Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրինախախտումը քողարկվում է իրավաբանական հակասությամբ

Հունիս 04,1999 00:00
xaxtum

«Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության (ՊՓԲԸ) կոլեկտիվը դառնալով անօրինականության զոհ՝ տարեկան կկրի 100 հազար դոլարի վնաս։

1997 թվականին ՊՓԲԸ-ի նախկին ղեկավարությունը շահաբաժին ստանալու ակնկալիքով «Հայագրոբանկի» հիմնադիր կապիտալի հաշվում ներդրել է 400 հազար դոլար՝ փոխարենն ստանալով 242 հազար 928 բաժնետոմս։ Նշված գործարքը կատարվել է ՀՀ օրենսդրության խախտմամբ։ Գործարքին ձեռնարկությունը մասնակցել է առանց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համաձայնության, մի հանգամանք, որ պարտավորեցվում է ձեռնարկությունների եւ ձեռնարկատիրական գործունեության մասին ՀՀ օրենքով։ Ըստ տնտեսական գործունեության մեջ մասնագիտացած իրավաբանների, պետական ձեռնարկությունների միակ հիմնադիրը ՀՀ կառավարությունն է կամ վերջինիս կողմից լիազորված պետական կառավարման մարմինը։ Ասել է՝ ձեռնարկությունը պետական միջոցները կարող է օգտագործել պետական լիազորված մարմնի նախարարության սահմանած կարգով։

Ելնելով այս հանգամանքից՝ ՀՀ ֆինէկոնոմ նախարարությունն անցյալ տարվա փետրվարին դիմել է ՀՀ պետարբիտրաժին՝ գործարքն անվավեր ճանաչելու հայցով։ Պետարբիտրաժը բավարարելով նախարարության պահանջը՝ ՊՓԲԸ-ին պարտադրել է մեկ ամսում իրացնել բաժնետոմսերը։ Միառժամանակ անց հաշվի առնելով «Շողակնի» արտադրական հնարավորությունների սահմանափակ լինելը՝ պետարբիտրաժը բաժնետոմսերի օտարման մեկ ամսվա ժամկետը փոխել է մեկ տարով։

Բավական չէ, որ այս պարագայում նյութապես տուժում է կոլեկտիվը, վերջինիս իրավունքները պաշտպանելուն էլ խոչընդոտում է իրավաբանական հակասությունը։ Ձեռնարկությունների եւ ձեռնարկատիրական գործունեության մասին օրենքով գործարքը ճանաչվում է անթույլատրելի, անվավեր։ Բայց ահա «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով արգելվում են բանկերի հիմնադիր կապիտալի սահմանափակմանն ուղղված քայլերը։ Նույնիսկ այս դեպքում, երբ պետական միջոցները զարտուղի ճանապարհով ներգրավվել են մասնավոր բանկի հաշվի մեջ, հաստատագրվում են, այլ կերպ ասած, օրենքով պաշտպանվում են։ Կնշանակի օրենքով թույլատրվում է ապօրինի ճանապարհով պետական միջոցների հաշվին հարստացնել մասնավոր բանկը, մի իրողություն, որ շատ քաղաքակիրթ երկրներում դիտվում է դատապարտելի հանցագործություն։ Մյուս կողմից, չի բացառվում, որ շողակնցիները հայտնվեն անհուսալի իրավիճակում։ Այսինքն՝ բաժնետոմսերը կարող է եւ չվաճառվեն։ Ավելին. չի բացառվում, որ նաեւ զրկվեն շահաբաժնից։ ՊՓԲԸ-ի փոխտնօրեն Ժորա Շիրինյանի կարծիքով, գործ ունենք օրենքների հակասության հետ, որի վերացումը հնարավոր է միայն Ազգային ժողովում։

«Շողակն» ՊՓԲԸ-ի կոլեկտիվի իրավունքները պաշտպանելու մտահոգությամբ փորձեցինք քաջատեղյակ մասնագետների օգնությամբ պարզել ընկերությունում ստեղծված իրավիճակը եւ ելքն այդ կացությունից։ Նախ, այն մասին, թե բանկերի ու բանկային գործունեության մասին ՀՀ օրենքով ինչո՞ւ է արգելվում բանկի կանոնադրական հիմնադրամի միջոցների նվազեցմանն ուղղված քայլը։ Շատ պարզ պատճառով, եթե թույլատրվի հիմնադրամի միջոցների նվազեցում, ապա բանկը նման պարագայում անկարող է մարել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տոկոսները։

Այս դրությունից դուրս գալու համար «Հայագրոբանկը» ժամանակին խնդրել է ՀՀ պետարբիտրաժին, որ «Շողակնի» կողմից իր բաժնետոմսերը իրացնելու ժամկետը մեկ ամսից դարձնի մեկ տարի, որպեսզի ՊՓԲԸ-ն հնարավորություն ունենա մաս-մաս վաճառել՝ իրացումը բարեհաջող կատարելու համար միաժամանակ դիմելով բրոքերների օգնությանը։ Նման պարագայում երկրորդային շուկայում (Երեւանի ֆոնդային բորսա, «Ադամանդ» բորսա) վերավաճառողները չեն կարող իջեցնել բաժնետոմսերի արժեքը։ Սակայն ինչ-ինչ պատճառներով «Շողակնը» չի ձեռնարկել առաջարկված քայլը։ Թե ինչո՞ւ. դժվար է գուշակել։

Ավելացնենք. այժմ էլ լիովին սպառված չեն հնարավորությունները։ «Շողակնը» կարող է դիմել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարության առջեւ միջնորդի՝ երկարաձգելու բաժնետոմսերի իրացման ժամկետի վերաբերյալ դատարանի որոշումը՝ մաս-մաս վաճառելու բաժնետոմսերը։

Այստեղ առավել քան զարմանալի է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մոտեցումը։ Միամտություն կլինի ասել, այս պայմաններում նախարարությունում անտեղյակ են եղել «Շողակնում» ստեղծված անառողջ մթնոլորտի վերաբերյալ։ Լավատեղյակ լինելով՝ նախապես չեն միջամտել պետական ձեռնարկության կողմից դրամական միջոցների ներդրմանը։ Նախարարությանը, չգիտես ինչու, ձեռնտու էր գործին միջամտել գումարը ներդնելուց հետո։ Այստեղ մոռանում են, որ նմանօրինակ պարտականություններն ստանձնել են այլեւս ձեւավորված դատական իշխանությունները եւ առավել եւս՝ դատախազական մարմինները։

Առավել զարմանալի էր ՀՀ արդյունաբերության նախարարության դիրքորոշումը։ Նա պարզապես քնելով արջի ականջում՝ հանդես էր բերել հանցավոր մեծահոգություն։

ՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930