ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Մելիք-Սարգսյան, դատավորներ՝ Ե. Դարբինյան, Վ. Սահակյան, մեղադրող՝ Զ. Թադեւոսյան) փորձ արեց շարունակել ընդհատված մի դատաքննություն։
Այդ քր. գործի դատաքննությանը մենք բազմիցս ենք անդրադարձել, այն կապված է ՀՀ ՆԳ եւ ԱԱՆ հետախույզներ Լեւոն Աբրահամյանի եւ Աշոտ Խաչատրյանի, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Վարուժ Անդրեասյանի հայտնի պատմության հետ՝ առեւանգման, 100 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու եւ վերջապես, այս տարվա մարտի 17-ի Արաբկիրի, Զեյթուն-Քանաքեռ համայնքների Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու հետ։
Երեկ դատարան էր ներկայացել Իրանի քաղաքացի Վարուժ Անդրեասյանը։ Վերջինս իր «ներկայությունն ապահովելը» հիմնավորեց այսպես. «Մեկ անգամ եւս փաստելու, որ դրանք սուտ խոսքեր են» (նկատի ուներ այն խոսակցությունները, թե ինքը փախել է եւ կամ թե՝ նրան փախցրել էին – Ռ. Մ.)։ Նախագահող դատավորը այս գործով տուժող ճանաչված Վարուժ Անդրեասյանին տեղեկացրեց դատավճռի էությունն ու դրա դեմ առարկությունները (ամբաստանյալների կողմից), ինչպես նաեւ օտարերկրացու դատավարական իրավունքները։ Դատավորը տեղյակ պահեց նաեւ, որ ամբաստանյալների շահերը ներկայացնում են գործում ներգրավված նոր փաստաբանները՝ Տիգրան եւ Մարինա Ջանոյանները, Վարդան Զուռնաչյանը։ Տուժողն իր հերթին նկատեց, որ Վերաքննիչ դատարան բերված «բողոքն իրականությունից հեռու է ներկայացված»։ Նա, բացի հանցագործության պատճառած վնասից, ոչ մի այլ հատուցում չէր պահանջում եւ, սակայն, գտնում էր, որ նախորդ դատավճռով ամբաստանյալների պատիժը քիչ է։ Ամբաստանյալների դատապաշտպաններից երեկ նիստին ներկայացել էր միայն Մարինա Ջանոյանը, որն առարկեց, թե «փաստաբաններն անձնական հարցերից ելնելով՝ բացակայում են նիստից» (դատախազի ասածին) եւ խորհուրդ տվեց «մինչեւ պատճառը չիմանալը գնահատականներ չտալ»։ Իսկ պատճառն այն էր, որ Վ. Զուռնաչյանը անկողնային հիվանդ է, եւ կար նույնիսկ պոլիկլինիկայի համապատասխան տեղեկանքը։ Դատավորն ասաց, թե նախորդ նիստին էլ Վ. Զուռնաչյանը զբաղված էր ընտրություններով եւ հիվանդ չէր։ Մարինա Ջանոյանը պատասխանեց, որ «Էդ պատճառով է հիվանդացել», նկատի ունենալով երեւի վերջին թափանցիկ ընտրությունները։
– Ե՞րբ կլավանա,- հարցրեց նախագահողը։
Կարդացեք նաև
– Ես խոսել եմ բժշկի հետ, կրիզիսը կտեւի 2-3 օր։ Ինչ վերաբերում էր Տիգրան Ջանոյանի բացակայությանը (որն արժանացավ նախագահող դատավորի կողմից գրավոր «զգուշացման»), տեղեկացանք, որ հայտնի փաստաբանը գտնվում է գործուղման մեջ եւ մայրաքաղաք կվերադառնա հունիսի 5-ին… Դատարանին իր գրավոր հայտարարության տեքստը ներկայացրեց տուժողը՝ Վարուժ Անդրեասյանը, ինչը չհրապարակվեց։ Հայտարարության կրկնօրինակից մենք տեղեկացանք, որ Վարուժ Անդրեասյանը բողոքում է իր նկատմամբ հրապարակված այն պնդումների դեմ, թե «ինքը փախել է» եւ կամ «դատված» է եղել։ Նա հայտնեց, որ այսօր գնալու է կրկին Իրան։ Դատաքննությունը հետաձգվեց մինչեւ հունիսի 7-ը։ Տեսնենք՝ այդ անգամ կողմերից որը չի ներկայանա դատարան։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