Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեականները չեն ընտրվել, նշանակվել են»

Հունիս 08,1999 00:00
azat arshakyan

Համոզված է Ազատ Արշակյանը

Ում ում՝ բայց քաղաքական հոդվածներով կրկնակի դատված, բանտերում մոտ 10 տարի անցկացրած Ազատ Արշակյանի համար, այսպես կոչված՝ «հեղինակությունները», որ տպավորիչ հաղթանակ տարան մեծամասնական ընտրակարգով՝ չպիտի ինչ-որ արտառոց երեւույթ լինեին։ Բայց բավական տխուր բաներ ասաց ե՛ւ նրանց, ե՛ւ այս ընտրությունների մասին։

«Նորերի նկատմամբ անվստահության պատճառն այն է, որ չենք վստահում նրանց քաղաքացիական դիրքորոշմանը՝ ի՞նչ մոտեցում ունեն աշխարհին, կյանքին, այս երկրին, մեր ժողովրդին։ Այս ամենը մութ է՝ նրանք երբեւէ չեն դրսեւորվել որպես քաղաքացիներ։ Կարծում եմ, որ եթե պարզվի, որ այդ դիրքորոշումը չկա էլ՝ չափազանց թանկ կվճարենք դրա դիմաց, որ ընտրել ենք մարդկանց, որոնք իրենց տեղում չեն։

Խախտումներն իրականում տեղի են ունեցել նախաքվեարկային ժամանակաշրջանում։ Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հեռացվեցին ասպարեզից նախընտրական արշավից էլ առաջ՝ սա է ամենավատը։ Իհարկե, հաշվարկների ժամանակ էլ են անարդարություններ եղել՝ օրենքը դրա հնարավորությունը տալիս է։ Բայց չեմ ուզում ասել՝ օրինակա՞ն է այս խորհրդարանը, թե՞ ոչ։ Կյանքը ցույց կտա, սա ժողովրդի՞ ընտրությունն էր…

Ես չեմ հավատում, որ որեւէ հասարակություն քրեականներին պետական պաշտոնների կընտրի։ Հետեւաբար, ընտրություն տեղի չի ունեցել՝ նրանք նշանակվե՛լ են։ Ձեւն այդ է՝ նախաքվեարկային ամբողջ ընթացքը հօգուտ քրեականների էր եւ նրանց նվաճած մեծ տոկոսը դրա ապացույցն է։ Մինչդեռ այդ խավից մի հոգի պիտի լիներ՝ որպես նմուշ, որ ինչպես պոռնոաստղ կամ պանկ պատգամավորներ են լինում՝ գուցե մի քրեական «աստղ» ունենայինք խորհրդարանում՝ որպես բացասական բեւեռ, որպես օրինակ, թե ում չի կարելի ընտրել։ Ցավոք սրտի, հակառակը ստացվեց ու այսպիսի ընտրություններ կազմակերպելու համար մենք կվճարենք։

Իշխանությունները պարտավոր էին ապահովել ե՛ւ ցուցակների ճշգրտությունը, ե՛ւ… լավ եղանակը, մեր մեջ ասած (այս պահից արդեն դժվար էր որոշել՝ պրն Արշակյանն այս ամենը լո՞ւրջ է ասում, թե՞ հերթական անգամ իր յուրահատուկ հումորն է ցուցադրում- Ա. Ի.)։ Պետք է աղոթեին Աստծուն, որ այդ օրը զով լիներ։ Մենք, ի դեպ, աղոթողներ էլ ունենք հատուկ՝ նրանք չեն բարեմաղթել։ Ինձ զարմացրեց, որ Հայ առաքելական եկեղեցին չաղոթեց, որ Աստված քաղցր աչքով նայի այդ ընտրություններին եւ խեղճ ժողովրդին պաշտպանի։ Համենայն դեպս, որպես ընտրող, այդ մասին չեմ իմացել»։

Ահա այսպիսի անակնկալ վերջաբան՝ սկզբնապես բավական դառը մի զրույցի։ Բայց դե էլ ում մտքով կանցներ ընտրությունների այսպիսի ընթացքի համար պատասխանատու համարել առանձնակի ջերմեռանդությամբ չաղոթողներին, եթե ոչ Քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնադիր նախագահի։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930