Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵԲՅՈՒՏԱՆՏՆԵՐԸ ՀԺԿ-ԻՑ

Հունիս 09,1999 00:00
armen khachatryan

Քանիցս արդեն նշվել է, որ նորընտիր Ազգային ժողովի կազմն էապես թարմացվել է։ Մեր խորին համոզմամբ, նրանում ամենակարեւոր մեծամասնությունը լինելու է ինքնահաստատված (այսինքն՝ առանձնատներ եւ փող ունեցող), սակայն՝ չկայացած (այսինքն՝ հայերենով գոնե մեկ պարզ ստորադասական նախադասություն կազմելու անընդունակ) մարդկանց բազմությունը։

Սակայն, արի ու տես, որ նորերի մեջ կան նաեւ իրենց ոլորտներում առավել քան կայացած մարդիկ։ Նրանցից երկուսին այսօր, երկուսն էլ՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ի անդամ, որոնք ընտրվել են «Միասնություն» դաշինքի համամասնական ցուցակով, հրավիրել ենք զրույցի։ Այո, նրանք երկուսն էլ հարուստ մարդիկ են՝ Հրաչյա Աճառյան համալսարանի փոխռեկտոր Արմեն Խաչատրյան եւ «Եվրոստան-ույուտ» ֆիրմայի տնօրեն Մանվել Բադեյան։

Առաջինը խոսք տանք Արմեն Խաչատրյանին։ Իբրեւ նորընտիր պատգամավորի, նրա զգացողություններն այսպիսին են.

– Նախընտրական փուլում շրջայց կատարելով հանրապետության քաղաքներով, ավաններով եւ գյուղերով, տեսանք, թե Հայաստանն ինչպիսի ծանր վիճակում է։ Զգացողությունը, եթե այս ծանր վիճակը չլիներ, պիտի լիներ առավել ուրախ նոտաների, ուրախ տոների վրա։

Նրա խոսքերով. ամենամեծն իր մեջ պատասխանատվության զգացումն է։ Հսկայական թվով մարդիկ քվե են տվել իրենց՝ հավատալով, որ այսօր ինչ-որ բան կշտկվի, վաղն էլի ինչ-որ բան կշտկվի եւ ամենօրյա ճիգ ու ջանքով աշխատանքն արդյունք կտա։

Արմեն Խաչատրյանը չհամաձայնեց մեր հարցադրմանը, թե ինքը քաղաքականության մեջ, ըստ էության, դեբյուտանտ է, չհաշված 1998-ի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ լինելը։ Հիշեցնենք, որ մինչ այդ նա զբաղվել էր կրթական ոլորտով՝ իր բիզնեսը հաստատելով այդ բնագավառում։ Մեր զրուցակիցն ասաց, թե վերջին տարիներին եղել է քաղաքականության մեջ ու բազմաթիվ բանակցությունների է մասնակցել։

Արմեն Խաչատրյանն արձանագրում է՝ իհարկե, քաղաքականությունը բարդ ոլորտ է, սակայն միաժամանակ այն մարդկանց ասպարեզը, որոնք ունակ են եւ աշխատելու տրամադրված։

Կադրային հարցերում, օրինակ, «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչը կարծում է, թե պետք է առաջնորդվել խնդիրները համալիր պատկերացնող մարդկանց ընտրելու սկզբունքով։ Առաջնային խնդիրների շարքում էլ դասում է ոլորտների զարգացման մեջ փոխկապակցվածությունը, ասենք՝ ամեն նոր բան այս ոլորտում պետք է նպաստի մյուս բնագավառի բարձրացմանը։ Խոսքը մաքսային, հարկային, գյուղատնտեսական, արդյունաբերական ուղղությունների մասին է։

Իհարկե, հեշտ չէ արդյունաբերությունը զարգացնելը, սակայն, խնդրի լուծման համար, հավանաբար, հարկ կլինի օգտագործել բոլոր ռեսուրսներն ու ռեզերվները. «Շատ օգտակար կլինի, որ ԱԳՆ համակարգը, ես նկատի ունեմ մեր դեսպանատները, զբաղվեն նաեւ մարքեթինգով։ Պարզելով, թե որ երկիրն ինչի կարիք ունի, եւ որն է դրա ցածրագույն գինը, մենք ցածր ինքնարժեքի շնորհիվ կկարողանանք շուկաներ գտնել»։

Յուրաքանչյուր նոր նշանակվող նախարար ոչ թե պիտի ինքնագործունեությամբ զբաղվի, այլ իր ձեռնարկներով հանդես գա միայն ընդհանուր զարգացման շրջանակում։

