Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն թեկնածու ասում է՝ ես եմ հաղթել

Հունիս 08,1999 00:00
yntrutyun

1995-ի խորհրդարանական ընտրություններից այս կողմ ազգովի խոսում ենք, թե ինչպես է պետք հաջորդ ընտրությունն անցկացնել, իսկ այն, ինչ տեղի է ունեցել այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող թիվ 15 ընտրատարածքում, միարժեքորեն մեկ եզրակացության է բերում, թե ինչպես չի կարելի ընտրություն անցկացնել։

Սա հաստատապես այն դեպքն է, որ պիտի անպայմանորեն մեղավորները պատժվեն, թեկուզեւ ընտրական գործընթացի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի համար։

Իսկ թե ինչ է տեղի ունեցել ընտրատարածքում՝ պարզաբանումը սկսենք Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովից։

– Չեմ մասնակցել, չեմ քվեարկել, չգիտեմ։ Լավ եմ արել։

Սա հանձնաժողովի քարտուղար Անահիտ Բալասանյանն էր, որն իր չմասնակցած-չքվեարկած լինելով կանխեց բոլոր հարցերս։ Եվ ընդհանրապես, մարզային ընտրական հանձնաժողովում բոլոր անդամները գրեթե ձեւ էին անում, թե ինչ-որ կարեւոր բանով են զբաղված եւ հարցերի պատասխանել չեն կարող։

Չհրաժարվողներից էր այդ մարմնում ՀՅԴ ներկայացուցիչ Նվեր Առաքելյանը. «Այն սկզբունքը, որով առաջնորդվեցինք բեկանելով թիվ 15 ընտրատարածքի արդյունքները, կարելի է բեկանել ամբողջ Երեւանի արդյունքները»։

Մեր զրուցակիցը վկայեց, որ ի տարբերություն բազմաթիվ ընտրատարածքների, որոնցից պարզապես բողոքաթափ է եղել ՄԸՀ-ի վրա, թիվ 15 ընտրատարածքում բողոքներն ընդամենը 2-ն են եղել։

Առանց որեւէ հիմքի բացվել են նաեւ քվեաթերթիկներով ծանրոցները։ Դրա համար հարկավոր է հանձնաժողովի 2 անդամի կամ 1 վստահված անձի գրավոր պահանջը։ Նման փաստաթուղթ գոյություն չունի։ Այդուհանդերձ, ծանրոցները բացվել են, որոնցով ըստ ՄԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցչի, փորձել են տպավորություն ստեղծել, թե կան անճշտություններ։ Արձանագրությունները, որոնք ներկայացվել են մարզային հանձնաժողովին, թերի են եղել, այնինչ հայտարարված պատգամավորի վստահված անձը ձեռքի տակ ունեցել է տեղամասային հանձնաժողովների բոլոր անդամների ստորագրություններով վավերացված արձանագրություն։ Հետո, մեր զրուցակցի վկայությամբ, գործի է դրվել 2-րդ սցենարը. «Սկսվեցին հեքիաթներ, հեքիաթներ, ամբողջը ջուր»։

Փաստարկվել է, թե հանձնաժողովի աշխատանքը վատ էր կազմակերպված. «Մի տեղ իբր, հանձնաժողովում իրար միս են կերել, վիճել են»։ Իսկ վիճաբանության արդյունքում շուրջ 5-6 տասնյակ զինվորական հնարավորություն չի ունեցել քվեարկել՝ «այն դեպքում, երբ հանրապետությունում բռնադատվել է 200-250 հազար ընտրողի քվեարկելու սահմանադրական իրավունքը»։ Մեկ այլ տեղամասում, «Այգ» հեռուստատեսության թղթակիցն արձանագրել է, թե 15 րոպե տեղամասը շուտ է փակվել։

Մեկ այլ տեղ, քվեաթերթիկները հաշվել են ոչ թե մեկիկ-մեկիկ տուփից հանելով, ինչպես պահանջում է օրենքը, այլ արկղը գետնին շուռ տալուց հետո։

Այս փաստերը միանգամայն տարբեր եզրակացության են հանգեցրել Երեւանի ՄԸՀ-ի նախագահ Վաղարշակ Մանուկյանին։ Նա նույնիսկ չգիտեր, թե ինչից սկսեր, քանի որ այնքան բան է եղել. «Տեղամասային հանձնաժողովի աշխատանքները նորմալ կազմակերպված չեն եղել», ինչը, ՄԸՀ-ի նախագահին հիմք էր տալիս եզրակացնել, թե պարզ չէ՝ ով է մեծամասնական կարգով հաղթել ընտրատարածքներում։

Հիմա անցնենք ընտրատարածք։ Առաջին 2 տեղերը գրավել են երկուսն էլ իրենց անկուսակցական հռչակած Սամվել Ավետիսյանը, որին նրա մրցակից Սերգեյ Երիցյանը կոչել էր Յարմրկի Սամվել, եւ Վլադիկ Աբրահամյանը, որին իր երկրապահ ընկերները ոչ պաշտոնապես աջակցում էին ընտրությունների ժամանակ։

Հիմա լսենք թեկնածուի նախընտրական շտաբի պետ Գարեգին Համբարձումյանին. «Մեզ համար եւս մեծ անակնկալ էր, որ ընտրությունն անվավեր ճանաչվեց։ Նախնական տվյալներով մեր թեկնածուն հաղթել էր մոտ 127 ձայնի առավելությամբ։ Քանի որ վճիռն ի վերջո ընդունված է, մենք մտադիր ենք խնդիրը ներկայացնել Սահմանադրական դատարան, որի դրական կամ բացասական որոշումից հետո միայն նոր ընտրություն կանցկացվի տարածքում»։

– Իսկ ի՞նչ եք ենթադրում, ինչո՞ւ Սամվել Ավետիսյանի անունը հայտարարելուց հետո ՄԸՀ-ն ընտրությունն անվավեր ճանաչեց։

– Այլ կուսակցությունների եւ թեկնածուների նման մենք անպատասխանատու հայտարարություններ չենք անում։ Մենք պահպանում ենք բոլոր բարոյական նորմերը։ Թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարը հերքեց տեղամասերից մեկի 20 րոպե շուտ փակված լինելու պնդումը։

Իսկ հիմա լսենք մրցակցության մեջ մտած մյուս թեկնածուին՝ Վլադիկ Աբրահամյանին.

– Ես կողմ եմ, որ ընտրությունը անվավեր է ճանաչվել, նորից պիտի անցկացվի։ Ես եմ հաղթել բոլոր տեղամասերում, բայց արդյունքներն աղավաղել են։ Օրինակ՝ ընտրատեղամասերից մեկում, ես չգիտեմ, որքան թերթիկ են գրպաններից խառնել շուռ տված քվեարկղի թերթիկներին։

Թիվ 11 մանկապարտեզում, երբ տեսել են ժողովուրդը քվեարկել է իմ օգտին, հանձնաժողովի նախագահը փախել է, հետո բռնել են-բերել, բայց նորից է փախել՝ մի 5 անգամ։ Չգիտեմ՝ սա ընտրություն էր, թե՝ քաոս։

Միով բանիվ՝ ընտրությունը նորից տեղի կունենա 20 օրվա ընթացքում եւ կվերաքվեարկվեն նախկին թեկնածուները, ինչպես պահանջում է օրենքը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930