Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ լոռեցին է լոռեցուն «լոռեցու» տեղ դնում

Հունիս 04,1999 00:00
caxrankar

Վանաձորի կապի հանգույցի աշխատանքներին առնչվելիս կամա-ակամա գալիս ենք այն եզրակացության, որ «ԱրմենՏել» կոչվածի նպատակը ոչ թե քաղաքացիներին սպասարկելն է, այլ՝ ալան-թալանը։

Դեռեւս 12.05.99 թ. «Առավոտում» տպագրված «Հերթական անակնկալը «ԱրմենՏելում» հոդվածում նշել էինք, որ Վանաձորի կապի հանգույցի մի բաժանորդից, որը ցանկանում էր մուծել ապրիլ ամսվա հեռախոսավարձն ու միջքաղաքային խոսակցությունների գումարը, հանգույցի աշխատողները հրաժարվում են վարձն ընդունել, պատճառաբանելով, թե իբր… այդպիսի հեռախոսահամար գոյություն չունի (ինչը հավաստում է նաեւ համակարգիչը)։ Այժմ՝ շարունակությունը։

Հիշյալ բաժանորդին մի քանի օր տանել-բերելուց հետո, ի վերջո, նույն աշխատողները տեղեկացնում են, թե «կորած» հեռախոսահամարը գտնվել է (հավանաբար, համակարգչի «հիշողությունը» տեղն էր եկել։ – Գ. Հ.)։ Միաժամանակ հայտնում են, թե բաժանորդը պարտք է ոչ միայն ապրիլ, այլեւ՝ մարտ ամսվա հեռախոսավարձն ու միջքաղաքային խոսակցությունների գումարը՝ մոտ 4000 դրամ, այն դեպքում, երբ մարտի գումարը քաղաքացին բարեխիղճ վճարել էր։ Երբ նա այդ մասին համապատասխան անդորրագիր է ներկայացնում՝ տրված այդ նույն աշխատողների կողմից, վերջիններս այնքան են «առաջ գնում» իրենց համարձակության մեջ, որ առաջարկում են… անդորրագիրը վստահաբար թողնել իրենց մոտ եւ մի քանի օր սպասել, մինչեւ հաշվարկեն, թե սխալը որտեղից է գալիս։ Բաժանորդը, սակայն, այնքան «լոռեցի» չէր, որ անդորրագիրը (առաջներում դա կկոչվեր «բարաթ») թողներ, քանի որ դրանով ապացուցվում էր իր «անմեղության կանխավարկածը»։ Երբ հիշյալ բաժանորդը սույն թվի հունիսի 1-ին նորից է փորձում ապրիլ ամսվա գումարը մուծելու պահանջ ներկայացնել, նրան կրկին հայտնում են, թե դեռեւս հաշվարկները չեն մտել համակարգիչ եւ մարտ ամսվա չարաբաստիկ գումարը կրկին «նստած» է հեռախոսահամարի «վզին»։ Նրան միաժամանակ խնդրում են էլի սպասել եւ վարձ մուծելու հարցով դիմել 10 օր հետո (մինչեւ մի քանի ամսվա գումարները մի լավ խճճվեն։ – Գ. Հ.)։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէր ոչ այդ, ոչ էլ այլ հեռախոսահամարների «գլխին եկող» (Ավելի «վատ բաներ» էլ են կատարվում։ – Գ. Հ.)։ Սրանից կարելի է եզրակացնել, որ «ԱրմենՏել»-ում որոշ աշխատողներ գումարները շատ հաճախ գանձում, բայց չեն մուտքագրում, հուսալով, թե գոնե 100 բաժանորդից մեկը անդորրագիրը կկորցնի։ Ստացվում է, որ բաժանորդները, յուրաքանչյուր ամիս բազում չարչարանքներից հետո գումար մուծելով, ապահովության համար պետք է այդ գումարի անդորրագիրը մի քանի օրինակ բազմացնեն (մեկը՝ գրպանում, մեկը՝ տան, մյուսը՝ հանգույցի աշխատողների մոտ «վստահաբար» թողնելու համար), եւ միշտ կրեն իրենց հետ այնպես, ինչպես անձը հաստատող փաստաթուղթ, որը, սակայն, միշտ չէ, որ կրում են։ … Եվ այդուհանդերձ, ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության նախարար Ա. Վարդանյանը, որը վերջերս այցելել էր Վանաձոր՝ իր աշխատանքային «տիրույթները», կարծիք հայտնեց, թե ինքը շա՜տ գոհ է «ԱրմենՏելի» Վանաձորի ձեռնարկությունից։ Նախարարին խորհուրդ ենք տալիս «դերվիշի» հագուստով, ծպտված կամ կերպարանափոխված տեսքով այցելել Վանաձորի կապի հանգույց, 1-ին հարկ, ուշադիր ունկնդրել քաղաքացիների բողոքները, որից հետո միայն կարծիք հայտնել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930