Ծրագրեր պիտի լինեն բոլոր բնագավառների համար, ինչը մինչեւ հիմա գոյություն չի ունեցել։ Կսահմանվեն ժամկետներն ու պատասխանատուները։

– Պարոն Խաչատրյան, չլինի՞ թե արտգործնախարարի պաշտոնին եք հավակնում։

– Ես համոզմունք ունեմ, եւ կկամենայի, որ դա յուրաքանչյուրի մեջ լիներ՝ ամեն մարդ պիտի ընտրի այն բնագավառը, որից քիչ թե շատ գլուխ է հանում, որը ներդաշնակ է իր աշխարհընկալմանը։

Այդտեղից է հենց բխում պատասխանատվության զգացումը։ Այո՝ ինձ հոգեհարազատ է արտաքին քաղաքականության ոլորտը, բայց կարեւորը պաշտոնը չէ, այլ այն դիրքը, որն ունակություններդ մաքսիմալ դրսեւորելու հնարավորություն կտա։

Ինչ վերաբերում է նորընտիր խորհրդարանին տրվող գնահատականներին, Արմեն Խաչատրյանի վերաբերմունքը հետեւյալն է. «Պատկերացնել, որ խորհրդարանը կամ ցանկացած իշխանություն 100 տոկոսով ստերիլ, խելացի, զարգացած, ինտելեկտուալ է լինելու՝ բացառվում է։ Ընդ որում՝ ցանկացած երկրում։ Յուրաքանչյուր մարդ ունի իր որակը։ Մեկը գուցե չունի ինտելեկտուալ պայծառ միտք, բայց կառուցողական մարդ է։ Իսկ տարբեր էպիտետներ խորհրդարանին կպցնում են այն մարդիկ, որոնք մուտք չգործեցին պառլամենտ եւ այդ ինստիտուտը նսեմացնելու այդ ձեւն են ընտրել։ Իմ եւ ձեր ճաշակով չէ, որ պատգամավորներ պիտի ընտրվեն, նրանց ընտրել է ժողովուրդը»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը։

badeyan

Իսկ հիմա մեր զրուցակիցը եվրոպական շինանյութի մատակարարման բնագավառում հաջողություններ ունեցող «Եվրոստան-ույուտ» ֆիրմայի տնօրեն պարոն Բադեյանն է։ Ի դեպ, նրա անվան հարցում որոշակի չճշգրտվածություն կա. «Կենցաղում, ընտանիքում, ընկերական շրջապատում ես Արայիկ եմ, փաստաթղթերով՝ Մանվել։ Դա հայկական միջավայրում բավականին տարածված երեւույթ է։ Այնպես որ, ես մեծ բացառություն չեմ»։

– Իսկ ինչո՞ւ եք տնտեսական ոլորտից անցնում քաղաքականության։

– Տրամաբանության որ կանոնով է, որ պիոներիայից եկողը քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունի, իսկ տնտեսական գործիչը, որ կյանքով է ապացուցել՝ ինչ-որ բան կարող է անել, իրավունք չունի։

Արայիկ Բադեյանն այն կարծիքին է, որ տնտեսական գործիչները փորձում են մտնել խորհրդարան, քանի որ իրենք ամեն օր սեփական կաշվի վրա են զգում օրենսդրական դաշտի անկատարությունը։ Տնտեսության վերականգնմանը նպաստող օրենսդրությունը պետք է գործից հասկացող մարդիկ մշակեն, քանի որ հատկապես տնտեսության զարգացումն է այսօրվա առաջնային խնդիրը.

– Այդ խնդրի լուծումը վստահված է քաղաքականությունը սեփականաշնորհած, իրենց քաղաքական գործիչ հռչակող դիլետանտների, որոնք այդպես էլ չկարողացան որեւէ բարենպաստ քայլ անել տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ։ Տնտեսության մեջ կա այսպիսի ելակետ. կան մարդիկ, որոնք հասկանում են՝ փողն աշխատանքի արդյունք է, եւ կան մարդիկ, որոնք չեն կարողանում պատկերացնել, որ աշխատելով կարող ես փող ունենալ։ Այդ պատճառով, առաջին տեսակի մարդիկ մտածում են միայն աշխատանքի մասին, որովհետեւ փողն ինքն իրեն գալիս է, իսկ երկրորդ տեսակը՝ միայն գողանալու մասին։

Խորհրդարանում առաջին տեսակը պիտի գործելու հնարավորություն ունենա։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930