռի կատարումը դատարանի պատվի խնդիրն է»։

Մունդիրի տեղ-տեղ պատիվը

Նաեւ մեր թերթն է բազմիցս անդրադարձել Այգեստանի 9-րդ փողոցում գտնվող մի տան պատմությանը՝ դատարանի վճռով իրենց իրավունքները վերականգնած սեփականատերերը չեն կարողանում իրենց տանը վերահաստատվել, քանզի Իրանի դեսպանատան բարձրաստիճանները ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել այդ առանձնատանն իրենց լիովին տեր ու տիրական զգալու մտադրությունից։ Իրական սեփականատերն էլ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը ձեռքին՝ չի կարողանում այն իրականացնել. Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը այս խնդրում անզոր է. նուրբ խնդիր է, միջազգային գրեթե։

Այլ է «Օրագրի» պարագան։ Պետական գրեթե որեւէ մարմին չկա, որ շահագրգռված չլինի, որ այս թերթը լույս չտեսնի։ Ուստի հարկադիր կատարողները երեկ հայտնվեցին «Օրագրի» շեմին։ Թերեւս «Օրագիրն» էլ էր թերացել, որ չէր էլ փորձել բողոքարկել դատավճիռը, հետեւողականորեն անտեսել էր այդ մասին հիշեցումները (այս ամենի վերաբերյալ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները՝ հաջորդիվ)։

Թերեւս ենթադրել էին, որ ինչպես նախորդ իշխանությունների օրոք հաջողվեց չկատարել «Հայաստան» հիմնադրամի շահած դատի վճիռը՝ քսան հազարից ավելի դոլար վնասը փոխհատուցելու վերաբերյալ, այժմ էլ հեշտ կպրծնեն։ Բայց պիտի որ աչքի առաջ ունենային, թե գրեթե նախարար կամ քաղաքապետ չի եղել, որ զանցանքներ թույլ տված չլինի, բայց պատասխանատվության են ենթարկվում միայն ընդդիմադիր դիրքորոշում ունեցողները։ Նաեւ որոշ թերթերի վերաբերյալ էլ հրապարակավ բողոքներ են հնչում, թե նրանք անձի արժանապատվությունը վիրավորող որակումներ են զետեղում, սակայն իշխանամետները անարգել կարող են աջ ու ձախ ցեխ շպրտել, եւ իրավապահ մարմինները փորձ էլ չեն անի կարգի հրավիրել նրանց։

Հարկադիր կատարողները՝ գործի մեջ

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողը պիտի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացի լինի։ Երեկ օրվա առաջին կեսին նրանց արտահայտությունների (ձայնագրությունները պահպանել ենք) եւ վարվելակերպի ականատեսը դառնալով՝ խիստ կասկածներ ունեմ, որ գործ ունեինք առավելագույնը տարրական կրթություն ունեցողների հետ, որոնց ոչ մի կերպ չէր հաջողվում հասկացնել, թե անծանոթների հետ պետք չէ «դու»-ով խոսել, կնոջը չի կարելի ասել՝ «Քեզ չափի մեջ պահի», «Լեզվի ֆուտբոլ հո չի» եւ ընդհանրապես, պետք չէ քամահրական վերաբերմունք ցուցաբերել մարդկանց հանդեպ։ Ըստ էության, «Օրագրի» աշխատակիցների եւ նրանց միջեւ լարվածության եւ փոխադարձ վիրավորանքների պատճառը հենց կատարողների՝ դեռ շատ մեղմ նկարագրված պահվածքն էր։

Երկրորդ կեսից (այս ամբողջ պատմությունը շուրջ 5 ժամ տեւեց) հարկադիր կատարողները վերջապես շեշտադրումները փոխեցին։ Ի դեպ, նրանց այսպես ընդհանրական ենք նշում, քանզի տեւական ջանքերից հետո հաջողվեց պարզել, թե պետական որ մարմինն են ներկայացնում, բայց մինչեւ վերջ էլ չհաջողվեց նրանց անուն-ազգանուններն իմանալ։ Մեկ բացառությամբ՝ պարզեցինք, որ այդ «օպերացիայում» գլխավորը այդ ծառայության Երեւանի ստորաբաժանման պետի տեղակալ Դավիթ Ֆալխոյանն էր, որն էլ նախապես «Առավոտին» խոստացավ պարզաբանումներ ներկայացնել, սակայն մինչեւ վերջ կցկտուր, այս կամ այն կատարողից լսած տվյալները համադրելով, հազիվ կարողացանք պատկերացում կազմել նրանց գործողությունների իրավական հիմնավորվածության վերաբերյալ։ Հետո ուսումնասիրելով դատական ակտերի հարկադիր կատարմանը վերաբերող երկու օրենքները, պարզեցինք, թե բավական անմխիթար էր պատկերը՝ հիմնավորվածության առումով։

