Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

0,01 % -1,00 %

Հունիս 09,1999 00:00
Cucak

ԱԺ պատգամավորների ընտրությունների ժամանակ արձանագրված ամենաակնառու թերությունը՝ ցուցակների անկատարությունը, հետընտրական աղմուկի ամենամեծ պատճառն է։

Խնդիրը նոր չէ։ Նախորդ՝ 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ այն կար, իհարկե, մի քիչ այլ տեսքով։ Այն ժամանակ գոյություն ունեին կենդանի եւ հանգուցյալ ընտրողների հիմնական եւ բազմաթիվ լրացուցիչ ցուցակներ։ Նույն ընտանիքի նույն հասցեում գրանցված անդամները հայտնվել էին տարբեր ցուցակներում։ Երբեմն նույն անունը կրկնվում էր տարբեր տեղերում։ Մի խոսքով, ստեղծվել էր մի վիճակ, որից սատանան էլ գլուխ չէր հանի։

Այս անգամ ամեն բան շատ ակնհայտ էր, ու աղմուկն էլ շատ արագ բարձրացավ։

Ինչեւէ, այսօր արդեն նշվում է, որ 21 հազար հոգի դատարաններ է դիմել՝ ընտրելու իր սահմանադրական իրավունքից օգտվելու համար։ Ու հիմա այս 21 հազարը ձեռքից ձեռք է անցնում։ Հետեւություններ են արվում, թե մի այդքանն էլ վիրավորվել ու հրաժարվել են դատարան դիմել։

Արդեն գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները հայտարարել են, որ իրենց համակիրների ամբողջ շենքեր են դուրս մնացել ընտրացուցակներից։ Եվ եթե նույնիսկ մեզ թույլ տանք ենթադրել, թե իսկապես ընտրելու ցանկությամբ բոցավառ եւս 80-100 հազար ընտրողի մեծ մուրազը մնաց անկատար, ապա, միեւնույն է, անհասկանալի կմնա, թե «տուժված» կուսակցություններից հատկապես որի 7,6 %, 7,4 %, 5,06% կամ 4,8 % («ՀՀ», 3 հունիսի, 1999 թ.) եւս 0,1 %, 0,5 % կամ 1,5 % էին ավելացնելու նրանք։

Եզրակացություններ կարելի է անել թերեւս ելնելով բողոքի ուժգնությունից եւ որեւէ մեկին անպատճառ պատժելու պահանջի խստությունից։ «Օրինաց երկիրը», օրինակ, մատնանշում է կառավարությանն ու վարչապետին։ Եթե մի քիչ լրջորեն խորհենք՝ ընտրությունների կազմակերպման ու ընտրացուցակների կազմման հետ առնչություն ունեն եւ այդ աշխատանքները հսկելու պարտականություն ՀՀ վարչապետը, ՀՀ տարածքային կառավարման եւ օպերատիվ հարցերի նախարարը, ՆԳ եւ ԱԱ նախարարն ու իր ենթակաները, տեղական կառավարման մարմինները, ԿԸՀ եւ ՄԸՀ-երը եւ այլն, եւ այլն։ Հնարավո՞ր է, որ հանկարծ անկեղծության եւ ազնվության պոռթկում տեղի ունենա (ասենք՝ խղճի խայթից գիշերը չքնելու հետեւանքով), եւ հայ զարմացած ու հավատն ամեն ինչի նկատմամբ կորցրած հասարակությունը ականատես դառնա մեծից փոքր հրաժարականների շքերթի։

Պ. Տ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930