Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրի եւ խոփի միության» Արաբկիրի տարածքային մասնաճյուղ

Հունիս 03,1999 00:00
vichak

Սոցիալական ճգնաժամի հետեւանքով ծանր վիճակում են գտնվում հատկապես բազմազավակ ընտանիքները։ Իսկ դրանց թիվը Հայաստանում 140 հազար է։

Բազմազավակ ընտանիքների մոտ երկու տասնյակ ներկայացուցիչների հեռախոսով կանչել-բերել էին Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոց։ Դեռ բակում ինձ հետ «ժողովի» շտապող մի տիկին սկսեց տրտնջալ, որ «էլի զանգել-կանչել են»։ Նրանից էլ իմացանք, որ բազմազավակ ծնողներին (գերազանցապես մայրերին) պարբերաբար ժողովների են հրավիրել։ Վերջին անգամ կանչել են թիվ 77 դպրոց։ Հետո այցելել են տուն, ինչ-որ հաշվառում են արել, երեխաների կոշիկի չափսերն են վերցրել, խոստացել են օգնել ու… անհետացել են։ Նույնը տիկինը պատմեց մեկ ուրիշ տիկնոջ, որին հանդիպեցինք աստիճանների վրա եւ որը, ինչպես պարզվեց, միջոցառման կազմակերպիչներից է։ Ավելին, նա խոստովանեց, որ հեռախոսով հրավիրողը ինքն է եղել։ Նա հավաստիացրեց, որ իրենք առաջին անգամ են կանչում, իրենց նպատակն է հավաքել, խորհուրդ անել, թե ում ինչպես օգնեն, թե մարդիկ իրենք ինչպես իրենց օգնեն։

Հետո մենք մտանք դահլիճ, որտեղ 1-4-րդ շարքերում հատուկենտ մարդիկ էին նստած, մեծ մասամբ՝ կանայք։ «Ժողովը» սկսվեց հայտարարված ժամից ուղիղ 30 րոպե ուշ։ Կազմակերպիչները սպասում էին, որ բոլոր «զանգվածները» ժամանեն։ Հույսերն, իհարկե, չարդարացան, եւ «ժողովը» սկսվեց։ Փոքրիկ նախաբանից հետո նախագահողը խոսքը տվեց բազմազավակ ընտանիքների «Շիրազ» միության նախագահ Վ. Ղազարյանին։ Նա սկսեց արդարանալ, որ իրենք ոչ մի ֆինանսական կամ ապրանքային օգնություն չեն ցուցաբերել, քանի որ միությանը ոչ ոք միջոցներ չի տրամադրում։ Միության ամենամեծ նվաճումը, թերեւս, Հարավ-արեւմտյան զանգվածում ձեռք բերած տարածքն է, որին հասել են նստացույցից հետո։ Տարածքն, ի դեպ, կիսակառույց է, ինչը, սակայն, չի խանգարում, որ միությունն այնտեղ հինգամսյա դասընթացներ կազմակերպի բազմազավակ ընտանիքների երեխաների համար։

Կանխելով ներկաների հարցերը, թե է՞լ ինչ է արել միությունը, պրն Ղազարյանն ասաց, որ բազմազավակ ընտանիքների շատ անդամներ, օգտվելով քաղաքային տրանսպորտով անվճար երթեւեկելու իրավունքից, տեղյակ էլ չեն, որ դա իրենց շնորհիվ է։ Դեռեւս Հենրիկ Քոչինյանի՝ տրանսպորտի նախարար աշխատած ժամանակ այդ արտոնությունը վերացնելու մասին լսելուն պես իրենք նստացույց են կազմակերպել եւ արդյունքի հասել։ Իրենք նաեւ ճշտումներ են կատարում «օրենսդրական նախագծերում» եւ արտոնություններ պահանջում։ Ի դեպ, «մեր երկրի փլուզումից հետո» (իսկ մենք կարծում էինք, թե փլուզումից հետո է երկիրը մերը- Խ. Գ.) այդ արտոնությունները բոլորովին վերացել են, իսկ պրն Ղազարյանը «Արմենիա» հյուրանոցում է աշխատում, եւ արտասահմանցիների հետ շփվելով, գիտի թե նման ընտանիքներն ընդհանրապես ինչպիսի ուշադրության առարկա են։ Նույն այդ արտասահմանցիներից նա իմանում է, որ հայաստանաբնակ եզդի, ասորի ընտանիքները նյութական օժանդակություն են ստանում, որպեսզի հղի կանայք ծննդաբերեն։

