Այսօրվա ողբերգական վիճակի մեջ հայտնված հայ մարդը այլեւս չի հավատում, որ երբեւէ Հայաստանը կդառնա զարգացած երկիր։ Հուսահատությունը, անհավատությունը, Հայաստանից հեռանալու մտորումները դարձել են հասարակության մշտական կենսավիճակը։
20-րդ դարի երկրորդ կեսի պատմությունը ապացուցեց, որ երկրների զարգացման համար անհրաժեշտ երաշխիք է իրական ժողովրդավարական համակարգ եւ կոմունիկացիոն զարգացած ցանց ունենալը։
Որքան էլ տարօրինակ թվա, զարգացման այս բանալին միակն է, որ կարող է այսօրվա թշվառությունից դուռ բացել դեպի զարգացած Հայաստան։
Սակայն Հայաստանի իշխանությունները համառորեն այս բանալին թողել են մնա «պատից կախված»։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության այս տասը տարիները ցույց տվեցին, որ երկիրը չի կարող զարգանալ իր ներքին ռեսուրսներով, քանզի դրանք սակավ են։ Երկիրը չի կարող զարգանալ նաեւ միջազգային կազմակերպություններից եւ այլ երկրներից վերցրած վարկերով, քանզի վարկերը ուղղվում են այս կամ այն ոլորտի «կայունացմանը» եւ ոչ զարգացմանը։ Ավելին՝ այդ վարկերը մսխվել են առանց ժողովրդի մասին մտածելու։ Հայաստանը տնտեսապես կարող է զարգանալ միայն աշխատատեղերի ստեղծման ոլորտ մասնավոր ներքին եւ արտաքին ներդրումներ ներքաշելու ճանապարհով։ Իսկ դա հնարավոր է, եթե երկիրը իսկապես ժողովրդավարական է, ուր գործում են օրենքներն ու մարդու իրավունքները, այլ ոչ մի խումբ մարդկանց կամքն ու «ախորժակը», ուր ներդրողը չի վախենում, որ իր ունեցվածքին տեր կանգնող «տանիքներ» կհայտնվեն։ Միայն վստահություն ներշնչող, ազատ ձեռներեցությունը խրախուսող եւ հարկային գրավչություն ունեցող Հայաստանը կարող է շանս ունենալ լուրջ ներդրումներ ներքաշելու եւ զարգանալու, իսկ մնացած բոլոր այլ խոսակցությունները ոչ իրական «միրաժներ» են։ Իսկ ժողովրդավարություն Հայաստանում չի հաստատվել։
Միաժամանակ մինչ այսօր Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել են, որ Հայաստանը նաեւ չդառնա այս տարածաշրջանի կոմունիկացիոն խաչմերուկ եւ Հայաստանի տարածքով չանցնի Եվրոպա-Անդրկովկաս-Միջին Ասիա TRACECA կոչվող ապագա կառուցվելիք կոմունիկացիոն միջանցքը։
Իսկ ի՞նչ ունենք այսօր։
Այսօր արդեն ամբողջ իշխանությունը ներսի եւ դրսի համար ունի «ոչ լեգիտիմ»-ի պիտակ եւ այս ընտրությունները ակնհայտորեն չփոխեցին իրավիճակը, քանզի ժողովրդավարական ընտրությունների ընդունված չափանիշների հետ քիչ կապ ունեին, եւ դա նշեցին բոլոր ներքին եւ արտաքին դիտորդները։
Ընդունվեց իշխանությունը պետական լծակների օգնությամբ պահելու ընտրական օրենսգիրք։ Այնուհետեւ սկսվեց նոր՝ «իշխանապատկան», կուսակցությունների ստեղծումով եւ ուժային լծակներով ընդդիմադիր կուսակցությունների «զինվորագրումով» քաղաքական դաշտը փչացնելու զանգվածային գործողությունների կիրառումը։ Դրան հաջորդեց ընտրախաղի բեմ նորահարուստ բիզնեսմեններին, բանկիրներին, թաղային հեղինակություն հանդիսացողներին եւ այլ տիպի կամակատար թեկնածուներին դուրս բերելու բուռն դիրիժորությունը։ Այնուհետեւ կիրառվեց ընտրական հանձնաժողովների նախագահների, տեղակալների եւ քարտուղարների պաշտոնների բռնագրավման «Փոթորիկն անապատում» օպերացիան՝ հօգուտ «հարց չկա, շեֆ ջան» բնույթի թեկնածուների եւ իշխանական կուսակցությունների։ Լրատվամիջոցների եւ ռեկլամի այլ միջոցների բոլոր հնարավորությունները «վճարովի» ծանրակշիռ փաստարկով ասիմետրիկորեն աշխատեցին իշխանավոր ու իշխանաենթակա թեկնածուների