Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հունիս 08,1999 00:00
Gagik Eganyan

Հարցազրույց ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանի հետ

1999 թվականի մայիսի 25-ին ՀՀ կառավարությունը «Ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման մասին» թիվ 350 որոշումն է կայացրել։ Ընտանեկան նպաստի համակարգում մի շարք փոփոխություններ են կատարվելու։ ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանն այս շաբաթվա ընթացքում կհանդիպի հանրապետության բոլոր մարզերի գյուղապետերի, համայնքների ղեկավարների հետ եւ մեթոդական ցուցումներ կտա հետագա աշխատանքի վերաբերյալ։ Երեկ Գագիկ Եգանյանը հանդիպեց Արագածոտնի մարզի գյուղապետերի հետ։

-Պարոն Եգանյան, ներկայացրեք այն փոփոխությունները, որոնք նախատեսված են կառավարության վերոհիշյալ որոշմամբ։

– Ընտանեկան նպաստի նշանակման եւ վճարման նոր կարգ է հաստատել կառավարությունը մայիսի 25-ին, թիվ 350 որոշմամբ։ Նպաստ ստանալու եւ դիմելու կարգը որոշող մարմինները փոխվել են, տեղի է ունեցել դերերի վերաբաշխում։ Մեր նախարարության կողմից մշակվել է մեթոդական ուղեցույց։ Բոլոր օղակների ներկայացուցիչների հետ առանձին-առանձին ուսուցում է անցկացվում։ Անցած շաբաթ ավարտեցինք մարզպետարանների սոցիալական պաշտպանության բաժինների եւ սոցիալական ծառայության աշխատակիցների հետ ուսուցումը։ Նպատակն է, որ նրանք իրենց վերապահված դերակատարումը կարողանան ճիշտ կատարել։ «Փարոսը» թույլ տվեց ընտանեկան համակարգը ներդնելու պահին որոշել այն 230 հազար ընտանիքները, որոնք պետք է օգտվեն այդ համակարգից, որովհետեւ, բացի «Փարոսից», որեւէ այլ համակարգ չէր կարող այս խնդիրը լուծել։ Հունվարից մինչեւ հունիսը ընկած ժամանակահատվածում «Փարոսը» թույլ տվեց նաեւ կատարել ծրագրված, նպատակային, հասցեականության մեծացման քայլեր։ Այսինքն՝ համակարգում նվազագույնի հասցվի համեմատաբար ապահովների թիվը եւ հակառակը, առավելագույնս ընդգրկվեն չընդգրկված անապահով ընտանիքները։ Հունվարից մինչեւ հունիս 16 հազար ընտանիք հանվել է համակարգից՝ տնային այցելությունների հիման վրա։ 11 հազար ընտանիք ընդգրկվել է համակարգում քվոտաների շրջանակներում։ Բացի դրանից, հունվար ամսին մենք մտցրինք էլեկտրաէներգիայի չափաքանակի ստուգումը։ Դա էլ հերթական ուռկան էր, զտիչ էր, որով եւս կարողացանք մի քանի հազար հարուստներ հանել ցուցակներից։ Եվ եթե այս բոլոր քայլերի արդյունքում համեմատում ենք հունիսի ցուցակների որակական կազմը հունվարի հետ, կարող ենք ֆիքսել, որ սրանք միանշանակ ավելի հասցեական, ավելի մաքրված ցուցակներ են։ Մեր խնդրանքով հարկային տեսչությունը մեզ տրամադրեց տոնավաճառներում առեւտրով զբաղվողների ցուցակները։ 1800 մարդու վերաբերյալ միայն Երեւանում ինֆորմացիա ենք ստացել։ 1800-ից շուրջ 120 մարդ էր ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված։ Փաստորեն հունվարից հունիս կատարված քայլերը բավականին մեծ արդյունք է տալիս։ Սակայն գալիս է մի պահ, երբ ժամանակը սկսում է համակարգի դեմ աշխատել։ Ինչո՞ւ։ Կարիքավորության գնահատման ցանկացած համակարգը հիմքում ունի իր էությամբ պայմանավորված մի շարք հիմնախնդիրներ։ Առաջինն այն է, որ պարամետրերի արժեքները ժամանակի ընթացքում փոփոխությունների են ենթարկվում (ընտանիքում կա երեխա, որը ժամանակի ընթացքում չափահաս է դառնում եւ այլն), եւ պատահում է, որ այդ պահից սկսած ընտանիքը կորցնում է իր կարիքավորության միավորը։ Թեպետ ընտանիքը դրանից չի հարստանում, նա ոնց որ մեկ ամիս առաջ էր աղքատ, այդպես էլ աղքատ է մնում։ Այս դժգոհների թիվը ամսեամիս մեզ ուղեկցում էր։

