Լրահոս
Օրվա լրահոսը

ОН НЕ ПИНОЧЕТ․ ЕГО ФАМИЛИЯ-СТЕПАШИН․

Հունիս 08,1999 00:00
aph

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, որը տեղի ունեցավ հունիսի 4-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, առաջարկությունների պարբերականությամբ եւ օրիգինալությամբ աչքի ընկան ադրբեջանցիները։ Ըստ նախատեսվածի՝ խորհրդի նիստն այս անգամ պետք է նախագահեր Թուրքմենստանի վարչապետը, որը, սակայն, բացակայում էր։ Ադրբեջանի պատվիրակությունն անմիջապես առաջարկեց նիստը վարել ՌԴ վարչապետ Սերգեյ Ստեպաշինին։ Վերջինս բարեկրթորեն շնորհակալություն հայտնեց՝ հուշելով, որ նման իրավիճակներում սովորաբար նախագահողի հաճելի բեռն ընկնում է հյուրընկալող երկրի վարչապետի վրա։ Ինչը (եւ ոչ վատ) կատարեց Բելառուսի վարչապետ Լինգը։ Քննարկելով եւ ստորագրելով օրակարգային փաստաթղթերը, նիստի մասնակիցներն անցան ամենաանմեղ մի հարցի քննարկման. պարզապես պետք էր հաստատել ԱՊՀ կառավարությունների նախագահների խորհրդի հաջորդ նիստի նախագահողի անձը։ Այստեղ Ադրբեջանի պատվիրակությունը դարձյալ ձայն խնդրեց՝ առաջարկելով, որ հաջորդ նիստը նախագահի… Սերգեյ Ստեպաշինը։ Վերջինս ատամները սեղմած եւ երկաթյա ձայնով հատ-հատ արտաբերեց.

– Я ценю и впередь буду ценить ваше доверие.

Ապա ավելացրեց, որ ոչ պակաս է գնահատում նաեւ արդեն իսկ կայացված որոշումը, ըստ որի՝ հաջորդ նախագահող երկիրն ընտրվում է հատուկ սահմանված կարգով։ Եվ այն կլինի Ուկրաինան։

Ահա թե ինչքա՜ն ադրբեջանցիները սիրեցին Սերգեյ Վադիմովիչին։ Բայց, ինչպես ասում են, «սիրիր, սիրիր, բայց գլուխդ մի կորցրու»։

«Մենք»

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանը ներկայացնում էր վարչապետ Արմեն Դարբինյանը։ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հասկանալի,իսկ արտգործնախարար Վարդան Օսկանյանն անհասկանալի պատճառներով իրենց «ծանր էին պահել» եւ չէին եկել Մինսկ։ Առաջին փորձությունը, որը Մինսկում սպասում էր մեր վարչապետին (եւ որը նա, ի դեպ, գերազանց անցավ) այն էր, որ նրան աղուհացով դիմավորելու եկան ազգային մինի-տարազով երեք գեղեցկուհիներ։ (Ահա՛ նրանք) ՀՀ վարչապետը գեղեցկուհիների անսահման երկար ոտքերն ընկալեց զուսպ ժպիտով։

Բուն նիստը առանձնապես հետաքրքիր մանրամասներով աչքի չընկավ։ Բելառուսի վարչապետը նիստի սկզբում բոլոր մասնակիցներին խորհուրդ տվեց հարգել սեփական ստորագրությունները։ «Բանն այն է, որ չեն աշխատում անգամ վարչապետների ստորագրած փաստաթղթերը»,- ասաց պրն Լինգը եւ հույս հայտնեց, որ այդ նիստի ժամանակ ստորագրված փաստաթղթերը «պարզապես դատարակ թղթեր» չեն լինի։

Ստորագրված փաստթղթերի ցանկը բավական մեծ էր՝ ազատ առեւտրի գոտու ձեւավորման, ԱՊՀ երկրների ռազմատեխնիկական ծրագրերի մշակման, ֆինանսավորման, ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների փոխհամագործակցության, տեռորիզմի դեմ համատեղ պայքարի, հակամոնոպոլ քաղաքականության ժամկետի երկարաձգման (մեր վարչապետն էլ ստորագրեց սույն փաստաթուղթը, բայց, ոչինչ, չէ՞, որ օրենք այս մասին դեռ չունենք- Լ. Ա.), ԱՊՀ անդամ երկրների երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության հայեցակարգի հաստատման, Համագործակցության երկրների միացյալ բյուջեի մասին եւ այլն (փաստաթղթերի ցանկից ընտրեցինք առավել հետաքրքրություն ներկայացնողները- Լ. Ա.)։

Նրանք

ԱՊՀ երկրների կառավարությունների խորհրդի նիստը, ինչպես ասում են, անցավ փակ դռների ետեւում։ Ոչ մի լրագրողի թույլ չտրվեց ներկա լինել ո՛չ նիստին, ո՛չ էլ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը։

Նախատեսվել էր ասուլիս, սակայն նախատեսվածից մի երկու ժամ անցավ, բայց ասուլիսը տեղի չէր ունենում։ Բանն այն է, որ Բելառուսի նախագահ պրն Լուկաշենկոն ընդունել էր ԱՊՀ վարչապետներին եւ բազմազան նախարարներին ու ոչ մի կերպ չէր կարողանում իր կարոտը նրանցից առնել։ Նրա ջերմ վերաբերմունքի պատճառով հայ լրագրողներս (ու ոչ միայն մենք) այդպես էլ չկարողացանք մասնակցել Բելառուսի վարչապետի եւ ԱՊՀ գործադիր քարտուղարի ասուլիսին. ինքնաթիռից ուշանում էինք։ Այնպես որ, մեր՝ Բելառուս կատարած այցից հետո կարելի է պարզապես հետեւյալ եզրակացությունն անել. Մինսկը եվրոպական պարզ ճարտարապետություն ունեցող հաճելի մի քաղաք է, ուր մարդիկ տխուր են եւ շատ են գնահատում դոլարի «ինստիտուտը»։ իսկ այն, որ օտարերկրացիները ԱՊՀ նախագահներից հենց Լուկաշենկոյին են համարում ամենախարիզմատիկը, Բելառուսի քաղաքացիները զուսպ են ընդունում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930