եւ «իշխանապատկան» կուսակցությունների օգտին՝ «սվաղելով» քաղաքական գործիչների իմիջը։ Կիրառվեց ոչ ցանկալի ընտրողներին ընտրացուցակների անճշտություններով «զտելու» (առեւտրականի «կլիենտին ջոկելու» հոգեբանությամբ մշակված) նոր եւ ընտրակեղծիքների նախորդ տարիների զորեղ տեխնոլոգիաները։ Ընտրություններից առաջ եւ ընտրությունների օրը ժողովրդի նկատմամբ կիրառվեցին ընտրակաշառքի բաժանման համատարած եւ ուժային ու ադմինիստրատիվ ճնշումների կիրառման զանգվածային եւ իրենց մասշտաբների մեջ աննախադեպ գործընթացները։ Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում երկիրը վերածվեց մի մեծ «յառմռկայի», ուր ամեն ինչ վաճառվում եւ գնվում էր։
Այսօր իշխանությունը արդեն միաբեւեռ եւ միատարր է, իսկ օպոզիցիան 100% դուրս է մղված պետական բոլոր կառույցներից։
Այսօր ոչ ոք չի հավատում արդար ընտրությանը, եւ ընտրությունները վերածվել են ձայների առ ու վաճառքի մի հսկա շուկայի։ Այսօր ժողովրդի ու երկրի համար առկա են կյանքի հետընթացի, տնտեսական դեպրեսիայի ու նսեմացման օրերն ու տարիները, իսկ հովանավորյալ հարուստները բազմապատկում են իրենց ունեցվածքի եւ իշխանության չափերը։
Այսօր Հայաստանը տնտեսական ու քաղաքական հետաքրքրություն ներկայացնող երկիր չի դիտվում եւ գլոբալ ուժերի դիմակայության կիզակետում լինելով, ընդհանրապես կարող է դուրս մղվել պարտնյոր համարվելու «թվաբանությունից»։
Այսօր վերոնշյալ իրողությունները բերել են Հայաստանից հայերի փախչելու նոր ալիքի ձեւավորմանը։ Առկա է երկրի աստիճանաբար դատարկվելու վտանգը։
Այսպիսով, այսօր Հայաստանում ժողովրդավարությունը որպես իշխանության ձեւավորման, երկրի կառավարման, տնտեսավարման եւ ընդհանրապես հասարակության կյանքի կարգավորման մոդել դարձնելուն ուղղված ոչ մի լուրջ քայլ չի արված։
Այսօր նաեւ ոչ մի հաստատակամություն չի ցուցաբերված Հայաստանը հզոր կոմունիկացիաների երկիր դարձնելու հարցում։
Ընդունա՞կ է, արդյոք, այս նոր ձեւավորված՝ միաբեւեռ եւ միատարր, մտավորականներից ու օպոզիցիայից իրեն տարանջատած, բայց ժողովրդի մի մասի ձայները վերցրած իշխանությունը Հայաստանը դուրս բերել զարգացման ճանապարհ։ Անհավանական է, բայց հնարավոր, եթե իրեն գերհզոր պատկերացնող այդ միաբեւեռ իշխանությունը, օգտվելով հայ ժողովրդի «ամեն ինչին հարմարվելու» բացառիկ հատկությունից, կոնսոլիդացնի ազգի ներուժը եւ սկսի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում իրականացնել ժողովրդավարության ավանդույթներ հաստատելու գործընթացներ։
Այսպիսի հրաշափոխությունները գտնվում են բարի հեքիաթներին մոտ գտնվող տիրույթներում։ Սակայն հայ հասարակությունը, որը չի հավատում իր ուժերին եւ իշխանափոխության իր շանսը նվիրել է իշխանություններին, այլ ելք չունի, քան հավատա այդ հրաշքին կամ երազի այն օրը, երբ դրսից կգան եւ Հայաստանում կհաստատեն ժողովրդավարությունը եւ կզարգացնեն Հայաստանը։
Որքան էլ ցավալի է, բայց փաստ է, որ Հայաստանի զարգացման բանալին կրկին մնաց «պատից կախված»…
Անկասկած է, սակայն, որ հենց ժողովուրդը պետք է պայքարի ինքն իր հողում ինքնահաստատվելու համար, Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Մեսրոպ Մաշտոցի, Վիկտոր Համբարձումյանի արժանի ժառանգորդը կոչվելու համար, ժողովրդավարության ու երկրի զարգացման ապագայի համար…
ՌՈՒԲԻԿ ԵԳՈՐՅԱՆ
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու,
«Մտավորական Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