Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃՈՃԱՆԱԿ, ՃՈՃԱՆԱԿ, ԳՆԱ-ԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ

Հունիս 09,1999 00:00
Vazgen Manukyan

ԱԺՄ-ն առաջին հեծանիվի դերում

Հետընտրական խոհերը լրագրողներին ներկայացնելիս ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը փորձեց գնահատականներ տալ խորհրդարանական ընտրություններին։ Նրա ասելով նախընտրական ժամանակաշրջանը բավականին հաջող անցավ «եւ մենք չենք կարող ասել, թե մեկնումեկը ունի առավելություն։ (…) Նախընտրական ժամանակաշրջանում երեւի ամենակարեւոր հարցը ֆինանսավորման հարցն է»։ Կուսակցությունների անլեգալ ֆինանսավորումը այն խնդիրն է, որը պետք է եւ կարող է լուծվել։ Իսկ լուծումն այն է, որ պետությունն անմիջապես առատորեն ֆինանսավորի մեծամասնություն շահած կուսակցություններին։

Վազգեն Մանուկյանի կարծիքով կեղծիքների հիմնական տարափը սկսվեց մայիսի 29-ին եւ 30-ին. «սկսվեց ընտրողների համատարած կաշառումը»։ Հաջորդ լուրջ ազդեցությունը «ցուցակների պատմությունն էր»։ Ցուցակների անճշտությունը հիասթափեցրեց շատերին, եւ մարդիկ, որոնք առանց այն էլ չէին հավատում ընտրությունների արդար անցկացմանը, որոշեցին չմասնակցել ընտրություններին։ Արդյունքում «ժողովրդի ամենալյումպենացված մասը ընտրեց ազգի եւ պետության ապագան»։

Ինչո՞ւ ԱԺՄ-ն այս անգամ չի հայտարարում, թե ընտրություններն ազատ ու արդար չեն, պետք է անվավեր համարել եւ նոր ընտրություններ անցկացնել։ Վազգեն Մանուկյանն ասաց, թե ինչու. «Մենք կարծում ենք, որ ներկա վիճակում նոր ընտրությունները երեք ամսից հետո չէին լուծելու պրոբլեմը։ Մենք լուրջ պրոբլեմ ունենք հասարակության առողջացման, համակարգի փոփոխության, որից հետո կարող ենք հույս ունենալ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու»։

ԱԺՄ-ն բոլոր տարիներին իր վրա էր վերցնում առաջին հեծանվորդի դերը, այս տարի նա այդ բանը չարեց, որովհետեւ ընտրություններից առաջ արդեն նրան հայտնի էր, որ ընտրությունները մաքուր չեն լինելու։ Իսկ այս պայմաններում ինչպե՞ս կարող է ԱԺՄ-ն իր ձեռքը վերցնել դրոշը եւ գնալ առաջ. «Ես կարծում եմ, որ եթե այդ բանն ԱԺՄ-ն աներ միայնակ, ԱԺՄ-ին դա չէր հաջողվելու»։

Իսկ չէր հաջողվելու, որովհետեւ ԱԺՄ-ի ներսում էլ պրոբլեմներ կային։ Վազգեն Մանուկյանի ասելով դրանք հենց պրոբլեմներ են եւ ոչ թե հակասություններ. «96-ին մենք ստացանք մեծ հարված, բայց ոչ թե հիասթափություն, 98 թիվը մեր կուսակցության շարքերի եւ անձամբ ինձ մոտ ներքին հիասթափություն առաջացրեց։ Կուսակցության ներսում ծավալվեց առողջ բանավեճ։ Հասարակությունը փոխվում է, գուցե աշխատանքի մեթոդներն էլ պետք է փոխել»։ Այս փնտրտուքների մեջ ԱԺՄ-ն երկար կմնար, եթե չմտածեր, թե հնարավոր է՝ իրեն դաշնակիցն է պակասում։ Իսկ միակ դաշնակիցը մինչ ընտրությունները ԱԺՄ-ի համար Կարեն Դեմիրճյանն էր։ ԱԺՄ-ի համար երկրորդական էր՝ Դեմիրճյանը ձայն կբերեր, թե՝ ոչ։ Պարզապես հասարակության պահանջը՝ միացեք Դեմիրճյանին եւ սկսեք համաժողովրդական շարժում, ԱԺՄ-ն լուրջ էր ընդունել։ Բայց երկար բանակցություններից հետո Դեմիրճյանը մերժեց ԱԺՄ-ի առաջարկը։ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ մերժեց, որովհետեւ «ե՛ւ իմ, ե՛ւ ԱԺՄ-ի այն վճռականությունից, որը կարող էր բերել սուր իրավիճակների, ինքը երեւի զգուշանում էր իրավիճակի այդ խորը լարվածությունից»։

Արդյունքում ԱԺՄ-ն ընտրությունների գնաց միայնակ եւ եթե «29-ի ընտրակաշառքները եւ 30-ի ընտրացուցակները չլինեին», ԱԺՄ-ն կստանար 12 տոկոս, բայց ոչ ավելի. «Մենք չէինք դառնա տանող ուժ այս խորհրդարանում»։ Ինչպիսի՞ ԱԺ ունեցանք, ի՞նչ է մեզ սպասում հարցը տվեց Վազգեն Մանուկյանն ինքը եւ անձամբ էլ պատասխանեց. «Այս ԱԺ-ն նույնպես լիարժեք չի համապատասխանում մեր հասարակությանը, բայց համընկնումներ կան։ Հասարակության շատ հիվանդություններ տեղափոխվեցին նաեւ ԱԺ։ Սա պետք է ընդունել որպես իրականություն։ Միայն փնթփնթալով եւ դժգոհելով հարցը չի լուծվելու»։

Վազգեն Մանուկյանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ՝ մեծամասնություն կազմող ուժը իր վրա է վերցնում պատասխանատվությունը՝ թող փորձի։ ԱԺՄ-ն ընդդիմություն է, բայց շահագրգռված է, որ երկրի վիճակը լավ լինի։ «Ինչքան երկրի վիճակը լավանա, ԱԺՄ-ի վիճակը նույնպես կլավանա։ Եթե նոր կառավարությունը կարողանա երկրի վիճակը լավացնել, մենք միայն գոհ կլինենք, իսկ եթե իրենց դա չհաջողվի, բայց մենք (ԱԺՄ- Մ. Ե.) կանք ու կանք»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930