Բա՞։ Իսկ իրենք խնդիր ունեն նպաստել հայ բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը։ Պրն Ղազարյանը բազմազավակ ընտանիքի պրոբլեմների խոշոր գիտակ է, որովհետեւ նա ինքը, ինչպես նաեւ նրա քույր-եղբայրները բոլորն էլ բազմազավակ են։ Նրա հայրն էլ է եղել բազմազավակ, պապն էլ, եւ առհասարակ ողջ ցեղը։ Մեծանալով այդպիսի ընտանիքում, ապրելով «չարքաշ» կյանք, ունենալով բազմանդամ ընտանիք, նա շատ լավ գիտակցում է, թե ինչպես պետք է պայքարել նման ընտանիքների իրավունքների համար։ Ի վերջո, նա հայտնեց հավաքի նպատակը՝ ստեղծել Արաբկիրի տարածքային մասնաճյուղ, որը կզբաղվի բազմազավակների պրոբլեմներով։ Այնուհետեւ ներկայացրեց մասնաճյուղի նախագահին՝ Սվետա Միլիտոնյանին, որը վեց տարի անշահախնդիր աշխատում է, որովհետեւ իրենք ոչ ոքից փող չեն ստանում։ Վերջինս ափսոսանքով ասաց, որ իրենց մասին հիշում եւ իրենց բազմահազարանոց ուժն օգտագործում են միայն ընտրությունների ժամանակ։ Տիկինը ներկայացրեց իր տիտանական աշխատանքի արդյունքը. նա մի ողջ գիշեր նստել ու հաշվել է, որ նախընտրական պլակատների վրա արված ծախսերով մի գործարան կվերագործարկվեր եւ 1.500-2.000 մարդ աշխատատեղ կունենար։ Ի լրումն սրա, պրն Ղազարյանը վրդովմունք հայտնեց, որ ԱԺ պատգամավոր ընտրված ինչ-որ մեկը կարող է 200 ոչխար մորթել, մինչդեռ, եթե այդ ոչխարներն իրենց տային, բազում հարցեր կլուծվեին։

Դահլիճից մի բազմազավակ մայր, իմանալով, որ երկու սեփական, երկու վերցրած երեխա ունի, հետաքրքրվեց, թե արաբկիրցի իրոք բազմազավակների մեջ չկա՞ր մեկը, որ հավակներ այդ տեղին։ Հետեւեց պատասխանը՝ եկեք դուք նստեք։ Ահա այսպես։ Հետո տիկինը բորբոքված պահանջեց, որ իր անունը ցուցակից հանեն եւ այլեւս իրեն չանհանգստացնեն, որովհետեւ արդեն յոթ տարի զանգում-կանչում են, «ժողով» են անում, 96-ի եւ 98-ի նախագահական ընտրություններից առաջ բաներ են խոստանում, կոչ անում իրենց ձայնը տալ այս կամ այն թեկնածուին, հետո կորչում են։ «Ժողովուրդ, սուտ են ասում, էլի խաբում են»,- ասաց տիկինը եւ լքեց դահլիճը։ Ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչ միջոցներով է միությունը խմբակներ պահում, պրն Ղազարյանը պատասխանեց. «Ի՛մ անձնական, իմ ընկերների միջոցներով, ես բարձր աշխատավարձ եմ ստանում»։ Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք «Արցախ» կոմիտեի հետ պայմանագիր ունեն՝ բերքահավաքի շրջանում ժամանակավոր աշխատանքներում բազմազավակ ընտանիքի անդամներ ընդգրկելու մասին։ Մեր հարցին՝ թե ինչո՞ւ Արցախ հասնել, Հայաստանում բերքահավաք չի՞ լինում, տիկին Սվետան հարցով պատասխանեց՝ Արցախը Հայաստան չի՞։

Այնուամենայնիվ, անհասկանալի էր, թե ի՞նչ կարիք կա այդքան տարածություն կտրել, երբ այդ շրջանում աշխատող ձեռքի կարիք ամեն տեղ լինում է։

Երբ մենք պատրաստվում էինք դուրս գալ, մի տիկին բողոքում էր, որ երբ ՀԱԹ-ում այդ տարածքը հատկացրել էին, ինքը մասնակցել է մաքրման աշխատանքներին, սակայն իր երեխաներին չեն ընդգրկել ոչ մի խմբակում, թեեւ իր հասցեն հայտնի է։

Ժողովը, որը վեճի էր վերածվել, շարունակվում էր։ «Սրի եւ խոփի միության» Արաբկիրի տարածքային մասնաճյուղը դժվար էր ծնվում։

ԽԱՉԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել