Հերթական անգամ, ասում են՝ այս անգամ հանրապետության նախագահի հրավերքով, հունիսի 7-ին Հայաստան ժամանեց հայտնի գործարար Ջոն Հանթսմանը։ Որպես գործարար Հանթսմանը առաջիններից մեկն է եղել, որ լուրջ ներդրում կատարեց մեր հանրապետությունում՝ հայկական կողմի հետ ձեւավորելով «Հանթսման-Հայաստան» հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը։
Հայտնի գործարարին Հայաստան բերող ինքնաթիռի վայրէջքի մասին մի քանի տարբեր ժամեր նշվեցին։ Սակայն վայրէջքի ճշգրիտ ժամը ոչ ոք ճիշտ չէր կանխագուշակել. ինքնաթիռը վայրէջք կատարեց ոչ այն է 16.30-ին, ոչ այն է 17.00-ին, այլ 16.45-ին։ Ջոն Հանթսմանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայան էին եկել բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ քաղաքաշինության նախարար Ֆելիքս Փիրումյանը։ Չնայած չասվեց, սակայն բոլորն էլ հասկացան, թե ինչու վարչապետ Արմեն Դարբինյանը չի դիմավորում Ջոն Հանթսմանին։ Միակ հարցը, որ մեղվի բվվոցի նման հնչում էր՝ այն է, թե նախագահն արդեն ստորագրե՞լ է արդյոք Արմեն Դարբինյանի հրաժարականի մասին հրամանագիրը։ Իսկ թե ինչու են հատկապես վերը նշված նախարարները դիմավորում՝ լրագրողներիս հուզող այս հարցին նախագահի նստավայրի աշխատակիցներից մեկն անզգուշորեն թռցրեց. «Հազիվ են այս երկուսին գտել»։ Ինչեւէ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, նախարարները համբուրվեցին եւ ողջագուրվեցին Ջոն Հանթսմանի հետ։
Ընդունված կարգի համաձայն լրագրողների մոտով անցնելիս Ջոն Հանթսմանը պատասխանեց վերջիններիս հարցերին։ «Սա մեծ պատիվ է, նաեւ առավելություն վերադառնալ հայրենիք, իմ երկիրը՝ Հայաստան։ Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին, ես նորից այն զգացողությունն ունեմ, ասես տուն եմ վերադարձել։ Ես միշտ հուսով եմ, որ Աստված օրհնում է այս ժողովրդին եւ միշտ Աստծո օրհնությունը ձեզ հետ է։ Ես այս անգամ այստեղ եմ, որովհետեւ պատրաստվում ենք սկսել մի նոր դպրոցի եւ բազմաթիվ բնակարանների շինարարություն։ Ինչպես նաեւ պատրաստվում ենք հիմնել մի նոր ձեռնարկություն, որը կարտադրի տանիքի կղմինդրներ։ Ես շատ ուրախ եմ եւ հպարտ, որ այս մեծ երկրում եմ եւ ակնկալում եմ, որ դուք միշտ կունենաք երջանկություն, խաղաղություն ձեր ընտանիքներում, ինչպես նաեւ շատ շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,- սիրո եւ խոստովանության ջերմ խոսքեր հղեց հայ ժողովրդի մեծ բարերար Ջոն Հանթսմանը։
Այցելության շրջանակներում այսօր, Երեւանում տեղի կունենա բետոնե կղմինդրի արտադրության բացման արարողությունը, պարոն Հանթսմանը կայցելի Գյումրի։
Կարդացեք նաև
Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