Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ ժողովրդի համար միեւնույն է

Հունիս 04,1999 00:00
joxovurd

Հանուն ժողովրդի բարեկեցիկ ապագայի, հանուն Հայաստանում օրենսդրական դաշտի կատարելագործման, հանուն նրա, որ աշխարհը ի վերջո հասկանա, որ մենք համաշխարհային ազգ ենք, փորձեցինք ընտրել նոր խորհրդարան։

Այլ բան է, որ մոտ 200000 հայ ժողովրդի զավակ ստիպված եղավ ոչ մեկին պետք չեկող իր ձայնը ռեալիզացնել այլ ոլորտում։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ մարդն ակնհայտորեն դժգոհ էր իր իսկ ընտրությունից ու դա պատրաստ էր ապացուցել երթերով ու միտինգներով, այսօր արդեն ընտրություն երեւույթի ընկալումն այլ է. «Թող միանան, բաժանվեն, ամուսնանան, բայց առանց մեզ անհանգստացնելու»։ Այս ընտրությունների արդյունքից ընտրողները ոչ գոհ են, ոչ դժգոհ, ոչ ուրախ են, ոչ տխուր։ «Առավոտի» փողոցային հարցումները պատահական անցորդների հետ դա են վկայում։

Մաթեւոսյան Միքայել (երաժիշտ, այն էլ՝ երիտասարդ)– Ես ընտրություններին չեմ մասնակցել։ Ասե՞մ՝ ինչու, որովհետեւ քաղաքականությամբ ընդհանրապես չեմ հետաքրքրվում։ Իսկ այն, որ իմ ձայնը կարող է որոշիչ լինել, չեմ հավատում։

Արաքս Փաշայան (արեւելագետ)– Հայաստանի համար էսքանն էլ որ կազմակերպել են, էլի լավ է։ Շատ էլ է։ Հայաստանն իրավական առումով չկայացած պետություն է։ Եկեք եղածով գոհանանք ու չդժգոհենք։

Հաջորդ զրուցակիցս ներկայացավ որպես «խրոնիկ աղբար»՝ պրն Ասատուր. «Այս ընտրություններից մեզ ի՞նչ. իշխանությունն անում է այն, ինչ ուզում է։ Մեզ՝ հասարակ ժողովրդիս, ո՞վ է բանի տեղ դնում։ Է՜է՜հհհ…»։

Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում հավաքվել էին մի խումբ տարեց մարդիկ, որոնք ձայնագրիչս տեսնելուն պես մանկական խանդավառությամբ եւ միմյանց ընդհատելով կարծիքներ էին հայտնում։

«Աղջիկ ջան, էս ընտրությո՞ւն էր, որ ասում են։ Գող-ավազակները էլի գնացին, իշխանություն դարձան»։ «Չէ, ինչի՞ ես էդպես ասում՝ Սերգեյ Բադալյանն ու Դեմիրճյանը գող-ավազա՞կ են։ Իրենք արդար են անցել։ Լավ է, երկուսն էլ կոմունիստ են»։ «Ա՛յ մարդ, էդ երկուսի անունը տվիր։ Բա դրանց միջի ամենապրյամոյ խոսացողը էն… անունը ո՞նց էր… Գեղամյանն ու՝ ծտի պես խոսում ա։ Կարա՞ս, հետեւից հասի»։

Պապիկները ընտրություններից այնքանով դժգոհ չէին, որ իրենց միօրինակ առօրյան արդեն նոր թեմաներով հագեցած կլինի։

Գուրգեն Համբարձումյան (ֆիզկուլտուրայի ուսուցիչ)– Քույրիկ ջան, էս ընտրությունները ոչ քեզ, ոչ ինձ, ոչ էլ որեւէ մեկին ոչ մի բան էլ չեն տալու։ Մեկը՝ ես. անունս ցուցակում չկար։ Բայց ինչի՞ համար չկա։ Փող պոկելուց լավ էլ անուն-ազգանունս էլ, հասցես էլ հիշում են։ Անկեղծ ասեմ՝ թքած ունեմ էս երկրի վրա էլ, էս ընտրությունների վրա էլ։ Դու ո՞ր թերթից ես։ (Ասացի- Լ. Ա.)։ Ձեր թերթում իմ մասին մի անգամ գրել եք, լավ էր»։

Տիգրան Սահակյան (իրավաբան)– Ընտրություններն ընդհանրապես զարգացող երկրի համար պետք է լինեն վերահսկելի։ Ավելի լավ է, եթե այդ վերահսկողությունը լինի ներսից եւ ոչ թե դրսից։ Նախորդ ընտրությունները եղել են մեծամասամբ դրսից վերահսկելի։ Այս ընտրություններում դա հասցվեց նվազագույնի։ Ի վերջո, կեղծ ժողովրդավարության հասցրած վնասների սահմանափակումը կարելի է համարել արդյունք, երբ պառլամենտում չհայտնվեցին աջ ծայրահեղական ուժեր՝ ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը, «Ազատությունը», «Հայրենիքը»։ Գողականների հայտնվելը պառլամենտում որքան չարիք է, նույնքան էլ կարեւոր։ Նրանք կդառնան գաղափարախոսություն ունեցող մասսայի ձեռքին գործիք՝ հակակշռելու գործադիր իշխանությանը»։

Ժողովրդի ձայնը լսեց եւ գրի առավ

Լ. ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930