Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԵՐՋԻ՞Ն ՊԱՐԸ

Հունիս 04,1999 00:00

Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը երեկ այցելեց Սպիտակ։

Պարոն Վուլֆենսոնին ըստ նախնական պայմանավորվածության պետք է ուղեկցեր վարչապետ Արմեն Դարբինյանը, սակայն լուրեր էին պտտվում, թե վարչապետը ուղեկցողների մեջ չի լինի եւ պարոն Վուլֆենսոնը պաշտոնական հանդիպում կունենա ոչ թե Արմեն Դարբինյանի, այլ «Միասնություն» դաշինքի նախագահ Կ. Դեմիրճյանի եւ համանախագահ Վ. Սարգսյանի հետ։ Բայց, երբ ուղղաթիռները վայրէջք կատարեցին կանաչ արտում, բոլորս տեսանք ոչ միայն վարչապետին, այլեւ նրա տիկնոջը։ Տեր ու տիկին Դարբինյանները ուրախ-ուրախ, արտի միջով ուղեկցեցին տեր եւ տիկին Վուլֆենսոններին։ Ամբողջ պտույտի ընթացքում նրանց դեմքը չմթագնեց։ Կամ հրաժարական չի լինի, կամ՝ արդեն եղել է եւ վարչապետի սիրտը թեթեւացել է։

Արմեն Դարբինյանն ակնհայտորեն կարողանում էր իրեն տիրապետել։ Նա մեկ մանկան պես ծափ էր տալիս, մեկ վարչապետավարի թփթփացնում էր տիկնոջ ուսին, մեկ զրույցի էր բռնվում պարոն Վուլֆենսոնի հետ։ Տիկին Դարբինյանը ընկերոջը դժբախտության մեջ մենակ չի թողնի։ Նա նույնքան անբռնազբոս էր, որքան իր ամուսինը։ Տեր եւ տիկին Դարբինյանները սիրով պատասխանեցին «Առավոտի» հարցերին։

Հարցեր Արմեն Դարբինյանին

– Պարոն վարչապետ, կարելի է ձեզ մի հարց տալ։

– Ասեք, ասեք։

– Հնարավո՞ր է, որ սա ձեր վերջին պաշտոնական այցն է եւ դուք վարչապետի աթոռին հրաժեշտ կտաք։

– Ամեն ինչ հնարավոր է, վերաբերվեք այս ամեն ինչին որպես պրոցես, քաղաքական գործընթաց, նորմալ։

– Մենք նորմալ ենք վերաբերվում, հետաքրքիր է անձամբ դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին։

– Գերազանց։

– Շնորհակալություն։

Պատասխանում է տիկին Դարբինյանը

– Տիկին Դարբինյան, այսօր երեւի տարօրինակ թվա հարցը, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք ձեզ զգում վարչապետի կնոջ դերում։

– Գիտեք ինչ, այդպիսի մարդու, այդպիսի վարչապետի կողքին ես միշտ ինձ լավ եմ զգում։

– Խորհրդարանական ընտրություններից հետո որեւէ անհանգստություն, մտահոգություն չունե՞ք։

– Գտնում եմ, որ ամեն ինչ կշտկվի, ես ոչ մի անհանգստություն չունեմ։ Նա ամեն տեղ, ամենուրեք իր տեղը կգտնի, մենք այդպիսի պրոբլեմ չունենք, մենք երիտասարդ ենք, ուժով եւ եռանդով լի, ապագան մեր առջեւում է, պատրաստ ենք օգնել, կառուցել ցանկացած պարագայում, ցանկացած ոլորտում։

– Ինչպե՞ս եք գնահատում երկրի քաղաքական անցուդարձը։

– Ես կողմնակից եմ հետեւյալին. մենք ֆիքսում ենք այն, ինչ-որ կա։ Մենք կարող ենք մտածել, տարբեր կարծիքներ հայտնել։ Իրականությունը սա է։ Պիտի իրականությունը ընդունես այնպես, ինչպես որ կա։

– Հնարավոր է, որ մոտ ապագայում Արմեն Դարբինյանն այլեւս վարչապետ չլինի, դուք մե՞ծ ցավ կզգաք այդ հանգամանքից։

– Ոչ, նախ ասեմ, որ առաջինը կշահեմ ես որպես կին եւ որպես մտերիմ ընկերուհի։ Մենք մտերիմ ընկերներ ենք, շատ երկար տարիներ ենք միասին։ Ես առաջինն եմ, ով կշահի այդ փոփոխությունից։ Նա ավելի շատ ժամանակ կտրամադրի մեզ։ Այնքան ոլորտներ կան, որ ե՛ւ ես, ե՛ւ նա կարող ենք մեր ուժերը, գիտելիքները օգտագործել։ Դաշտը լայն է։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Օրվա վերջում դարձյալ լուրեր էին պտտվում, թե վարչապետ Արմեն Դարբինյանի գլխավորած կառավարությունը հրաժարական է տվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930