Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒ՝ ՄԵՐ ՎԵՐՋԻՆԸ՝ ԽԻՍՏ ԻՄԱՑԱԲԱՐ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱԿԸ՝ ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ

Հունիս 08,1999 00:00
AJ

Այս Ազգային ժողովի վերջին եռօրյան սկսելու առաջին օրվա փորձն անհաջող էր՝ ընդամենը 75 պատգամավոր էին գրանցվել։

Հետաքրքիր ու հակասական մթնոլորտ է այժմ ԱԺ-ում։ Բավական ճնշող է՝ զմռսված դռներ, իրենց թղթերը ցելոֆանե տոպրակներով դուրս բերող պատգամավորներ։ Միաժամանակ շատերն իրար շնորհավորում են՝ չէ որ այս ԱԺ-ի կազմից 43-ը վերընտրվել են։ Մեկն, ասենք, «Հայհրուշակի» խորհրդի նախագահ Հարություն Ղարագյոզյանն է կամ, իր ավելի տարածված անունով՝ Կարամելի Հարութը, որի վստահված անձինք 1995-ին ձորում այնքան էին ծեծել հանձնաժողովի անդամ մի դաշնակցականի, որ անգամ վիրահատությունը նրան չփրկեց, ի վերջո մահացավ (բավական ժամանակ է անցել՝ մանրամասները ջնջվել են հիշողությունից)։

Վերընտրվել է նաեւ «Երեւանի ալրաղաց» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Գեւորգ Դավթյանը, որ 1996-ի սեպտեմբերի 26-ին Պարույր Հայրիկյանի վրա հարձակվողն էր։

Մի խոսքով, կարելի է ասել, որ 1995-ի խորհրդարանի «պարծանք» դարձած պատգամավորները, որ նաեւ բոլոր տարիներին հերոսաբար ծպտուն իսկ չէին հանել եւ օրենքի բառ անգամ չէին գրել, այժմ արժանիորեն տեղ են գրավել նոր խորհրդարանում։

Ի դեպ, 43 վերընտրվածներից 23-ը «Երկրապահ» խմբի անդամներ են։

Լրագրողները երեկ շրջապատել էին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին, որի բախտը բերեց եւ նա Թարախ Գագոյի, Բոմոյի Բարիսի, Լոբի Ալիկի, Բեդնի Հակոբի եւ այլ խիստ հեղինակավոր անձանց հետ նույն կարգավիճակը չի ունենա։ Բայց երբ «Առավոտը» պրն Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք իր կանխատեսմամբ, արդյունավե՞տ կլինի շուրջ 20 այդ ընտրյալների օրենսդրական գործունեությունը, բավական զուսպ պատասխան հետեւեց. «Ընդհանրապես չեմ փորձի որեւէ մեկին որակել (եւ խոսքը ձեր ասած կոնտինգենտի մասին չէ, այլ ընդհանրապես), քանի դեռ նրան այդ պաշտոնում կամ դերակատարման մեջ չեմ տեսել։ Միգուցե կարո՞ղ ենք ենթադրել, որ նրանցից ոմանք որպես պատգամավոր անհամեմատ ավելի հաջող կարող են գործել, քան… ասենք թե՝ ես։ Ինչո՞ւ եք մերժում դա։ Սպասենք, կապրենք, կտեսնենք»։

Խոսրով Հարությունյանի համար մի երեք նոր պաշտոն նշում են՝ արտգործնախարարից մինչեւ Երեւանի քաղաքապետ ու Ռուսաստանում Հայաստանի դեսպան։ «Առավոտի» մյուս հարցին ի պատասխան, թե իրեն որեւէ առաջարկ արվե՞լ է (մտաբերեցինք նաեւ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ափսոսանքը՝ ԱԺ ներկա նախագահի չընտրվելու առնչությամբ), Խոսրով Հարությունյանն ասաց. «Պաշտոնապես՝ առաջարկ չի արվել։ Մենք զրուցել ենք, խոսել, որ մեր մեկամյա համագործակցությունը… ոչ միայն մեկամյա, երեւի նաեւ՝ որպես վարչապետի գլխավոր խորհրդական երկուստեք բավարարել է, այսինքն՝ երկուսս էլ բավարարված ենք մեր համագործակցությունից։ Եվ հետագայում էլ համագործակցության ամենահնարավոր տարբերակները կարող են լինել»։ Ի դեպ, ասաց, որ ընդամենը մեկ շաբաթ է հանգստանալու։ Թերեւս, հենց մեկ շաբաթ հետո՞ է հայտնի դառնալու նոր կառավարության ճակատագիրը։

Արդեն իսկ հրաժարական ներկայացրած Արմեն Դարբինյանի գործունեությունը խնդրեցինք համառոտ գնահատել եւ նաեւ, թե արդյոք կառավարության այն ծրագիրը, որ մեկ տարի մեկ ամիս առաջ ներկայացվեց ԱԺ-ին՝ գոնե դույզն-ինչ չափով իրականացվեց. «Եթե կարճ ձեւակերպելու լինենք, պիտի ասեմ, որ կառավարությունը բավական ծանր պայմաններում էր աշխատում։ Ընդ որում, ինքն էր իրեն դրել այդ պայմանների մեջ եւ ոչ միայն իրենից կախված պատճառներով»։

Մինչ այժմ ներկայացնում էինք միայն «Առավոտի» հարցերի պատասխանները, այս մեկն «Ազատություն» ռ/կ-ի մեր գործընկերուհու հարցադրումն է. «Չի բացառվում, որ Կարեն Դեմիրճյանն ընտրվի ԱԺ նախագահ։ Ձեր գնահատականով, լա՞վ ժառանգորդ է»։ Խոսրով Հարությունյանն ի պատասխան նախ ծիծաղեց (թերեւս տարիքային առումով՝ միայն հակառակ իմաստով կարող էր ժառանգության խնդիր լինել). «Ես կարծում եմ, որ նրա փորձառությունը, գիտելիքները, հմտությունն, անկասկած, դրական լիցք կհաղորդեն խորհրդարանի գործունեությանը։ Ուզում եմ ենթադրել, որ ամեն ինչ լավ կստացվի։ Համենայնդեպս, շատ կուզենայի, որ այդպես լիներ»։ Բավական վերապահ պատասխան է, այնպես չէ՞։ Բայց դե, այսքանն է՞լ չլիներ։

Ի դեպ, ԱԺ ներկա նախագահի խորհրդական Վահագն Մկրտչյանն արդեն իսկ հրաժարական է ներկայացրել խորհրդարանում իր 8 տարվա գործունեությունից հետո. «Կարծում եմ տրամաբանական է, որ եթե ԱԺ նախագահը պաշտոնաթող է լինելու՝ իր աշխատակազմը եւս նրա հետ պիտի հեռանա։ Ընտրված նոր նախագահն ինքը կձեւավորի իր աշխատակազմը, կընտրի իր խորհրդականներին։ Կարծում եմ, այդպես ավելի ճիշտ է»։

ԱԺ աշխատակազմն առայժմ մնում է անփոփոխ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930