Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անեի, պաշտոնից հրաժարվեի՞…»

Հունիս 04,1999 00:00
Henrik Qochinyan

Հարցնում է Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը

– Պարոն Քոչինյան, դուք Լոռու մարզում «Միասնություն» դաշինքի կառույցի ղեկավարն եք։ Խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում ձեր այդ դիրքը չազդե՞ց ընտրությունների ընթացքի վրա, դեր չխաղա՞ց։

– Իսկ ինչո՞ւ չպիտի ազդեր, իսկ ինչո՞ւ չպիտի խաղա…

– Իսկ ինչպե՞ս ազդեց։

– Ցանկացած կուսակցություն, այնպես էլ Հանրապետական կուսակցությունը նորմալ քաղաքակիրթ ձեւով անց է կացրել նախընտրական արշավ։ Ես ոչ մի անգամ օրենքի թույլատրելի սահմանից դուրս չեմ եկել, ինքս անձամբ փորձել եմ, որ ագիտացիայով շատ չզբաղվեն…

– Բայց չե՞ք կարծում, որ թեկնածուները հավասար պայմաններում չէին, այսինքն՝ դուք մարզպետն եք եւ դաշինքի կառույցի ղեկավարը, ձեր մի եղբայրը՝ մարզի մեծ գյուղերից մեկի գյուղապետը, մյուսն էլ՝ թեկնածու (արդեն պատգամավոր)։

– Ի՞նչ անեի, պաշտոնից հրաժարվեի՞… Եղբորիցս չէի հրաժարվի։ Եթե զգայի, որ կամ՝ նա, կամ՝ նա, պաշտոնից կհրաժարվեի։ Եղբորից չի կարելի հրաժարվել։

– Դուք ձեր եղբորից չհրաժարվեցիք եւ նա պատգամավոր դարձավ։ «Միասնություն» դաշինքի հաղթանակով էլ ձեր դիրքերն ամրապնդվեցի՞ն այդ աթոռին։

– Ոչ ավելացել է, ոչ պակասել։ Ոնց կար, այդպես էլ մնացել է։

– Դուք ինչո՞ւ չուզեցիք պատգամավոր դառնալ, մարզպետի պաշտոնն ավելի՞ լավն է։

– Ես գործադիր իշխանությունում ավելի լավ եմ զգում։ Ես նստակյաց կյանք չեմ սիրում։

– Նոր ձեւավորված խորհրդարանի մասին կարծիք ունե՞ք։

– Էն մասը, որ չեմ ճանաչում, նրանց մասին ոչինչ չեմ կարող ասել, իսկ նրանց, ում ճանաչում եմ, իմ կարծիքով, նորմալ մարդիկ են։ Մեր մարզից ընտրված, հաստատված 7 պատգամավորից 4-ը գիտությունների թեկնածու են։

– Դուք մտածում եք երկա՞ր մնալ մարզպետի պաշտոնում։

– Հա, ի՞նչ պիտի անեմ, ես չեմ սիրում, որ աշխատանքային գրքույկում շատ բան գրվի։

– Հավանե՞լ եք մարզպետի պաշտոնը։

– Չէ, ես եթե հողագործ էլ աշխատեի, ինձ դուր էր գալու։ Ամեն մարդ պիտի մի տեղ իրեն գտնի, հենց որ գտավ, ուրեմն լավ է։

– Ձեր տեղը մարզպետի աթո՞ռն է։

– Երեւի… (ծիծաղում է)։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930