Ինչպես էին օրենքի պաշտպանները խախտում օրենքը

Դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության մասին օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, կողմերին հնարավորություն պիտի ընձեռվեր ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին։ Այս դրույթը լիովին անտեսվեց։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ «Պարտապանն իրավունք ունի առաջարկել իր գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը»։ Որեւէ մեկն «Օրագրի» աշխատակիցներին չասաց իրենց այդ իրավունքի մասին, եւ հարկադիր կատարողներն անմիջապես որոշեցին, թե բռնագանձելու համար իրենց ոչ թե խմբագրության կահույքը, հեռուստացույցը կամ սառնարանն է անհրաժեշտ, այլ հենց համակարգիչները։ Դե, ինչպես այստեղ չհամոզվես, որ նպատակը հենց «Օրագրի» հրատարակումը դադարեցնելն էր։

Եթե դեռ կասկածներ մնացել են, նշենք, որ այդ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն, պարտապանի գույքի վրա արգելանք դնելիս անհրաժեշտության դեպքում կարելի է միայն օգտագործման իրավունքը սահմանափակել։ Հարկադիր կատարողն ինքն է դա որոշում՝ հաշվի առնելով նաեւ այդ գույքի նշանակությունը։ Խոսք անգամ չկար այս հնարավորության մասին։

Եվ այս ամենն այն պայմաններում, երբ «Օրագրի» աշխատակիցներն ի սկզբանե հայտարարեցին, որ առկա չորս համակարգիչները խմբագրության սեփականությունը չեն, առանձին անձանց են պատկանում։

Առանց իսկ փորձ անելու ստուգել այդ հայտարարությունների իսկությունը («Ուրիշինն է՝ թող հետո գան դատարան դիմեն»,- ասում էին նրանք։ Ի դեպ, արգելանքից հանելու հայցերը մեկամսյա ժամկետում են քննվում) հարկադիր կատարողները փորձ արեցին համակարգիչները խմբագրությունից տանել։ Այստեղ արդեն «Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ու աշխատակից Հայկ Գեւորգյանի նյարդերը տեղի տվեցին ու նրանք փորձեցին խոչընդոտել այս գործողությունները։ Համակարգիչները հետ նվաճելու փորձերը պսակվեցին քաշքշոցով եւ հարկադիր կատարողների ֆիզիկական ուժի կիրառմամբ։ Վերջինիս իրավունքը նրանք օրենքով ունեն՝ իրենց ցույց տրված դիմադրության դեպքում։ Բայց պարտավոր էին (դարձյալ օրենքով) նախ նախազգուշացնել ֆիզիկական ուժ «կիրառելու մտադրության մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար»։ Հարկադիր կատարման ծառայության մասին օրենքի այս՝ 16-րդ հոդվածն էլ ոտնահարվեց։

Ամենակարեւոր խախտումը՝ վերջում. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի համաձայն, չի կարող բռնագանձում տարածվել «պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների (…) վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի վճռով զրկված է համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից»։ «Օրագրի» հրատարակությունը դատավճռով կասեցված չէ, ուստի թերթի համակարգիչներն այս դեպքում պիտի անձեռնմխելի լինեին։

Զինադադար

Անհնար է պատկերացնել, թե ինչ ավարտ կունենար այս պատմությունը, եթե քաշքշոցի ամենաթեժ պահին (ի դեպ, Նիկոլ Փաշինյանին այնպես հրեցին, որ գետնին ընկավ։ Ձեռքերն արյունոտվել էին համակարգիչների համար պայքարելիս) ԱԺ պատգամավորներ չհայտնվեին։ Վահագն Խաչատրյանի ջանքերի շնորհիվ հարկադիր կատարողները սկսեցին պարզել այն, ինչ թերեւս ի սկզբանե պիտի արվեր՝ թե ինչ գույք, սեփականություն ունի «Օրագիրը», հաշվապահական փաստաթղթերն ինչ վիճակում են եւ այլն։

Այլեւայլ մանրամասները շրջանցենք՝ ի վերջո, բռնագանձեցին «Օրագրի» դրամարկղում առկա 40 հազար դրամը, իսկ փաստաբան Տիգրան Ջանոյանի՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ բանակցություններից հետո հրաժարվեցին համակարգիչներն իրենց հետ տանելու մտադրությունից, դրանք կնքելով «Օրագրին» սենյակակից «Ակումբ-65»-ում։ Մինչեւ պատկանելության եւ մնացյալ այլ հարցերը հստակեցվեն։

