Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավուշից «Առավոտ»-ին մեծ բարեւ

Հունիս 08,1999 00:00
Tavushi marz

Ապրիլին լրագրողների մի մեծ խումբ մեկնել էր Սյունիք՝ մարզի առօրյային ծանոթանալու եւ հայրենի իշխանությունների ուշադրությունը Սյունյաց երկրի հոգսերին դարձնելու մտադրությամբ: Գարնանը հույս ունեինք, որ հաջորդ անգամ Տավուշի մարզ ենք գնալու, որովհետեւ այս մարզն էլ սահմանի բերանին է՝ պատերազմ տեսած ու հոգսաշատ:

Մարզի ղեկավարության հետ լրագրողների այցը համաձայնեցնելու մեր բազմաթիվ փորձերը ապարդյուն անցան՝ առջեւում խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պետք էր ըստ արժանվույն պատրաստվել: Հիմա, երբ ընտրությունները անցյալ են, դարձյալ խանդավառվեցինք, առավել եւս, որ մարզի խնդիրները մնում են նույնը՝ «Բենտոնիտ»-ը, Իջեւանի գորգի գործարանը, սողանքների գոտին, ականապատ տարածքը, սահմանամերձ գյուղերը, եւ այլն, եւ այլն: Իսկ մինչ այդ, ներկայացնենք տավուշցիների կարծիքը, մասնավորապես՝ «Առավոտ»-ի մասին:

Մայիսի 30-ին Իջեւանի մի շարք գյուղեր այցելելով, համոզվեցի, որ տավուշցիները, աշխարհից /Երեւանից/ կտրված լինելով հանդերձ, տեղյակ էին հայաստանյան քաղաքական անցուդարձից, նրանցից մի քանիսը «Առավոտ»-ի մշտական ընթերցողներն էին, թերթում աշխատող լրագրողներին ճանաչում էին անուն-ազգանունով, հրապարակումներով: Ասենք, հարցնում էին՝ «Ի՞նչ է ուզում ձեր Ավետիս Բաբաջանյանը ԱԻՄ»-ից, «Ճիշ՞տ է, որ Հովիկ Չարխչյանը Պավլիկ Ասատրյանի ընկերն է, ու դրա համար է Արամ Աբրահամյանն իրեն ազատել»: Ավելի միամիտները հարցնում էին ֆինանսավորման աղբյուրի ու լրագրողների վարձատրության մասին: 31- ի լույս գիշերը մի տավուշցի անարդար դատական գործի մանրամասներին վերաբերող նամակ էր բերել, խնդրելով, այն «Առավոտ»-ում տպագրել: Անշուշտ հաճելի է, երբ քեզ ճանաչում են քո հրապարակումներից, առավել եւս՝ տարիներ առաջ գրված: «Կներեք, ինչո՞ւ այլեւս Ղարաբաղի մասին չեք գրում,- Գետահովիտի ընտրական տեղամասում հարցրեց համակրելի մի երիտասարդ: Պատասխանեցի, էլի հարց տվեց. «Ձեր հրապարակումներից պարզ երեւում է, որ Վանո Սիրադեղյանի կողմնակիցն եք: Նրա համար եք՞ եկել»: «Վանոն իմ ընկերն է»,- սպարապետի հայտնի խոսքով պատասխանեցի:

ԻՄ Տավուշի մարզային կառույցի նախագահ Դավիթ Սահակյանից հետաքրքրվեցի մարզի քաղաքական դաշտի յուրահատկություններով՝ Իջեւանն ամբողջությամբ զարդարված էր «հին ընկերների» ու «կառուցող-պաշտպանողների» պաստառներով: «Մարզում կազմակերպված աշխատում են ԻՄ-ը, ՀՅԴ-ն, այսինքն իրենց կառույցներն ունեն՝ գրասենյակներ, հեռախոսային, էլեկտրոնային կապ, համակարգիչներ եւ այլն: ՀԿԿ -ն ու ԱԺՄ-ն էլ լավ են աշխատում: Նորերից՝ «Հզոր Հայրենիքը», «Օրինաց երկիրը», «Միասնություն» դաշինքը՝ այնքանով, որքանով իշխանություններն են հովանավորում»,- ասաց Դավիթը, իր հերթին հարցնելով ԻՄ-ի մասին իմ տեսակետը: Մխիթարական ուչինչ չունեի նրան ասելու քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի եւ իր կազմակերպության մասին: «Առավոտը» համարելով Հայաստանի ամենաընթերցվող թերթը, Դավիթը ցանկություն հայտնեց, որ մեր թերթը լուրջ եւ կայացած թերթերից մեկը լինի: «Ցանկալի է նաեւ, որ նամակների առանձին բաժին ունենաք, դուք նամակներ ստանում եք, չէ՞»- հարցրեց համակրելի երիտասարդը:

