Գյումրիում ընտրական ամենամեծ անակնկալը թիվ 63 ընտրատարածքի արդյունքներն էին։ Նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը, որը մինչեւ այսօր էլ շարունակում է վերահսկել մարզպետարանի աշխատանքը, ընտրությունների արդյունքում հայտնվել է 6-րդ տեղում՝ հավաքելով ընդամենը 411 ձայն։
Մինչդեռ, ըստ ականատեսների, մայիսի 29-ին Գիտությունների ազգային ակադեմիայի Գյումրիի մարզային բաժանմունքի շենքում, կատարելով «Ընտրական օրենսգրքի» պահանջները, Արարատ Դվինիչը հավաքել էր մարզային վարչակազմը ներկայացնող մոտ 450 պաշտոնյաների եւ տվել նախընտրական հանձնարարականներ։ Մայիսի 31-ին տեղեկանալով արդյունքներին, Արարատ Դվինիչը բացականչել է. «Ես լուրջ ծրագրեր ունեի, որ միասին պետք է իրականացնեինք, հիմա այս արդյունքներով ինչպես մտնեմ կառավարություն»։ Պրն Գոմցյանից ավելի շատ տուժել են Գյումրիի շինարարական կազմակերպությունների ղեկավարները, որոնք ընտրատարածքների դիմաց կանխիկ գումարներ են վճարել ընտրողներին։ Ի վերջո այս մարդկանց հիմնական կարողությունը ձեւավորվել է Արարատ Գոմցյանի հետ համագործակցության արդյունքում շինարարության գումարները յուրացնելով։ Սակայն ընտրողների ատելությունն այնքան մեծ է եղել, որ նրանք վերցնելով գումարը, չեն քվեարկել նախկին մարզպետի օգտին։
Նույն ընտրատարածքում անհաջողության է մատնվել նաեւ մարզային դատախազ Ավագյանի պաշտպանյալ Լավրենտի Կակոսյանը, չնայած ծավալված ակտիվ հակաօրինական գործողություններին։ Այսպես, թեկնածու Լավրենտի Կակոսյանը դատախազի օգնական, ՀՀՇ վարչության անդամ Սամվել Հարությունյանի ուղեկցությամբ մտել է ընտրատեղամասեր եւ կարգադրություններ արել հանձնաժողովի անդամներին։ Կահույքի ֆաբրիկայի խանութում տեղակայված ընտրատեղամասում պրն Կակոսյանը վեճի է բռնվել հանձնաժողովի նախագահ Նելլի Կարապետյանի հետ, սակայն հանձնաժողովի անդամները միջամտել են վեճին, ստիպելով նրանց դուրս գալ ընտրատեղամասից։ Քիչ անց դատախազի օգնականն ու պատգամավորության թեկնածուն ընտրատեղամաս են վերադարձել մարզային դատախազ Ավագյանի հանձնարարական նամակով, որով վերջինս պահանջել է հանձնաժողովի մեջ ընդգրկել Սուրեն Քյուրքչյանին։ Երբ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է կատարել այս պահանջը, նրան բռնությամբ տարել են անհայտ ուղղությամբ եւ բաց թողել 30 րոպե անց։ Թիվ 64 ընտրատարածքում գտնվող 5-րդ դպրոցում դանակահարվել է Համլետ Գրիգորյանի վստահված անձը, իսկ թիվ 66 ընտրատարածքում, որտեղ քվեարկվում էր եւ պատգամավոր դարձավ Մուշեղ Սաղաթելյանի եղբայր Սամվել Սաղաթելյանը, քվեարկությունը եղել է բացառապես բաց։ Այս ընտրատարածքն ընդգրկող Պեմզաշեն, Մարալիկ գյուղերի մեր զրուցակիցները պատմում էին, որ իրենց գյուղերում այնպիսի մթնոլորտ էր, որ քվեաթերթիկ ծալելը հավասար էր քրեական հանցագործության եւ դրան համարժեք պատիժներով։
Եթե հանրապետությունում այս անգամ լուրջ էր ցուցակների հարցը, ապա Գյումրիում այդ հարցը միշտ էլ մեծ դժվարություններ է առաջացրել։ Մեզ հանդիպող բազմաթիվ գյումրեցիներ բողոքում էին ոչ միայն նրանից, որ իրենց անունները չեն եղել ցուցակներում, այլ նաեւ, որ իրենցից շատերին ստիպել են «ինքնակամ» հրաժարվել մասնակցել ընտրություններին։ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովը կրկնակի քվեարկությունը բացառելու համար որոշում է կայացրել, որ տեղամասային հանձնաժողովները պետք է կնքեն անձնագրերը։ Քաղաքացիները մտահոգված են, որ այդ կնիքները «փչացնում» են իրենց անձնագրերը, եւ դրանք հետագայում կարող են անօգտագործելի դառնալ։ Չնայած դրան, կան քաղաքացիներ, որոնք քվեարկել են մի քանի անգամ, սակայն նրանց անձնագրերում կնիքի ոչ մի հետք չկա։
Կարդացեք նաև
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