Բանաստեղծուհին դեռ նոր էր ավարտել իր քառյակը գրելը, երբ անսովոր շրխկոցից վեր թռավ։ Տանը ոչ ոք չկար։ Եվ, բնականաբար, այդ շրխկոցը տակնուվրա արեց առանց այն էլ փխրուն կնոջ սիրտը։
Ո՞վ կա տանը, մտածեց, սակայն չհամարձակվեց տեղից վեր կենալ։ Գրիչն ընկած էր գետնին եւ մահվան (չգիտես ինչու մահվան մասին մտածեց) թատերականացված տեսարանը պատրաստ էր։ Շրխկոցը նորից կրկնվեց։ Այս անգամ գետնին փռվեցին նրա ստիխները եւ երկրորդ արարում կարծես ամեն ինչ վերջացավ։ Բայց բանաստեղծուհին այդպես չէր ուզի հրաժեշտ տալ ամենին. սենյակում բացված վարդերին, իր թալիսմանին՝ սպիտակ ձիուն, բազկաթոռին, որն իր պարտությունների ու հաղթանակների ու իր 6 գրքերի վկան էր… Երկրորդ շրխկոցից հետո լռություն տիրեց տանը։ Բանաստեղծուհուն մի պահ թվաց նույնիսկ, թե շրխկոցը իր… ներսից է եղել։ Աչքերն առաստաղին էին նայում։ Ոչ աջ, ոչ ձախ։ Հաստատ նա պատրաստ չէր որեւէ բան նկատելու… Որոշ ժամանակ անց սենյակի ուղիղ կենտրոնում լսվեց ծանր թրմփոց. աչքերի դիմաց հայտնվեց «կերպարը»։ Մուգ մոխրագույն, կատվի չափ, աչքերում՝ չարաճճի խաղ։ Առնե՜տը…
Իրական շրխկոցը բանաստեղծուհու ներսում ավելի ուժգին արձագանքեց։ Ու նա բղավեց… Երկու ամիս էր անցել եւ տան գլխավոր թեման առնետն էր։ Կենտրոն համայնքի բնակիչների սրճխումի թեման էլ առնետն էր։ Գրող-բանաստեղծ-արձակագիրների զրույցի գլխավոր թեման էլ առնետն էր։
Առնետին ինչ, նա իր արժանապատիվ ապագան էր գտել եւ իր հզոր հայրենիքը՝ բանաստեղծուհու ծաղիկներից «հյուսած» սենյակը, որտեղ ամեն ինչ կար երազելու եւ ընտրելու համար։ Սնվելու համար։ Առնետն այնքան սովորեց բանաստեղծուհուն եւ վերջինս էլ նրան, որ անաղմուկ, «քնքուշ քայլերով աննշմար, որպես մութի թեւ» հայտնվում էր սենյակում, կանգնում հեռուստացույցի դիմաց եւ դիտում, թե ինչպես էր տքնում բանաստեղծուհին։ Իսկ վերջինիս հոնորարներից իրեն բաժին հասնում էր. շնորհակալ էր։ Հպարտ էր առնետը։
Կարդացեք նաև
Երբ բանաստեղծուհու երաժշտագետ հարեւանուհին կամ ընկերուհին՝ կուսակցություններից մեկի ճանաչված լիդերներից եկան իրեն տեսնելու, զննելու, մոխրագույնը մեջքով «դիմավորեց» նրանց։ Որովհետեւ համոզված էր, որ նրանք եկել են ոչ թե բանաստեղծուհու ձեռքի փուշը հանելու։ Եկավ նույնիսկ եղբոր ընկերոջ հորեղբոր տղան եւ գլուխ գովեց, թե իրեն «վարպետ» են ասում, որ ինքը երկու օր կմնա բանաստեղծուհու տանը, «կխոսեցնի» նրան՝ առնետին, եւ էնպես կանի, որ սա մոռանա իր եկած ճամփան։ «Վարպետը» երկու օր մնաց. սնվեց, վայելեց բանաստեղծուհու թարմ լոլիկներն ու սնկով փլավը, խմեց գինի՝ «Անուշ», «Արենի», օրական մինչեւ 7 բաժակ սուրճ եւ «պահմտոցի» խաղաց առնետի հետ։ Երբ առնետը հենց այնպես վախեցնելու համար «վարպետին» իր ատամները ցույց տվեց, սա վախից ծեփ դառավ ու էնպես եղավ, որ «մոռացավ» իր եկած ճամփան։ Առնետաորսների ազգային ծառայությանը բանաստեղծուհին դիմեց։ Խնդրեց, որ օգնեն, խնդրեց այնպիսի «դեղեր նշանակել», որպեսզի վերջինս դուրս գնա, մեղմ ասած, տնից։
