Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՆԱ ԿԱՐԵՆԻՆԱՆ» ԵՎ «ՈՒԼՅԱՆՈՎԻ ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆԸ»

Հունիս 04,1999 00:00
moda

Ուսանողի հագուկապը կախված է նրանից, թե որ բաժնում է սովորում։ Օրինակ, եթե ժուռնալիստ ես, արեւելագետ կամ հատկապես հայ բանասեր, ուրեմն «նամուսով ես, բարոյական եւ մաքուրով տուն տանելու»։

Եթե ռոմանագերմանականից ես կամ ռուս բանասեր՝ բնութագիրդ լսելով, դժվար թե ուրախանաս։ Շատ դժվար է ԵՊՀ-ի ուսանողուհի լինել. դա նշանակում է, որ ամենուր, համալսարանի որ անկյունում էլ գտնվես, քեզ քննարկում են։ Այնպես որ, կա երկու տարբերակ. կամ դու աննշմարի մեկն ես, քո գոյության մասին մոռանում են, մյուսը՝ միշտ, ամեն օր, ամեն րոպե պիտի «ֆոռմի մեջ» լինես, թե չէ քրտնաջան աշխատանքով վայելած իմիջդ կփլուզվի վայրկենապես։

«Նամուսովների» հավաքական կերպարը. երկար զգեստ (ցանկալի է՝ սեւ), մուգ մոխրագույն զուգագուլպա, մազերդ երկար եւ հավաքած, աչքերդ ամոթխած հառած են գետնին, աշխատում ես ավելորդ ձայներ չհանել եւ գերազանցիկի տպավորություն թողնել։ Հեռու մնա տղաներից՝ նրանց բոլորի մտքին միայն մի բան է։ Լավ կլիներ, եթե դասի քեզ եղբայրդ բերեր։ Եվ, ընդհանրապես, հիշի՛ր, որ դու այս բոլորից վեհ ես եւ շուտով ամուսնանալու ես։

Անցումային տիպի կատեգորիան կոչվում է «Աննա Կարենինա»։ Բոլոր շորերդ անխտիր թավշյա են, սեւ, մուգ կարմիր, մուգ կանաչ։ Թարթիչներդ եւ եղունգներդ առնվազն 3 սմ են՝ բնական թե արհեստական՝ քո գործն է։ Հայացքդ թախծագորով է, փոքր-ինչ դժգոհ, դու բարոյականության մարմնավորում ես, միաժամանակ հանելուկային հայացքդ հասկացնում է, որ տղամարդու ամուր ուսի կարիք ունես։ Տանը ունեցած ամբողջ ոսկեղենը վրադ է (ծայրահեղ դեպքում կարելի է բիժուտերիա օգտագործել՝ բայց միայն ծայրահեղ, մորաքույրդ հաստատ կունենա մի շղթա, որը ժամանակավոր, ամուսնուց գաղտնի քեզ կտա)։ Մոտդ միշտ «կոշիկի շոր» ունեցիր։ Եթե ինչ-որ մեկին գայթակղելու միտք ունես, հագնում ես երեկոյան փայլուն զգեստդ. մի ուսը կարելի է բացել, գրգռաճեղքի կարը քանդել։ Թույլ մի տուր, որ զզվելի տղաները քո ներկայությամբ կատակներ անեն՝ հետո գլխիդ կնստեն, ասա՝ «յախք, լկտի» ու խիստ վիրավորված հեռացիր։

Եթե դու այս թվարկածներին չես պատկանում, ուրեմն համալսարան ես գալիս մեքենայով, որը մի կերպ ես վարում, իսկ «զադնի տալուց» տղաներից մեկին ես օգնության կանչում։ Մազերդ շատ երկար են ու խարտյաշ, աչքերդ անմեղություն են արտացոլում, շրթունքներդ այնպես են ընդգծված, որ բոլորը հիանան դրանց թմբլիկությամբ։ Հագնում ես մոդայիկ, երկար, սեւ, թափանցիկ խալաթ, տակից էլ անդրավարտիք ու «տոպ»։ Մայր բուհի դասերն էլ չափազանց երկարատեւ են, եւ ստիպված ես կեսից ասել, որ վատ ես զգում, դուրս գալ եւ ծխել՝ հանգցնելով ծխախոտը ամբիոնի վրա։

Չկարծեք, թե տղաներին ուշադրություն չի հատկացվում։ Բայց ամենահետաքրքիրը «Ուլյանովի պատանեկությունը» կոչվող կատեգորիան է։ Դա այն տղաներն են, որոնք ուսման ծարավ են, եւ գնահատական են ստանում իրենց երկար խոսելու համար, դասախոսները պարզապես վախենում են նրանցից։ Կրում են ակնոց եւ ծնկից մի փոքր կարճ վերարկու։

Կա ԵՊՀ-ում մի անհատ, որը պարզ չէ՝ ով է։ Նա հագնում է տղամարդու խիստ կոստյում, դեսանտավորի գլխարկ եւ դոշին վարդ է կպցնում։ Համալսարանի տարածքում է շրջում այնպիսի հայացքով, որը չի հանդուրժում հակաճառելու նշույլ իսկ։ Այս բոլորը մի կողմ՝ համալսարանում շատ-շատ են հաճելի, գեղեցիկ եւ առինքնող երիտասարդ ե՛ւ աղջիկներ, ե՛ւ տղաներ։

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Ռուս բանասեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930