Հավասարակշռությունը պահպանելու փորձ

Ընթացքում զրուցեցինք «Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ։

– Եթե «Միկա-Արմենիայի» օգտին կայացրած դատավճռի հետ համաձայն չէիք՝ ինչո՞ւ «Օրագիրը» չփորձեց բողոքարկել այն այլ ատյանների դատարաններում։

– Սերժ Սարգսյանի դեպքում մենք դիմեցինք Վերաքննիչ դատարան ու տեսանք, թե ինչ կատարվեց։ Ես նորից այդ ձեռառնոցիին մասնակցելու ցանկություն չունեմ։ Գնալ, անընդհատ այդ միմոսությանը մասնակցել… տխուր էլ է, որ դատական նիստին մասնակցում, ինչ-որ փաստարկներ ես բերում, բաներ ասում ու զգում, որ դատավորը քեզ չի էլ լսում։

– Այնուամենայնիվ, դատարանի վճիռը չկատարելու դեպքում չէի՞ք ենթադրում, որ հետեւելու են նման գործողություններ։

– Հեռանկարը կռահելու խնդիր մեր առջեւ չէինք դրել։ Սկզբունք ունեմ, որ օրվա հոգսը բավ է օրվա համար։ Մենք մեր թերթի կայացման հոգսով էինք ապրում, որ ամեն համար ավելի լավը լինի։ Մնացածի մասին չենք մտածում։

– Ծառայության աշխատակիցները պնդում էին, որ ձեզ տուգանել, մի երեք անգամ զգուշացրել էին վճիռը կատարելու անհրաժեշտության մասին եւ հրաժարվել էիք անգամ ծանուցագրերը ստանալ։

– Այո, ես հրաժարվել եմ, քանի որ եթե ստորագրեի այդ ծանուցագրերը՝ անիմաստ կդառնար ասուլիսում իմ հայտարարությունը, թե դատավճիռների իրականացումն անհնարին ենք համարում։ Պատճառաբանել էինք, թե ինչու ենք այդպես գտնում։ Արդեն իմ դիրքորոշումն արտահայտել էի բոլոր հնարավոր գործողությունների վերաբերյալ եւ այն անփոփոխ է մնացել։

– Ընդհանուր առմամբ, ձեր կարծիքով, եթե որեւէ թերթ չի կարողանում իր գրածն ապացուցել, հիմնավորել, ի՞նչ քայլեր դրան պիտի հետեւեն։

– Իսկ ո՞վ ասաց, որ մենք մեր գրածը չենք կարողացել ապացուցել։ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանել է, թե ինչ միջոցներով է դատարանում այս կամ այն բանն ապացուցվում։ Եվ մի շատ կարեւոր հոդված կա, որ եթե պատասխանող կողմը հնարավորություն չունի ապացույցները ձեռք բերել, բայց գիտի, թե որտեղ են գտնվում դրանք՝ միջնորդում է դատարանին եւ վերջինս է պահանջում այդ ապացույցները։ Մենք միջնորդել էինք, որ ներկայացվեն «ԱՄՖ» ՍՊԸ-ի, «Հայնավթգրուպի», Ֆրանսիայում գրանցված «Եվրոֆուդ» կազմակերպության կանոնադրությունները։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք այդ ամենն ունենք եւ ասուլիսում այդ փաստաթղթերը ցույց ենք տվել։ Բայց օրենքով չնախատեսված կարգով ձեռք բերված փաստաթղթերը չեն կարող ապացույց համարվել։ Այսինքն՝ ես պաշտոնապես նամակ չեմ ուղարկել Փարիզ, եւ ինձ այնտեղից պաշտոնապես չեն ուղարկել «Եվրոֆուդի» կանոնադրությունը։ Թերթն իր աղբյուրներն ունի, որոնք էլ տրամադրել էին այդ փաստաթղթերը։ Դրանցով հստակ երեւում է «ԱՄՖ» ՍՊԸ-ի, «Երեւան» հյուրանոցի, Սերժ Սարգսյանի եւ Միխայիլ Բաղդասարովի կապը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Այսօր «Օրագիրը» լույս չի տեսնի։ Երեկ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը խոստացավ գործարարներին կոչով դիմել, որ հավաքեն այդ 25 հազար դոլարը եւ նաեւ իր դեմ գրող թերթին ազատեն այդ պարտքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930