Հարցազրույց Այդին Մորիկյանի հետ
-Ինչպե՞ս եք վերաբերվում ԱԺ այս ընտրություններին:
– Հանգիստ: Եղավ այն, ինչ պետք է լիներ եւ այնպես, ինչպես պետք է լիներ: Ոչ մի արտառոց բան, ըստ իս, տեղի չի ունեցել:
– Հապա ցուցակների հետ կապված խնդիրնե՞րը: Երբ մարդկանց փաստորեն զրկում էին իրենց սահմանադրական կարեւորագույն իրավունքից՝ ընտրելու իրավունքից:
Կարդացեք նաև
– Ընտրելու սահմանադրական իրավունքից մարդիկ, ըստ էության, զրկված են եղել տարիներ ի վեր: Ընդամենը ձեւերն են փոխվել, կատարման տեխնոլոգիան: Դե հո չի՞ կարելի միշտ նույն մեթոդը կիրառել: Նախ դա արդեն իսկ կձանձրացնի, հետո էլ դրա դեմ հակաքայլեր ձեռնարկելը ավելի հեշտ ու արդյունավետ կդառնա: Ու երկուսն էլ չէր կարելի թույլ տալ, դրա համար էլ ընտրվեց ընդամենը նոր մեթոդ:
– Ուզում եք ասել, որ մենք ընտրություններ ընդհանրապե՞ս չենք արել:
– Ոչ, ինչու՞: Իմ հիշողության մեջ գոնե չորս ընտրություն կա: 1989 թ. ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների թափուր տեղերի, 1990 թ. Գերագույն խորհրդի, 1991 թ. ՀՀ նախագահի եւ նույն թվի անկախության ընտրությունը: Իսկ այ, դրանց հաջորդած ընտրությունները՝ թե տեղական, թե հանրապետական բնույթի եւ թե անգամ իշխող կուսակցության ղեկավար մարմնի ընտրությունները մի քանիսի ճաշակ-քմահաճույքով կատարված նշանակումներ են եղել ընդամենը: Եվ բնավ էլ էական չէ, թե ինչպես է խախտվում քաղաքացու սահմանադրական իրավունքը՝ ձայնը հաշվի չառնելո՞վ, թե՞ ձայն տալու հնարավորություն չտալով, արդյունքը նույնն է: Դեռ երկրորդ դեպքում գոնե, ճիշտ է, քաշքշուկով, բայց կարող ես վերականգնել ձայնի քո իրավունքը, մինչդեռ առաջինում դա լիովին բացառվում էր:
– Այսօր շատ է խոսվում նաեւ արհեստական, այսպես ասած, անձնածին կուսակցությունների մասին:
– 1994-95-ին էլ դրանք եղել են: Հավելեմ նաեւ այն 1-2-3 հոգանոց կուսակցությունները, որոնք իրենց ողջ կազմով 95-ին խորհրդարանական դարձան: Այնպես որ պատկերի էական փոփոխություն չեմ տեսնում: Պարզապես անձերն են փոխվել: Այս կամ այն անձին կամ խմբին ապրելու հնարավորություն տվող կամ մահվան դատապարտող դեմքերը: Սա է: Ուղղակի հիմա ամենագետ-անսխալական-ամենակարողները այլք են:
– Եվ նախկինները փաստորեն ընդդիմություն են դարձել…
– Շատ բնական է: Եվ կուսակցությունների բազմաքանակությունն էլ, անմիաբանությունն էլ միայն դրանով է բացատրվում. ամենակարողությունը, ենթադրենք, չկա, բայց ամենագիտություն-անսխալականությունը հո նրանցն է ու նրանցը. ծննդից մինչեւ մահ: Դեռ մի բան էլ ավել: Դարերին, սերունդներին, հավերժին՝ ի պահ: Եվ միանգամայն բնական էին ամերիկյան դիտորդական առաքելության ղեկավարի տված առաջին երեք հարցերը մեզ՝ ի՞նչ է կատարվում այս երկրում, ի՞նչ է կատարվելու, ի՞նչ գործողություններ են ընթանում վարագույրի ետեւում: Մնում է, որ այս հարցերը մենք ինքներս մեզ տանք ու փորձենք գտնել պատասխանները: Եվ ըստ դրանց քաղաքականություն վարենք, ոչ թե՝ ցանկալին իրականի տեղ ընդունելով:
