Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԿՐՔԵՐ, ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ՔՆՆԱԿԱՆ

Հունիս 03,1999 00:00
krtutyun

Ընտրական կրքերով տարված մեր երկրում դպրոցական քննությունները մի տեսակ սուսիկ-փուսիկ սկսվեցին՝ չնայած այս տարի դրանցում կատարված նորամուծությունները պակաս կրքեր չէին բորբոքել։

Փոր՞ձ, թե՞ փորձանք

Խոսքն, իհարկե, կրթության եւ գիտության նախարարության նոր քաղաքականության մասին է, ըստ որի դպրոցի ավարտական ու բուհի ընդունելության քննությունները պետք է միատեղվեն։ Այսինքն, երեխան մի ամսում նույն առարկայից երկու քննություն չի հանձնի, եւ դպրոցի ավարտական քննությունը հիմք կհանդիսանա բուհի ընդունելության համար։ Սա ապագայում։ Այն էլ այն դեպքում, եթե այս տարվա փորձը, որ միայն առաջին քայլն է այդ ուղղությամբ, խայտառակ կերպով չձախողվի։ Սկզբի համար ընտրված են միայն մի քանի առարկաներ ու միայն բուհերի ընդունելության ոչ մրցութային քննությունների համար։ Իսկ ամենից շատ խոսակցությունների տեղիք տված հայոց լեզվի քննությունն անցկացվեց երեկ։ Անցկացվեց՝ մի կողմից մեղադրանքների, թերհավատության, մյուս կողմից դպրոցի հանդեպ դրսեւորած վստահությունն արդարացնելու, դպրոցի ու մանկավարժների պատիվը գետնով չտալու խնդրանք-պահանջների մթնոլորտում։

Ո՞վ կօգտվի

Դպրոցի հեղինակությունը բարձրացնելու, նրա գնահատականը կարեւորելու, դպրոց-բուհ անջրպետը վերացնելու ցանկությամբ արված այս քայլը միանշանակ չի ընկալվում։ Բնական է, որ բուհերի ներկայացուցիչները, որոնց ձեռքից վերցրել են մի յուղոտ պատառ (քննությունների անցկացման ու ռեպետիտորության մենաշնորհը), ամենեւին էլ գոհ չեն նման որոշումից։ Մանկավարժների վերաբերմունքը գլխավորապես դրական է՝ չնայած ընկալումը դարձյալ տարբեր է։ Ոմանք զգաստացել են նման վստահությունից, մյուսներն այնքան էլ չեն հավատում, թե այդ նորամուծությամբ կարելի է ինչ-որ բան փոխել։ Քիչ չեն նաեւ այնպիսիք, որ այդ որոշումն ընկալում են որպես հերթական նախարարի հերթական քմահաճույքը ու մտածում միայն տրված «շանսից» հնարավորինս օգուտ քաղելու ուղղությամբ։ Վերջիններիս համար՝ նախատեսված պայմանները բավականին բարվոք էին. ոստիկանական մեթոդներով վերահսկողություն, ինչը հատուկ է բուհերի ընդունելության քննություններին, դպրոցների ավարտական քննությունների համար նախատեսված չէ։ Չնայած անկեղծ լինելու համար հարկ է խոստովանել, որ ոստիկանական մեթոդներով հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել, եթե մարդիկ ազնիվ աշխատելու ցանկություն ու հնարավորություն չունեն։

Հսկիչ առաքելությամբ

Ինչեւէ, հայոց լեզվի ավարտական քննությունը երեկ անցկացվեց՝ դպրոցներում ուսուցիչների կողմից, եւ աշխատանքները ստուգողներն ու գնահատողներն էլ նրանք են լինելու։ Ճիշտ է, համաձայն կարգի, քննություններին նախատեսված է կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչների՝ հսկիչ ու միջազգային կազմակերպությունների ու ԶԼՄ-ների՝ դիտորդ ներկայությունը։ Սակայն որոշ դպրոցներում, հատկապես շրջանների, դա էլ է բացակայում, ինչպես համոզվեցինք մեր այցի ընթացքում, որն երեկ իրականացրինք կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, փոխնախարար Աիդա Թոփուզյանի եւ տարածքային կառավարման ու օպերատիվ հարցերի նախարարի նորանշանակ գլխավոր խորհրդական Ջեմմա Անանյանի ընկերակցությամբ։

Մայրաքաղաքի դպրոցներ այցը հերթապահ արարողություն էր ու ինչ-որ խախտումներ բացահայտելու հավակնություն չուներ, մանավանդ որ՝ կարծես թե սպասված էր։ Բայց Արմավիրի մարզի դպրոցներում նախարարի հայտնվելն իսկական անակնկալ էր՝ չնայած այն էլ «հսկիչ» առաքելություն չստացվեց, այլ ավելի շուտ մանկավարժների իրական մտահոգություններին ու հոգսերին տեղեկանալու հնարավորություն։