Առնետաորսների ազգային ծառայությունից եկան բանաստեղծուհու տուն՝ տեսնելու «կերպարը»։ «Դեղեր նշանակեցին». իմպորտնի երշիկի վրա՝ երկուական հաբ։ Առնետի պետքն էլ չէր։ Արհեստավարժորեն հեռացնում էր երշիկի վրայի հաբերը, թաքցնում էր լվացարանի տակ (մի ուլունքաշար գոյացավ)։ Առնետաորսների ազգային ծառայության ներկայացուցիչն այցելում էր «հիվանդին» ամեն օր, ժ. 12.00-13.00-ն, եւ կարդում դասախոսություններ, մարդկանց եւ առնետների իրավունքների պաշտպանության, ապրելու պարտականության մասին։ Ամենահետաքրքիր դասախոսությունը, որ հուզեց հավասարապես ե՛ւ բանաստեղծուհուն, ե՛ւ առնետին, վերաբերում էր «Տեղական եւ արտասահմանյան թակարդներին»։ Պարզվեց, որ Գյումրու արտադրանքն ամենամրցունակն է, քանի որ ամուր է ընկնում մեխը առնետների մեջքին։ Այս մարդը պատմեց նաեւ, որ թելով թակարդին կապում են կերը, քանի որ առնետները «շուստրիացել» եւ թաթիկներով հեշտությամբ ձեռք են բերում կերը՝ «մոլորեցնելով» թակարդին։ Դասախոսություններն ավարտվում էին առնետաորսության տեսական հաղթանակների մասին պատմություններով քաղաքի տարբեր թաղերում՝ Կոնդում, Ղռերում, Հարավ արեւմտյանում…
Ոչ դեղը, ոչ թակարդը չընկճեցին առնետին։
Երեւանի կենտրոնում բանաստեղծուհին սով հայտարարեց։ Նրա երկու աղջիկներն էլ սովի դրոշը բարձրացրին. մահ կամ ազատություն առնետից։ Առնետը սկզբում զվարճանում էր, շատ էր փոր գցել, ավելի լավ։ Բայց, երբ տեսավ, որ բանաստեղծուհու հնգամյա աղջնակը ոչինչ չի ուտում, էլ խաղ չի խաղում, տխրեց։ Սկսեց ոչինչ չփնտրել։ Չուտել։ Ընդամենը բարձրացավ բազկաթոռի բարձի վրա, շրջվեց դեպի երկու աղջնակները, մեջքով դեպի բանաստեղծուհին։ Թող խփեն ինձ։ Թիկունքից։ Եկան հարեւան-բարեկամ-գրող-գործընկեր։ Տեսան մոխրագույնին՝ մեջքով դեպի իրենք։ Թուլացած։ Բայց ոչ ոք, ոչ ոք հանձն չառավ խփել նրան, խփել թիկունքից։
Տանը միայն աղջնակն էր։ Նա խոհանոցից իր հետ բերեց փոքրիկ ցելոֆանե տոպրակը։ Առնետը դանդաղ, արժանապատվորեն տեղավորեց տոպրակում։ Երեք օր դուրս չեկավ։ Չշարժվեց։ Առնետաորսների ազգային ծառայության ներկայացուցիչը նորից եկավ։ Վերցրեց ցելոֆանե տոպրակը։ Առնետի աչքերը բաց էին։ Նա ժպտում էր։ Ներկայացուցիչը ցելոֆանը դրեց քարի կողքին։ Ու երբ փորձեց ձեռքը բարձրացնել՝ նա մեջքով շուռ եկավ դեպի առնետների իրավունքների չպաշտպանը։ Մարդը հանձն չառավ խփել նրան, խփել թիկունքից։ Իսկ առնետը մահն ընդունեց ինքնակամ։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