Ընտրություններից առաջ ընտրակաշառքների մասին գրված հոդվածները դատախազությունում լուրջ արձագանք գտան ընտրությունից հետո, երբ բաժանված շաքարը վաղուց արդեն թեյի մեջ էր, իսկ ալյուրը նույն օրն էր դարձել հաց։ Հիմա դատախազությունը այդ հոդվածների առնչությամբ գործեր է հարուցում՝ հաստատ համոզված, որ դրանից ոչինչ չի ստացվի։
Նախորդ օրը խմբագրություն զանգահարած Մարտունու դատախազության աշխատակիցը խնդրում էր, որ լրացուցիչ տվյալներ ներկայացնենք ընտրակաշառքների մասին, մինչդեռ որպես ընտրակաշառք անցկացվող խողովակաշարերի եւ փորվող ջրհորերի մասին, որոնք տեսնում են բոլորը, դժվար թե որեւէ մեկը կարողանա լրացուցիչ բան ավելացնել։ Ուզում եմ ասել, որ մեր իրավապահները աշխատում են աչքերն ու ականջները փակ, քանի որ այդպես ավելի հեշտ է։ Ինչու եմ այս ամենը գրում։ Քանի որ վաղն էլ, նույն դատախազության մեկ այլ աշխատակից կարող է զանգահարել եւ շատ խիստ հարցնել, թե որտեղ է թաքնվում Շանթ Հարությունյանը, մինչդեռ նա շրջում է քաղաքում, եւ նրան կարելի է հանդիպել նույնիսկ հրապարակամերձ սրճարաններում։ Այդպիսի սրճարաններից մեկում էլ զրուցեցինք Շանթի հետ, որը խիստ վրդովված էր, որ օրինականության եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը կոչված դատախազությունը ինքն է, հանձինս իր աշխատակիցների, դարձել այդ իրավունքների ոտնահարողը։
Շանթ Հարությունյանը պարզաբանեց, որ դատախազությունը միտումնավոր կերպով խեղաթյուրել է գործը, մեղադրելով իրեն մարդ ծեծելու, եւ ինչ-որ անհայտ անձանց իրեն ծեծելու մեջ։
Իրականում, Շանթ Հարությունյանը պատմում է, որ մայիսի 30-ի առավոտյան, ժամը 10-ին, երբ ինքը դուրս է եկել Նորքի 1-ին զանգվածի իր շտաբից, մի մեքենա անընդհատ փորձել է խանգարել իրեն՝ դուրս գալ երթեւեկելի մաս։ «Ասացի, արա, ի՞նչ ես վրես քշում», որին նրանցից մեկը պատասխանեց. «Դո՞ւ պետք է ասես, թե ոնց քշեմ», իսկ մյուսը՝ «Արան դու ես»։ Այս խոսքուզրույցն ավարտվում է նրանով, որ մեքենայի մեջ գտնվողներն իջնում են եւ ծեծի ենթարկում Շանթ Հարությունյանին, թեեւ վերջինս ներկայանում է, որ ինքը պատգամավորության թեկնածու է։ Ցեղակրոն կուսակցության առաջնորդը համոզված է, որ դա միտումնավոր սարքված միջադեպ էր։ Դատախազությունում հարուցված քրեական գործից այս հատվածը բացակայում է. այն սկսվում է դրան հաջորդող դեպքերով։ Ծեծից հետո Շանթ Հարությունյանը գումարում է կուսակցության խորհրդի նիստ, որտեղ որոշում է կայացվում՝ պատժել իրենց առաջնորդին ծեծի ենթարկողներին։
Կարդացեք նաև
«Մենք պարզեցինք, որ հարձակվողները զինվորական դատախազության աշխատակիցներ են։ Իմացանք նրանց հասցեն։ Սակայն ես առաջարկեցի սկզբում խոսել նրանց հետ։ Գնացինք նրանց տուն, ես բարձրացա եւ ասացի, որ խոսելու բան կա։ Իջանք, նստեցի նրանց մեքենան։ Նրանցից մեկն առաջարկեց գնալ Գառնի։ Իմ տղաները «Նիվայով» հետեւում էին մեզ։ Մեքենայում խոսակցություն ծավալվեց, սակայն նրանք խոսում էին նույն տոնով, հայհոյանքներով, «մեր դեմ խաղ չկա, ում ինչ ուզենք՝ կանենք»։ 3-րդ մասիվում կանգնեցրի մեքենան, իմ տղաները հասան եւ սկսեցին ծեծել նրանց։ Դրանից հետո մենք վերադարձանք մեր բակ։ Կես ժամից հետո մի 20 մեքենայով եկան։ Նրանց նպատակը ինձ գողանալն էր։ Սակայն դա նրանց չհաջողվեց։ Մենք լավ կռիվ տվեցինք։ Ամբողջ դժբախտությունն այն է, որ մենք ստիպված էինք կռվել պետության ներկայացուցիչների դեմ»,- պատմում է Շանթ Հարությունյանը։
-Այդ մարդիկ ունենալով հանցավոր աշխարհին հատուկ գործելաոճ, չունեն այդ մարդկանց բնորոշ բնավորություն,- իր դեմ բռնարարք գործողներին բնորոշում է Շանթ Հարությունյանը, բացատրելով, երբ նրանք ուժեղ են՝ կարող են ծեծել իրենց դիմաց կանգնած քաղաքացուն, սակայն երբ այդ նույն քաղաքացին նույն ձեւով պատասխանում է, նրանք դիմում են ոստիկանությանը եւ դատախազությանը։
-Որքան կարող ենք մենք այս պետության կայացման համար պայքարել եւ միշտ թաքնված լինել։ Իմ պապը թաքնվել է իշխանություններից, հայրս ստիպված էր լքել հայրենիքը, այժմ իմ պատճառով թաքնված են նաեւ կինս եւ չորս ամսական տղաս։ Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ նա, նա ինչո՞ւ պետք է թաքնված լինի։ Ուզում եմ հայտարարել, որ ես չեմ փախչելու իմ երկրից։ Այստեղից պետք է փախչեն նրանք, ովքեր համարձակվում են ձեռք բարձրացնել իմ կամ իմ երեխայի, անմեղ հայ մարդու վրա, որը ուզում է իր երկրում ապրել։ Իսկ ես, փախած լինեմ, ընդհատակում, թե լեգալ, պայքարելու եմ այդ մարդկանց դեմ։ Նրանք պետք է համոզված լինեն, որ մի օր էլ իրենք են իրենց պատիժը ստանալու։
Մեր կողմից ավելացնենք, որ Շանթ Հարությունյանի օգտին քվեարկելու համար ծեծի է ենթարկվել նրա ընկերներից մեկը՝ Վարդանը, մյուսները ենթարկվում են հաշվեհարդարի սպառնալիքների։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