Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒԼԱՑԵՔ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՑԵՔ

Հունիս 04,1999 00:00
Aram Abrahamyan

Սապոնը չօգնեց ոչ միայն ռամկավարներին

Ապարատային խաղերում չափազանց հմուտ, կոմունիստական հին ոսկոր Վիգեն Խաչատրյանն ընտրություններից առաջ զգուշացնում էր մեր քաղաքական գործիչներին՝ դուք բռնաբարվելու եք, եւ խորհուրդ էր տալիս անհանգիստ շարժումներ չանել ու հնարավորին չափ հաճույք ստանալ:

Քաղաքական գործիչները Վիգենին չէին լսում ու շարունակում էին համախմբվել Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական ղեկավարության շուրջը՝ հույս ունենալով մի պատառ փախցնել պատգամավորական սեղանից: Նրանք չէին հավատում նույնիսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն իրենց անկեղծորեն զգուշացնում էր, թե այս անգամ ինքը ոչ մեկի համար ոչինչ չի սարքի եւ իրենք՝ այդ գործիչները, պետք է դիմանան պատգամավորական դաժան մրցավազքում, որտեղ ժողովուրդն ընտրություն է կատարելու փխրուն ճառ ասողների եւ վճռական ընտրակաշառք տվողների միջեւ: Նախագահին էլ չլսեցին՝ սնամեջ հույսեր էին փայփայում:

Այսօր արքունիքում մեկ անիմաստ տարի անցկացրած եւ դրա հետեւանքով հասարակության աչքում վերջնականապես փչացած Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Դավիթ Վարդանյանը կամաց-կամաց հավաքում են իրերը՝ մտքում սուլելով մանթռաժից: Իհարկե, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ողբալի վիճակում է հայտնվելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ առանց Արամ Սարգսյանի իմաստուն խորհուրդների: Բայց մյուս կողմից՝ գրեթե զրոյական վարկանիշ ունեցող կուսակցության առաջնորդին խորհրդական պահելն էլ մի բան չի: Ճիշտ այնպես, ինչպես «նախագահին կից» մարդու իրավունքները պաշտպանելը: Պարույր Հայրիկյանը, կարծում եմ, համոզվեց, որ նախկինում անվիճելի ծառայություններ ունենալը չի կարելի մշտապես դրոշ սարքել ժամանակակից քաղաքականության մեջ՝ մանավանդ որ, պետական պաշտոնն ու այլախոհ քաղաքական գործչի կերպարն անհամատեղելի են: Այդ հակասությունը շատ լավ զգաց ընտրողը՝ վստահության քվե չտալով ԱԻՄ-ին:

Պրն Հայրիկյանն, իհարկե, նեղացել է նախագահից, բայց կամուրջներն առայժմ չի այրում եւ, հավանաբար, կսփոփվի, երբ իրեն կտրվի օմբուդսմենի պաշտոնը: Արքունական-կուսակցական մյուս երկու գործիչներ Դավիթ Վարդանյանի եւ Վահան Հովհաննիսյանի կուսակցությունները ներկայացված կլինեն նորընտիր ԱԺ-ում: Բայց թե ԱԺՄ-ի եւ թե, մանավանդ, ՀՅԴ-ի հավակնությունները շատ ավելի մեծ էին: Դաշնակցության լիդերներն ընդհանրապես հոգու խորքում համոզված են, որ ով դաշնակ չի /այսինքն՝ ով չի ուզում Ստամբուլն անմիջապես դարձնել արյան ծով եւ հենց այս պահին չի պահանջում Նախիջեւանը, Ղարսն ու Արդահանը/, նա հայ չի: Անցած ընտրությունները ցույց տվեցին, որ, ըստ այդ տրամաբանության, մեր քաղաքացիներից միայն ութ տոկոսն է հայ: Այսինքն՝ Լենդրուշ Խուրշուդյանի ձեւակերպած «ազգային գաղափարախոսության» հիմնադրույթները արձագանք են գտնում միայն ութ տոկոսի հոգում:

Ավելի ստորացած վիճակում է հայտնվել ԱԺՄ-ն, որն 92-97 թվականներին մեծ ժողովրդականություն էր վայելում իր կարծր եւ արմատական ընդդիմադիր կեցվածքի պատճառով: Բայց երբ 98-ին ամենակարծր եւ ամենաարմատական Դավիթ Վարդանյանը տեղափոխվեց նախագահական պալատ, ընտրողի մոտ /արդարացի թե անարդար/ կասկած ծագեց՝ արդյոք պաշտոնը չէ՞ր նրանց ուզածը: Եվ ստացվեց, որ 96-ի Վազգեն Մանուկյանի 40 տոկոսը /պաշտոնական տվյալներով/ 99-ին դարձավ հազիվ 5 տոկոս: Եթե մոտակա ժամանակներս ԱԺՄ-ն պահպանի իր դոնդողային կիսաընդդիմադիր քաղաքականությունը, հաջորդ ընտրություններում նա կստանա մեկ տոկոսից պակաս:

Իր արմատական ընդդիմության դիրքն է պահպանել ՍԻՄ-ը: Սակայն հետաքրքիր է, որ այդ կուսակցությունը շարունակում է արմատական ընդդիմադիր լինել ոչ թե ներկա, այլ նախորդ իշխանությանը: Եվ դա առայժմ շարունակում է զգալի քաղաքական միավորներ բերել: Այդ առանձնահատկությունը, հավանաբար, նկատեց ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, որը ցուցակի մեջ ներդնելով «նախորդ հանցավոր ռեժիմի» քննադատության վրա նույնպես մասնագիտացած Արտաշես Գեղամյանին եւ Աղասի Արշակյանին, տեր կանգնեց «Իրավունքին եւ միաբանությանը»: Սամվել Բաբայանի անվան դաշինքի հավաքած տոկոսները կարելի է հաջողություն անվանել: Ընչազուրկ ժողովրդի մի ստվար հատվածին հաճելի է լսել, թե ինչպես է պրն Գեղամյանն իր գործընկերների հետ խոստանում գնդակահարել, կախել, վառել, քառատել եւ փրթիկ-փրթիկ անել «իրենց թալանած» Լեւոնին, Վանոյին եւ բոլոր ՀՀՇ-ականներին ու ինչպես է նա մեր այսօրվա կյանքի բոլոր թերությունների հետեւում տեսնում ՀՀՇ-ական դավադրություն: Այդ դաշինքի ընտրազանգվածը, որը, ենթադրում եմ, այլ հանգամանքներում կանցներ Կոմկուսին, հենց նման արնածարավ խոսակցություններում է տեսնում «հանուն արդարության պայքարը»: Զուտ քաղաքական տեսակետից «ՀՀՇ» կոչվող, բայց իրականում գոյություն չունեցող ֆանտոմի հետեւից ընկնելն այնքան էլ գրագետ չէ, բայց քարոզչական-պոպուլիստական առումով առայժմ արդյունավետ է:

Ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքը բարդ ֆենոմեն է, որն արժանի է առանձին վերլուծության: Մնացածներին հիշեցնեմ ռամկավարների դառը փորձը: Այս ընտրություններից առաջ նրանք «տոկտոր Ուզունյանի» միջոցով բացեցին սապոնի մի փոքր արտադրություն՝ այն ներկայացնելով որպես նոր իշխանությունների ազատական քաղաքականության բարձր նվաճում: Այդ սապոնը ռամկավարներին չօգնեց՝ ճիշտ այնպես, ինչպես չէր օգնել նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ: Բայց ոչինչ՝ ճիշտ էր, այնուամենայնիվ, նախկին կոմունիստը եւ ռամկավարը՝ թուլացեք եւ հաճույք ստացեք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930