– Բայց այդ դժգոհությունը ճիշտ է եւ շատ տեղին։

– Դժգոհությունը ինչ-որ տեղ ճիշտ է, բայց ինչ-որ տեղ, համակարգի տեսանկյունից՝ ոչ. քանի որ մարդը չափահաս է դարձել, աշխատունակ է եւ կարող է աշխատել։ Չնայած աշխատելու տեղ չկա, բայց դա էլ ուրիշ խնդիր է։ Ամեն ամիս այսպիսով համակարգից դուրս էր մնում 2-3 հազար մարդ։ Այս պրոբլեմը ցանկացած համակարգ ունի, ոչ միայն «Փարոսը»։ Երկրորդ հիմնախնդիրն այն է, որ կարիքավորության գնահատելը յուրաքանչյուր տարի պետք է կատարելագործվի։ Մեզ մոտ կարիքավորությունը բնութագրող պարամետրերը չեն կարծրացել, չեն դարձել այնպիսին, որ երկար ժամանակ նույնությամբ մնան։ Ի՞նչ է նշանակում, որ բանաձեւը պետք է փոփոխվի։ Եթե մի նոր պարամետր առաջացավ, ապա ըստ դրա բոլոր ընտանիքները պետք է տեղեկանքներ ներկայացնեն, մտցնեն համակարգիչ եւ նոր բանաձեւի հիման վրա հաշվարկվի բոլորի միավորները։ Այս դեպքում հնարավոր է, որ 230 հազարից 50 կամ 80 հազարը դուրս գան համակարգից եւ նոր մարդիկ մտնեն։ Այս դեպքում հաստատ կխաթարվի պետության սոցիալական անդորրը։ Սա արդեն պայթյունավտանգ ռումբ է, եւ բնականաբար, քաղաքականություն մշակողը չի կարող հաշվի չառնել նաեւ այսպիսի հետեւանքները։

Եվ երրորդ հիմնախնդիրը զուտ գործառնական հիմնախնդիր է։ Քանի որ վերջին տարիներին, իրոք, բոլորի մոտ ձեւավորվել է սպառողական հոգեբանություն, բնակչության մեծ մասը բացարձակապես դեմ չի ինչ-որ բան ստանալ։ Նայենք, թե ովքեր կարող են բնակչության այս մասի ցանկությունն իրականացնել։ Սոցիալական ծառայության աշխատակիցները ցածր աշխատավարձ են ստանում, շատերն էլ (չբացառենք) կարող են քաղաքացիներին «խորհուրդ» տալ, թե ինչպիսի տեղեկանք ներկայացնեն, որ ընդգրկվեն համակարգում։ Այնուհետեւ, ո՞վ է տալու անհրաժեշտ տեղեկանքները՝ տնային կառավարչությունում, կոոպերատիվի նախագահ, համայնքապետ եւ այլն։ Դե, նրանք էլ երեւի դեմ չեն որոշակի ակնկալիքով տեղեկանք տալ։ Այսինքն եթե համադրում ենք այս բոլոր տարրերը, ստացվում է մի շատ հետաքրքիր վիճակ։ Ո՞վ է սրա դեմ առնելու։ Առաջին հերթին նախարարությունն իր փոքրաթիվ ուժերով, որ պետք է տեղերում ուսումնասիրություններ, ստուգումներ կատարի, փորձի պարզել այդ հարյուր-հազարավոր տեղեկանքների իսկությունը։ Այս բոլոր հիմնախնդիրները վերլուծելով որոշվեց, որ պետք է համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը թողնել անփոփոխ։ Մայիսի դրությամբ համակարգում ոչ ավել, ոչ պակաս 230 հազար ընտանիք կար։ Պետք է հնարավորություն տալ անփոփոխ պայմաններում մեկ ընտանիքը մյուսով փոխարինելու գործողություն կատարել։ Միայն այս պայմանով համակարգում նոր ընտանիք կընդգրկվի։

– Սակայն, պարոն Եգանյան, նման որոշում ո՞վ պետք է կայացնի, որ լինի անկողմնակալ եւ ճիշտ։ Միշտ կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն հանուն իրենց նեղ շահի աշխատել։

– Կառավարության որոշման մեջ այդ իրավասությունը տրված է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այս մարմնի օղակներից ընտրված է համայնքի ավագանին, որ միանձնյա որոշման խնդիր չլինի։ Համայնքի ավագանուն փոփոխության մասին եզրակացություն պետք է ներկայացնի սոցիալական ծառայությունը։ Պետք է ներկայացնի մի շարք կողմնորոշիչների հիման վրա, որը մշակել է նախարարությունը, կարիքավորության որոշումը ճշգրիտ գիտություն չէ։ (Կողմնորոշիչների մանրամասն նկարագրությունը չենք ներկայացնում տեղի սղության պատճառով- Մ. Ե.)։ Եթե հարուստ ընտանիքը հայտնաբերում է համայնքը, համայնքն էլ փոխարինում է իր մեկ այլ աղքատ ընտանիքով։ Իսկ եթե հարուստ ընտանիքը հայտնաբերի նախարարությունը, ապա հնարավոր է, որ այդ տեղը անցնի այլ մարզի։ Սա թույլ է տալիս, որ նպաստի տեղերի ներհոսքի հնարավորություն տրվի ավելի հարուստ համայնքներից դեպի աղքատ համայնքներ։

Հարցազրույցը՝

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930