Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԱՔՈՒՐ ԱՐԾԱԹ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ

Հունիս 04,1999 00:00
spitak

Այսուհետ Սպիտակ քաղաքի պատվավոր քաղաքացի, Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը, դիմելով սպիտակցիներին ասաց. «Իմ համաքաղաքացիներ, շարունակելու ենք մեր անմիջական մասնակցությունը բերել իմ քաղաքի գործերին»։ Սպիտակցիները երեւի լուրջ չընդունեցին, որովհետեւ առանձնապես չոգեւորվեցին։

Նրանք խոստումներ շատ են լսել։ Բայց դրա փոխարեն քաղաքաշինության նախարար Ֆելիքս Փիրումյանը սրտանց ուրախացավ։ Հետաքրքիր է, ինչո՞ւ։ Կամ նա իր աթոռին իրեն հաստատ է զգում, անկախ վերջին քաղաքական փոփոխություններից, կամ էլ, ուրախացավ որպես հայ մարդ՝ վերջապես գտնվեց իսկական օգնողը։

Սպիտակի քաղաքապետ Սուրեն Ավետիսյանը իր անմիջականությամբ ինքն իրեն գերազանցեց, երբ պրն Վուլֆենսոնին հանձնելով Սպիտակի պատվավոր քաղաքացու հուշամեդալը, հատուկ շեշտեց. «Մաքուր արծաթ է»։ Այս արտահայտությունը երեւի միայն հայը կհասկանա, իսկ ամերիկացին երեւի կզարմանա։ Թեպետ, պրն Վուլֆենսոնը սրտանց ուրախ էր եւ այնքան ոգեւորվեց, որ մանկական պարի խմբի բոլոր պարային ելույթները ուզեց նայել մինչեւ վերջ։ Նայեց, ծափ տվեց եւ հիշեց, որ առաջին անգամ Սպիտակի անունը լսել է երկրաշարժի առիթով եւ անմիջապես Քարնեգի-հոլլում, որի տնօրենն էր այդ ժամանակ, համերգ է կազմակերպել հօգուտ Հայաստանի։

Երեկվա օրը զարմանալի պարային ռիթմի մեջ էր։ Պարելու անզուսպ ցանկություն ունեին ոչ միայն Արմեն եւ Արմինե Դարբինյաննները, այլեւ Էլեն եւ Ջեյմս Վուլֆենսոնները։ Իսկ պարողին ծափ տվող է հարկավոր։ Ծափ տվող էլ գտնվեց։ Այցի ծրագրի շրջանակներում Ջեյմս Վուլֆենսոնը ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հուշարձանին, այցելեց Սպիտակի թիվ 1 միջնակարգ դպրոց։ Դպրոցի վերանորոգված դասասենյակներն ու միջանցքներում պտտվելը պրն Վուլֆենսոնին առանձնապես չէր գրավում։ Նա ուզեց խոսել աշակերտների եւ ուսուցիչների հետ։ Տիկին Վուլֆենսոնը ՀԲ-ի փողերով հրատարակված, Մանկական գեղագիտական կենտրոնի նկարազարդումներով հեքիաթների ժողովածուներ նվիրեց դպրոցի աշակերտներին, ինչպես նաեւ ալբոմ։

Էլեն Վուլֆենսոնը՝ Հայաստանի մասին

«Երեկ եմ ժամանել, տեսել եմ այնքան գեղեցկություն, երաժշտություն, հմայք՝ Հայաստանում։ Միակ բանը, որ կարող եմ ասել, շատ հարուստ մշակույթ ունեք։ Առավոտյան հանդիպեցի կրթության եւ առողջապահության ոլորտի աշխատողներին։ Ես հիացած եմ, որ որոշ պրոբլեմներ շատ լավ լուծում են ստացել, մասնավորապես առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները։ Ինձ համար շատ հետաքրքիր էր լսել մասնագետների կարծիքը, թե կրթական համակարգը մոտակա 10 տարիների ընթացքում ինչ փոփոխություններ է ունենալու, մասնավորապես ուսուցիչների եւ աշակերտների վերաբերյալ»։ Տիկին Վուլֆենսոնը ազգությամբ հայ ծանոթներ շատ ունի ԱՄՆ-ում, Հայաստանում՝ ոչ մի ծանոթ։ 18 ժամ հայ ժողովրդի հետ շփվելուց հետո տիկին Վուլֆենսոնն այսպես ասաց հայ ժողովրդի մասին. «Ես տեսնում եմ մի ժողովուրդ, որը մտածում է ամենակարեւոր բաների մասին՝ երեխաների, ապագայի, անվտանգության»։

ՀԲ-ի նախագահը գո՞հ էր

Համենայնդեպս մեր հարցերին պատասխանելիս պրն Վուլֆենսոնը որեւէ դժգոհություն չհայտնեց։ Ինչպե՞ս են օգտագործվում ՀԲ-ի տրամադրած վարկերը Հայաստանում, հարցին պրն Վուլֆենսոնը պատասխանեց. «Մինչեւ այժմ իմ տեսածը բավական լավ տպավորություն թողեց։ Կարող ենք այսպես շարունակել»։ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի աշխատանքների մասին եւս պրն Վուլֆենսոնը լավ կարծիք հայտնեց։ Ի դեպ, ե՛ւ Սպիտակի թիվ 1 դպրոցը, ե՛ւ քաղաքի զբոսայգին վերակառուցվել են սոցներդրումների հիմնադրամի կողմից։ Հիմնադրամը Սպիտակում եւ ողջ հանրապետությունում հսկայական աշխատանք է կատարում։ ՀԲ-ի նախագահի կարծիքով՝ «Սոցներդրումների հիմնադրամի աշխատանքները բավականին հաջող են ընթանում, մենք ծրագրերը կշարունակենք»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930