– Շատ ընդդիմադիր գործիչներ նման ընտրության մեղքը փորձում են գտնել ժողովրդի մեջ:
– Դա էլ է խիստ բնական: Չէ որ մեր ազգային ու անհատական գաղափարախոսությունը մեկն է՝ մենք չհասկացված ու չգնահատված հանճարեղ անձերի ու ժողովրդի երկիր ենք: 1988-91-ին այդ նույն ժողովուրդը լավն էր, հիմա վա՞տը: Բնավ: Ուղղակի ժողովուրդն ավելի իրատես ու իրապաշտ է դարձել, թոթափել անիրականանալի երազ-երազանքների ավելորդ բեռը: Իսկ եթե ժողովուրդն իրոք այսօր այն չէ ինչ 88-91-ին, ապա դրա միակ մեղավորը 91-ից հետո ընկած ժամանակահատվածն է, երբ աստիճանաբար, բայց հետեւողականորեն սպանեցինք ժողովրդի հավատը հերթով ամեն ինչի նկատմամբ, ոտնատակ տվեցինք նրա հույսը վաղվա օրվա հանդեպ եւ ազգի գերխնդիր-գերնպատակը դարձրինք հաց հանապազօրյայի հայթայթումը միայն: Հպարտ ու ոչ քիչ արյան, բայց եւ ավելի շատ ոգու ու կորովի գնով հաղթանակներ տարած ժողովրդին գլխահակ, ողորմություն աղերսող ու «դավին անտարբեր» մենք ենք դարձրել, ու եթե որեւէ մեկից էլ պետք է դժգոհենք, ապա դա միայն ինքներս ենք՝ այսօրվա դիմությունն էլ, ընդդիմությունն էլ: Ի վերջո բոլորս էլ հնձում ենք այն, ինչ ցանել ենք: Ու եթե այսօր ոչ թե ցորեն, այլ մոլախոտ է աճել, ուրեմն մեր ցանածն է որոմ եղել: Ու իզուր, անիմաստ է դժգոհել ժողովրդի կատարած ընտրությունից: Այսօր ընտրվածների 70-80 տոկոսին 1990-ին ոչ ոք ու ոչ մի պայմանով չէր ընտրի: Ինչպես եւ հիմնականում եղել է: Անգամ իրենք իրենց թույլ չէին տա առաջադրվել՝ հասարակական գիտակցության մեջ որոշակի չափանիշներ կային, հենց որոնք կխոչընդոտեին դրան: Մինչդեռ մենք այսօր այնքան ենք իջեցրել բարձրության նշաձողը, այնքան ենք խաթարել բարոյահոգեբանական մթնոլորտն ու բարոյաքաղաքական դաշտը, որ այդ ամենը հնարավոր դարձավ: Բայց դա բնավ էլ ոչ թե ժողովրդի, այլ միայն ու միայն նշածս տարիներին ինչ-որ խնդիրներ որոշող-լուծող մարդկանց մեղքն է:
– Այսինքն՝ Դուք բացասակա՞ն եք գնահատում նորընտիր Ազգային ժողովի կազմը:
– Ամեն ինչ խիստ հարաբերական է, ու այս պատճառով էլ չեմ ցանկանում գնահատականներ տալ: Ի վերջո, թփերի տերեւների վրա ապրող միջատների համար աշխարհի ամենաահավոր գազանը մեզ համար անմեղ գառնուկն է, որն ուտում է այդ տերեւները՝ հենց այդ միջատների հետ միասին, մինչդեռ արյունարբու վագրը նրանց համար ամենաարդարացին է՝ քանզի խժռում է իրենց արեւը խավարեցնող այդ գառնուկին: Ներկա ԱԺ-ի մասին կարող եմ հաստատապես մի բան ասել միայն. նրա գերակշիռ մասը ի տարբերություն նախորդների, որոնց պատգամավորներն իրենց ընտրողներին տված խոստումները հիմնականում չէին կատարում, ուղղակի առաջին իսկ օրերից կիրականացնի գրեթե բոլորի ծրագրերում առկա աշխատատեղերի ավելացման խոստումը:
– Ինչո՞վ եք համոզված…
– Նրանցից յուրաքանչյուրը ստիպված կլինի լուրջ ու բանիմաց մարդկանցից ստվերային աշխատակազմեր ստեղծել իրենց համար, այլապես իրենք իրենցով դժվար թե պիտանի լինեն օրենսդիր գործունեությանը եւ ուղղակի խայտառակ կլինեն: Ու եթե մի հարյուրը (ամենաքիչը՝ իմ կարծիքով) նման, փաստորեն, պարտադրված, քայլի դիմի, ապա հանրապետությունում կստեղծվի մի 300-400 լրացուցիչ աշխատատեղ: Եվ, դատելով նրանց հնարավորություններից, ոչ քիչ վարձատրվող:
– Իսկ ու՞մ համար եք ավելի շատ ցավում, որ պատգամավորներ չդարձան:
– Մելքոնյան Գեւորգի: Որը համոզված եմ, կընտրվեր, եթե իր կուսակցությունը փող գտներ նրա գրանցվելու գրավը վճարելու:
-Դուք Ձեր հրապարակումներից մեկում հիմնավորել էիք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն ստեղծելու գաղափարը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի գործնական իրականացումը:
– Ասպարեզ է մտնում նոր քաղաքական դաշինք՝ «Միասնությունը», որը տեր պետք է լինի հաղթողի դափնիների ոչ միայն փայլին, այլեւ ողջ ծանրությանը, որը ԱՇԽԱՏԱՆՔ եւ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ է կոչվում: Եվ պետք է դառնա, ի տարբերություն նախորդի, ոչ թե իշխող, այլ կառավարող ուժ: Իսկ նրանց հիմնական նպատակը, կարծում եմ, պետք է հաջորդ ընտրություններին նախապատրաստվելը եւ ժողովրդին դրան նախապատրաստելը լինի:
– Դուք ինչ-որ արտահերթ ընտրություննե՞ր եք կանխատեսում:
– Բնավ: Ես նկատի ունեմ 2003 թ. ընտրությունները: Եվ մի կարծեք, թե դրանք շատ հեռու են եւ դրանց նախապատրաստվելու երկար ժամանակ կա: Ժամանակը խիստ կարճ է՝ ընդամենը չորս տարի: Եվ այդ ընտրություններին նախապատրաստվել է պետք ոչ միայն վերընտրվելու նպատակով, այլեւ անհրաժեշտ է նախապատրաստել ընտրողներին: Որպեսզի այն կուսակցությունը, որը ինքն իրեն մասնագետների խումբ է կոչում՝ ոչ մի ձայն չստանա, այն կուսակցությունը, որը հռչակում է, թե «պետական պաշտոնյան պետք է ծառայի ոչ թե պետական շահերին, այլ պետությանը» ծիծաղի առարկա դառնա, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ, ինչպես այս անգամ ընտրաբանաստեղծներ ու ընտրակոմպոզիտորներ լույս աշխարհ չգան՝ ժողովուրդը մերժի դրանց, որպեսզի նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական եւ կառավարության ծրագրերը էապես տարբերվեն միմյանցից եւ իրականացման հստակ մեխանիզմներ պարունակեն, որպեսզի ժողովուրդն իրապես հավատա