Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներից է։
Ստեղծվել է 1919 թվականին եւ ենթադրում է սոցիալական եռակողմ համագործակցություն՝ տվյալ երկրի կառավարություն, արհմիություններ եւ գործատուներ (որոնք երեքն էլ ԱՄԿ-ի համար հավասար գործընկերներ են)։ Այս նպատակին է ուղղված նրա գործունեությունը միջազգային աշխատանքային նորմերի վավերացման եւ իրագործման, աշխատանքային եւ սոցիալական ասպեկտներին վերաբերող տեղեկատվության հավաքագրման եւ վերլուծության ասպարեզներում։ ԱՄԿ-ն նաեւ ապահովում է ընթացիկ պրոբլեմների քննարկումը, քաղաքականության եւ տեխնիկական խորհրդատվությունը, մատակարարում է ուղեցույց եւ ուսուցողական ծրագրեր։ ԱՄԿ-ն մշակել է ակտիվ սոցիալական համագործակցության քաղաքականություն, որի խնդիրն է իր գործունեության դաշտում գտնվող յուրաքանչյուր երկրի կառավարությունը, ձեռնարկատերերի միություններին եւ աշխատավորներին հնարավորինս մերձեցնել իր կառուցվածքին։ Այդ նպատակով է 1959 թվականին Մոսկվայում հիմնադրվել ԱՄԿ-ի գրասենյակներից մեկը, որը նկատելիորեն ընդլայնվել է 1998 թվականին։ Այժմ ԱՊՀ 10 երկրներ, այդ թվում եւ Հայաստանը, ընդգրկված են նրա ծրագրերում։
Նման ակտիվ համագործակցությունների արդյունքում յուրաքանչյուր երկրի հետ ստեղծվում են համատեղ ծրագրեր, որոնք ստորագրված են կազմակերպության եւ տվյալ երկրի հետ։ Դրանք բնականաբար համաձայնեցվում են կազմակերպության հիմնական նպատակների հետ։ Ստեղծման օրից ի վեր կազմակերպությունը մշակել է 180 կոնվենցիա եւ յուրաքանչյուր տարի Ժնեւի հավաքից հետո դրանք համալրվում են եւս 1-2-ով։ Սակայն կոնվենցիա մշակելը մի խնդիր է, տեղում՝ որեւէ երկրի օգնելն՝ այլ։ Արտադրական հարաբերությունների եւ ծրագրերի համակարգող Պիեռ դը Լյամը ԱՄԿ-ի պատվիրակության հետ Հայաստան է ժամանել՝ ՀՀ կառավարության հետ համատեղ ծրագիր մշակելու։ Համագործակցության մյուս կողմն էլ պիտի լինի որեւէ դոնոր կազմակերպություն, քանի որ ԱՄԿ-ն ֆինանսավորող կազմակերպություն չէ։ Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար, դրանից առաջ ԱՄԿ-ի կողմից ուսումնասիրության են ենթարկվել գյուղատնտեսական սեկտորը, երկրի սոցիալական, առողջապահական իրավիճակները, աշխատաշուկան։
Ավելի արդյունավետ աշխատանքի հույսով ԱՄԿ-ի կողմից հայերեն կթարգմանվեն այն յոթ կոնվենցիաները, որոնց հաստատումը համագործակցության մյուս կողմի՝ տվյալ երկրի (այս դեպքում՝ նաեւ Հայաստանի) համար պարտադիր է։ Դրանք վերաբերում են բռնի աշխատանքի վերացմանը, ազատ միավորումներին, հակադիսկրիմինացիային եւ անչափահասների աշխատանքի դեմ պայքարին։
Կարդացեք նաև
Պարոն Պիեռ դը Լյամը Հայաստանի համար ամենակարեւորը համարեց աշխատանքային նոր օրենսգիրքը։ Նույնիսկ նա գիտեր, որ այստեղ դեռեւս օգտագործվում է ԽՍՀՄ աշխատանքային օրենսգիրքը եւ արտադրա-աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են դրանով։ Քանի որ ԱՄԿ-ն այլ երկրների օգնում է մշակել նոր օրենսգրքեր, եկող տարի Հայաստանում սպասվում է հերթական միջազգային սեմինարը։ ԱՄԿ-ն խոստանում է խթանել զբաղվածությունը՝ հատկապես փոքր բիզնեսում։ Իսկ միջին եւ մեծ ձեռնարկությունների համար արդեն այս տարի սեմինար կանցկացվի։ Դրանում կընդգրկվեն նաեւ ռուս մասնագետներ, քանի որ ինչպես պրն դը Լյամը խոստովանեց, այստեղի պրոբլեմները ռուսները շատ ավելի լավ գիտեն (եւ փառք Աստծո), քան արեւմտյան խորհրդատուները։ Սեմինարների պակաս չեն զգա նաեւ պետական ծառայողները, որոնք վերապատրաստվելուց եւ իրենց երկիր վերադառնալուց հետո բուրգի սկզբունքով կշարունակեն ուսուցանել ուրիշներին։
Իսկ զբաղվածության եւ աշխատանքի հարցերով զբաղվող այլ միջազգային կազմակերպությունների եւ հատկապես Համաշխարհային բանկի ծրագրերի հետ կրկնվելուց խուսափելու համար ԱՄԿ-ն համագործակցում է նրանց հետ։ Հենց այսօր ԱՄԿ-ի եւ ՀԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն՝ քննարկելու այս ասպարեզում իրականացվելիք իրենց ծրագրերը։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