Մելիքջանյան Ռազմիկը Լուսաձորի տեղամասային հանձնաժողովում «Միասնություն» դաշինքի վստահված անձն էր /ի դեպ, ներկայացավ միայն մեր պնդումից հետո, թե նման հզոր դաշինքի ներկայացուցիչը պիտի որ չվախենա իր անունն ասելուց/, վստահեցնում էր, որ ընտրատարածքում ամեն բան նորմալ է, ու ժողովուրդը իր ձայնը տալու է հենց նրան, ում որ պետք է: Քանի որ ինձ Վանոյի վստահված անձերից մեկն էր ուղեկցում, տպավորություն էր ստեղծվում, թե խոսքը Սիրադեղյանի մասին է, բայց պարոն Մելիքջանյանի աչքերը բոլորովին այլ բան էին ասում/ Լուսաձորում Վ. Սիրադեղյանը ստացավ 26 ձայն, նրա հակառակորդը՝ 212/, ուստի չզարմացանք, երբ պարզվեց, որ Վանոյի վստահված անձանցից այս տեղամասում ոչ ոք չկար: Պարոն Մելիքջանյանն էլ խոսեց «Առավոտ»-ից, հիշեցնելով թերթում տպագրված «Պավլիկապատումը»՝ Տավուշի նախկին մարզպետ Պավլիկ Ասատրյանին նվիրված շարքը: Հետո հետեւյալն ասաց. «Ցավոք, մեր հասարակության մեջ պակասել են գաղափարները, գաղափարական մարդիկ էլ քիչ կան: Արամ Աբրահամյանին՝ ձեր խմբագրին, չեմ շողոքորթում: Նրան ոչ հանդիպած կամ, ոչ էլ կհանդիպեմ, բայց նա որպես խմբագիր, որպես հայ՝ իսկական գաղափարի մարդ է: Հայության փրկության մասին օրհասական պահին մտածող, նա իր ընտանիքից վեր է համարում ազգային բոլոր հարցերը»,- ահա ֆունկցիոներին հատուկ այս ոճով ճառեց «Միասնության» վստահված անձն ու Պավլիկ Ասատրյանի երբեմնի զինակիցը:

Վազգեն Ղալթախչյանը՝ Աչաջուր գյուղի ընտրական տեղամասում ԱԻՄ-ի ներկայացուցիչը, համոզված էր, որ կառավարության կողմից հազվագյուտ հնարավորություն է ստեղծվել անցկացնել արդար եւ ազատ ընտրություններ: Իր կարծիքով՝ «Ռոբերտի՝ մեր նախագահի գործունեությունը շատ դրական է, որովհետեւ քաղաքական բոլոր կուսակցությունները նա համախմբել է իշխանությունների շուրջ»: Պարոն Ղալթախչյանի «Առավոտ»-ին ուղղված խոսքով էլ ավարտենք Տավուշի մարզից մեր նյութը. «Առավոտը» շատ է մտրակում մեր քաղաքական գործիչներին, այդպես չի կարելի, քաղաքական գործիչները մեր կյանքի ապագան կերտողներն են, նրանց պիտի էսպես հոգատարությամբ, ոգեւորությամբ շրջապատել: Իսկ «Առավոտը», իմ սիրելի «Առավոտը», ես կարդում եմ ընդհանրապես բոլոր աջ, ձախ, թեր, դեմ լրատվության միջոցները, իսկ «Առավոտը» մտրակում է բոլորին: Էդպես չի կարելի սիրելիս, սիրելի Արամ Աբրահամյան, միտումնավոր մի եղեք, պատմություն կերտողների նկատմամբ պիտի ուշադիր լինեք»:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930