իր տված կամ չտված ձայնի զորությանը, որպեսզի մարդիկ հարգեն իրենց անկախությունը, գնահատեն իրենց ազատությունը, եւ վերանան օտարի սապոգին սպասելու հիմքերը: Որպեսզի սոսկ բարի ցանկություններ ունեցող եւ ոչ մի ծրագիր չպատկերացնող ոչ մի անհատ չմտնի խորհրդարան կամ գործադիր իշխանություն: Որպեսզի, ի վերջո, կանխատեսելի եւ հստակ լինի թե՛ երկրի, թե՛ անհատի վաղվա օրը: Քանզի անկանխատեսելիությունը վախ է ներշնչում միայն՝ դրանից բխող բոլոր տխուր հետեւանքներով:
– Դուք կարծում եք, որ Ձեր նշած խնդիրներն այս խորհրդարանը ի զորու՞ է իրականացնել:
– Ինչու՞ ոչ: Փորձենք բարձրաձայն մտածել: Չեք վիճի, որ այն ամենը, ինչ նշեցի, բխում է թե՛ երկրի, թե՛ ժողովրդի կենսական շահերից: Միջանկյալ ասեմ, որ խորհրդարանական այսօրվա արդեն մեծամասնության, ինչպես նաեւ ոչ մեծամասնության գերակշիռ մասը կամ անտեսակետ են կամ էլ հակառակը՝ ետ դեպի երկրորդ կամ առաջին հանրապետություն տանող ուժ, ուստի նրանց վրա որեւէ հույս դնելը անիմաստ է ու անհեռանկար: Այդ իսկ պատճառով էլ որպես վերը նշվածի իրականացման երաշխիք հնարավոր է դիտարկել միայն ԱԺ մեծամասնության՝ «Միասնություն» դաշինքի համանախագահների շահերն՝ առանձին-առանձին ու միասնաբար: Նրանց միասնական շահը, ըստ իս, հետեւյալն է՝ հուսախաբ չանել ժողովրդին, ամրապնդվել քաղաքական դաշտում, գտնել իրենց հաստատուն տեղը այս արդեն փոխված եւ անընդհատ փոփոխվող աշխարհում՝ որպես թեկուզեւ փոքր երկրի առաջատար ու կառավարող քաղաքական ուժ: Անհատական շահերը, ըստ իս, հետեւյալն են. Վազգեն Սարգսյանը ասպարեզ մտնելով արդեն որպես քաղաքական գործիչ, պետք է ջանա ամրապնդել իր քաղաքական-պետական գործչի հեղինակությունը, նշածս չորս տարիները որպես ապագայի հուսալի հիմնաքար օգտագործելու նկատառումով: Կարեն Դեմիրճյանի համար առաջիկա չորս տարիները, ըստ էության, քաղաքական կարիերայի վերջին ակորդը կհանդիսանան: Ու նա պետք է ջանա, որպեսզի այդ ակորդը որքան հնարավոր է ուժեղ, որքան հնարավոր է հնչեղ լինի: Իր ողջ կյանքի ընթացքում, նա թե՛ իշխանություն, թե՛ փող, թե՛ փառք եւ թե՛ ամեն ինչ տեսել է ավելի շատ, քան վերջին տարիների բոլոր ղեկավարները միատեղ: Ասել է, թե այս չորս տարիներին նա անձնական մի խնդիր ունի միայն լուծելու՝ մնալ այս ժողովրդի պատմության մեջ որպես դրա ամենափայլուն էջերից մեկի հեղինակը:
Ինչպես տեսնում եք, նրանց թե՛ միասնական, թե՛ անհատական շահերը լիովին համընկնում են ժողովրդի ու պետության շահին, ասել է, թե առաջընթացի հավանականությունը խիստ մեծ է, համարյա բացարձակ ու դրա հետ մեկտեղ նաեւ բացառիկ: Այլապես, ինչպես կասեր Պանիկովսկին՝ ինչու՞ դուրս եկանք Չեռնոմորսկից:
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