Գնահատական «սարքելու» հնարավորություն

Հայոց լեզվի ծրարված թեստերը, համաձայն կարգի, հանրապետության բոլոր դպրոցներին հասցվել էին քննության նախորդ օրը։ Դրանք «ծրարազերծվեցին» երեկ քննությունից անմիջապես առաջ՝ դիտորդների ներկայությամբ։ Քննական թեստային առաջադրանքները կազմել է նախարարությունը՝ յուրաքանչյուր շրջանավարտին մեկ տարբերակ սկզբունքով։ Ընդհանուր առմամբ, պատրաստվել էր 60 տարբերակ, այսինքն նույն դասարանում այդ տարբերակները չէին կրկնվում, իսկ թեստային առաջադրանքներով թերթիկները տպվել էին ճիշտ այս տարվա շրջանավարտների թվով՝ բացառելով գրատախտակից այդ առաջադրանքներն արտագրելու անհարմարությունը։ Մայրաքաղաքի Եղիշե Չարենցի, Ա. Պուշկինի եւ Մռավյանի անվան դպրոցներում, ուր եղանք, ընդհանուր տրամադրությունը գոհացուցիչ էր։ Գոհ էին եւ ստուգման գնացողները եւ ստուգվողները (համենայնդեպս՝ այդպես վստահեցրին)։ Աիդա Թոփուզյանը համաձայնվեց «Առավոտի» այն մտահոգությանը, որ քննությունների անցկացման այս կարգը գրեթե զուրկ է վերահսկման հստակ մեխանիզմներից եւ գնահատականներ «սարքել» շատ հեշտ է։ Սակայն նաեւ կարծում է, որ ուսուցչին պետք է վստահել, իսկ վերահսկման մեխանիզմներ, այնուամենայնիվ, կան։ Բացի այդ, մի քանի օրից որոշ դպրոցներից պատահական ընտրությամբ արդեն ստուգված քննական մի քանի աշխատանքներ կհավաքվեն եւ կվերաստուգվեն։

Մեդալակիրներ՝ առանց մեդալի

Ինչեւէ, քննական աշխատանքների ստուգումը երեկ պետք է ավարտվեր եւ դրանց արդյունքներին տեղեկանալու ու դրանք վերլուծելու առիթ դեռ կլինի։ Ի դեպ, երեկ հայոց լեզվից քննություն էին հանձնում նաեւ մեդալի հավակնորդները, որոնք այս տարի 496-ն են, որից 91-ը՝ Երեւանից։ Վերջիններս քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով՝ մարզկենտրոններում, Երեւանում՝ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում։ Սակայն, այս քննական աշխատանքները քննության ավարտից հետո բոլոր մարզերից բերվելու էին Երեւան, եւ դրանք ստուգելու էր նախարարի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովը, ուր ընդգրկված են ե՛ւ դպրոցների մանկավարժներ, ե՛ւ բուհերի դասախոսներ։

Նախարարի շշմեցուցիչ անակնկալը

Մայրաքաղաքի համեմատաբար խնամված (մանավանդ որ, այցելել էինք կենտրոնի լավագույն դպրոցները) դպրոցների հակադրությունն էր Ծիածան գյուղի միջնակարգ դպրոցը (այն նաեւ Ծաղկունք եւ Հովտամեջ գյուղերին է ծառայում), որը շատ անմխիթար վիճակում էր՝ անդուռ, անպատուհան, անհատակ, անսանհանգույց, անուսուցիչ… մի խոսքով լիքը չեղած բաներ եւ նույնիսկ անիմաստ էր դառնում կրթության բովանդակության մասին խոսելը։ Այն մայրաքաղաքից ընդամենը մի կես ժամվա հեռավորության վրա գտնվող դպրոց էր, սակայն տպավորությունն այնպիսին էր, թե Հայաստանի ամենահեռավոր ու խուլ գյուղերից մեկում ենք հայտնվել։

Ի պատասխան մեր հարցի՝ շա՞տ են մարզում այսպիսի դպրոցները, տնօրենը վստահեցրեց, որ գրեթե բոլորն էլ այս վիճակում են, իսկ լավ դպրոցները «մատների վրա կարող է հաշվել» ու հաշվեց՝ մի 4-5 հատ։ Իսկ նախարարի այցից ուղղակի շշմած էին. քսանյոթ տարվա մանկավարժական փորձով ուսուցչուհին պնդեց, որ իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում գոնե մի հասարակ չինովնիկ ոտքը դպրոց չէր դրել, էլ ուր մնաց, թե՝ նախարար։ Այնպես որ, առիթը լա՜վ օգտագործեցին ու սրտներում ինչ կար, ասացին նախարարին, մանավանդ որ ուշադիր ու համբերատար ունկնդիր էին գտել։

Անաշխատավարձ, անտանիք

Էջմիածնի թիվ 2 դպրոցը համեմատաբար բարվոք վիճակում էր, սակայն այստեղ էլ այնքան պրոբլեմ կար, որ ավելի շատ տանիքի վերանորոգման, նստարան-սեղանների ու անհրաժեշտ այլ միջոցների բացակայությունից էին խոսում, քան ուսումնական ծրագրերից։

Բայց վերջինի առնչությամբ էլ մի լավ հարցախեղդ արեցին նախարարին։ Մանկավարժներին հիմնականում մտահոգում էին ուսումնական ծրագրերի ու դասագրքերի թերությունները, ամենամյա փոփոխությունները, բուհերի ընդունելության քննությունների նորույթները եւ այլն։ Նաեւ տեղեկացանք, որ մարզի դպրոցները մինչ օրս մայիսի աշխատավարձը չեն ստացել, իսկ ապրիլինը միայն նախորդ օրն էին ստացել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930