Հարցազրույց Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանի հետ
-Պարոն Կարապետյան, նախընտրական ընտրարշավը եւ հետո ընտրություններն ինչպե՞ս անցան մարզում։
– Մեր մարզն այն մարզերից է, որտեղ ընտրությունների ընթացքում արտառոց բաներ տեղի չունեցան։ Շատ նորմալ է անցել, շատ հանգիստ։ Ես իհարկե լսել եմ, տարբեր տեղերում տարբեր բաներ են խոսում, գյուղեր են բոյկոտել եւ այլն։ Նման բաներ մեր մարզում չի եղել։ Նախընտրական շրջանը շատ նորմալ անցավ, արդար պայմաններում, անկողմնակալ։ Նաեւ առողջ մրցակցություն էր եւ ընտրությունների օրն էլ բացառություն չկազմեց։ Որեւէ ահազանգ այդ օրը ես չեմ ստացել, իրավապահ մարմինների հետ աշխատել ենք, ոստիկանությունը չի միջամտել։
– Ո՞ր կուսակցությունը եւ ո՞ր դաշինքը որքան ձայն հավաքեց մարզում։
Կարդացեք նաև
– Ամենաբարձր տոկոսը հավաքել է «Միասնություն» դաշինքը, շուրջ 18 հազար ձայն է հավաքել։ – Այդ փաստը չի վիրավորո՞ւմ ձեր կուսակցական սպասելիքները։ – Բացարձակ, բացարձակ։ Սպասում էինք դրան։
– Ինչո՞ւ։
– Որովհետեւ այստեղ կա Դեմիրճյանի ֆենոմենը, նաեւ այլ-այլ հանգամանքներ։
– Պարոն Կարապետյան, Դաշնակցությունը, իմ սուբյեկտիվ դիտարկմամբ ակնկալում էր առավել ձայներ հավաքել հենց Արագածոտնի մարզում, հաշվի առնելով, որ մարզպետը դաշնակցական է։
– Գիտեք, ես հպարտ եմ, որ մեր մարզում Դաշնակցությունը կրկնակի ձայներ հավաքեց, համեմատած մյուս մարզերի հետ, շուրջ 14 տոկոս։ Ես սա գնահատում եմ նաեւ որպես իմ աշխատանքի արդյունք։ Ինքնագովությամբ չեմ զբաղվում, բայց կարծում եմ, որ տարբերությունը ինչպե՞ս պետք է բացատրել։ Հավանաբար, բացատրվում է նրանով, որ մարզպետը դաշնակցական է եւ ժողովուրդն էլ ինչ-որ առումով գնահատել է այդ աշխատանքը։
– Մարզպետն, անշուշտ, բազմաթիվ լծակներ եւ հնարավորություն ուներ ընտրությունների վրա ազդելու։ Դուք ո՞ր լծակներն եք օգտագործել։
– Բացարձակ, ոչ մի լծակ։ Հետո, գիտեք ինչ, մեր մարզում շատ են մշեցիները, սասունցիները, որոնց մեջ պահանջատիրական ոգին կա։ Նրանք էլ ավանդաբար Դաշնակցությանը համակիր են։
– Այնուամենայնիվ, «Միասնությունը» հաղթեց։
– Այո, «Միասնությունը» հաղթեց, կոմկուսն էլ բավականին ձայներ հավաքեց, բայց, կրկնում եմ, Դաշնակցությունը ի տարբերություն այլ մարզերի, մեզ մոտ ամենից բարձր տոկոս ձայները հավաքեց։
– Ձեր կուսակցության Գերագույն մարմինը այդ տոկոսների համար ձեզ գովե՞ց, շնորհակալություն հայտնե՞ց։
– Չէ, մենք այդպիսի ավանդույթ չունենք, ճիշտն ասած, գործ է, անում ենք։
– «Միասնություն» դաշինքի ճնշող մեծամասնությունը նորընտիր խորհրդարանում, որեւէ կերպ կազդի՞ ձեր մարզպետության վրա։
– Ժամանակը ցույց կտա, բնական է, որ ուժերի վերադասավորում կլինի։ Եթե ապագա վարչապետը հարմար գտնի, որ իմ աշխատանքը շարունակվի, ես կշարունակեմ իմ աշխատանքը, մանավանդ, համարում եմ, որ անցած տարվա ընթացքում քիչ բան չի արվել, շատ բան է արվել, նկատի ունեմ կապիտալ շինարարության, ջրագծերի, բնակարանային շինարարության գծով։ Առաջին անգամ մեր մարզը մտավ աղետի գոտու ծրագրի մեջ, բավականին մեծ հատկացումներ ունենք։ Ծրագրեր շատ ունենք, ես պատրաստ եմ դրանք իրականացնել։
– Պարոն մարզպետ, Աշնակ գյուղից եւս լուրջ սպասելիքներ կային, բայց այս գյուղում եւս Դաշնակցությունը քիչ ձայն է հավաքել։ Ասում են գյուղում 178 դաշնակցական կա, որից 20-ն է ձայն տվել հարազատ կուսակցությանը։
– Չէ, այդպիսի բան չկա։ Այդ գյուղում ամենաշատը 10 դաշնակցական կա, բայց գյուղում 158 մարդ քվեարկել է հօգուտ դաշնակցության։
Հարցազրույցը՝
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