Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՓԱԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հունիս 03,1999 00:00
toto

Քաղաքապետարանն էլ է երբեմն-երբեմն (կամ՝ հաճախակի) բողոքում քաղաքի տեսքից, անօրինական՝ սնկի պես աճող շինություններից։ Բողոքում են ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ճարտարապետները, մանավանդ՝ քաղաքի Գլխավոր ճարտարապետը։ Չխորանանք բողոքների որակական հատկանիշների մեջ, բայց նկատենք, որ արդյունքում ստացվում է՝ իրենք իրենցից են բողոքում։

Թումանյան 11 շենքի բնակիչներից ահազանգեցին խմբագրություն հետեւյալ բողոքով. «Մայիսի 20-ին ինչ-որ մարդիկ, մեր կարծիքով՝ քաղաքապետարանից, եկան ու մեր շենքի դիմացի գազոնի առջեւ տեղակայված թերթի կրպակը տեղափոխեցին Թումանյան 11 շենքի ծայրը՝ II մուտքի մոտ։ Կրպակի նախկին տեղն սկսեցին մշակել, որպեսզի սննդի մեծ խանութ կառուցեն, որի հետեւանքով փակվելու է Թումանյան 9 ա, 11 եւ էլի ուրիշ շենքերի փողոց տանող ճանապարհը։ Մեր բողոքներին պատասխանում են՝ «նախագիծն այսպիսին է, դուք էլ 200 մետր ավելի պտտվեք փողոց դուրս գալու կամ շենք մտնելու համար»։ Մենք ամեն շենքից առանձին դիմումներ գրեցինք՝ բնակիչների ստորագրությամբ։ Մայիսի 25-ին դիմումները հանձնեցինք քաղաքապետարանի նամակների բաժին»։

Քաղաքապետարանից բնակիչներին ասել են, թե նամակի պատասխանը կտրվի 3-4 օրից։ Այնինչ, արդեն որքան ժամանակ է անցել նամակը հանձնելու օրից, եւ որեւէ պատասխան չկա։ Դեռ ավելին. բնակիչները զանգահարում են եւ քաղաքապետարանի տարբեր աշխատակիցներ մեկը-մյուսի վրա են գցում, ոչ ոք հստակ չի ասում՝ ով պետք է պատասխանի նամակին, կամ, առհասարակ, ի վերջո ո՞ւմ է հասել նամակը։ Բնակիչներից մեկի մոտ արդեն քաղաքապետարանի աշխատակիցների (այդ թվում՝ ճարտարապետական վերահսկողության վարչության) 10-15 հեռախոսահամարներ են կուտակվել։

Խանութի կառուցման շինարարությունը դեռ սկսված չէ. հարեւաններով հավաքվել-կռիվ են արել ապագա խանութի տերերի եւ խանութի կառուցման աշխատանքներով զբաղվողների հետ. «Վերջը չթողեցինք սկսեն շինարարությունը։ Այդ հատվածը փակելով՝ երկարում է հարյուրավոր բնակիչների ամենօրյա անցուդարձի ճանապարհը։ Կրպակի տեղափոխությունը՝ դեռ ոչինչ, մի քիչ կողք կտարվի, բայց խանութի պատճառով շտապ օգնության կամ աստված չանի հրդեհի դեպքում հրշեջ մեքենաները չեն կարող անմիջապես մոտենալ շենքին ու օգնություն ցուցաբերել։ Ստիպված պետք է մի մեծ պտույտ կատարեն շենքերի մուտքերին հասնելու համար»։ Բնակիչներն էլ են վստահ, որ «խանութ սարքողն» այնքան էլ մեղավոր չէ. «մեղավորը քաղաքապետարանն ու Գլխավոր ճարտարապետն են, որ նման թույլտվություն են տվել»։ Ըստ բնակիչների, թեեւ ճանապարհը 4 մետր է, բայց թույլտվության մեջ միտումնավոր ավելի մեծ տարածություն են հատկացրել։ Իսկ ովքե՞ր են սարքողները՝ հարցիս բնակիչները «խանութ սարքողներին» մոտավորապես այսպես նկարագրեցին. «Վարդան Մամիկոնյանի արձանից դեպի «Վերնիսաժ» ձգվող ճանապարհին մի մեծ պաղպաղականոց է սարքել։ Իրական տերը քաչալ մի երիտասարդ տղա է, ընդամենը մի անգամ է նա եկել»։ Տերը, բնականաբար, չի խառնվում գործի ընթացքին, նա վերջնական արդյունքն է վայելում։ Բնակիչների հետ հանդիպել-զրուցել են ապագա խանութի շինարարական աշխատանքներին «նայող-վերահսկողները»։

Ի դեպ, բնակիչները չեն զլացել եւ ճարտարապետների են հրավիրել խորհուրդ հարցնելու։ «Նման խանութ կամ որեւէ կառույց այդ տեղում չի կարող լինել»,- այս է եղել ճարտարապետների պատասխանը։ Իսկ քաղաքապետարանը թույլտվություն է տվել…

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930