Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ՄԻԱՑՆԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ

Հունիս 03,1999 00:00
her

Եթե ուզում եք բուժվել

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Բժշկական ախտորոշման հայկական միությունը հունիսի 2-5-ը անցկացնում են միջազգային գիտաժողով, որի բացումն ու առաջին պլենար նիստը տեղի ունեցան ԳԱԱ մեծ դահլիճում։

Գիտաժողովը կոչվում է «Ախտորոշիչ բժշկություն»։ Սակայն, ինչպես պարզեցինք որոշ մասնագետներից, անհեթեթությունից խուսափելու համար պետք է օգտագործվեր «Բժշկական ախտորոշում» արտահայտությունը։ Կազմկոմիտեի պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը հիշեցրեց, որ մի 10 տարի առաջ ախտորոշման ծառայությունը հեղինակություն չէր վայելում եւ այսօր էլ գործող «Ախտորոշման կենտրոնի» հիմնադրման ժամանակ բավական մեծ խոչընդոտներ են եղել։ Այս հավաքի անցկացման ժամանակը՝ հունիսն ընտրված է մի քանի պատճառներով։ 1984 թվականի հունիսին կազմավորվել է «Ախտորոշման կենտրոնը», 1989-ի հունիսից վերջինիս փորձն սկսվել է կիրառվել ԱՊՀ տարածքում, քանի որ Հայաստանի «Ախտորոշման կենտրոնը» ԱՊՀ-ում առաջինն է եղել։

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է նաեւ հեռուստաբժշկության ներմուծմամբ, ինչը տեղի է ունեցել ոչ թե գիտական նորամուծությունների ներդրման հերթական փորձի շրջանակներում, այլ՝ դժբախտաբար 1988-ի երկրաշարժի պարտադրանքով։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի Տիեզերական հետազոտությունների եւ օդագնացության կենտրոնը (NASA) հանդես եկավ Հայաստանին օգնելու առաջարկությամբ։ Ամերիկյան խոշոր կլինիկաների մասնագետները 1989-ի հունիսի 1-ին հեռուստակամուրջի միջոցով այստեղի հիվանդներին եւ վիրավորներին խորհրդատվությամբ էին ապահովում։ Սա շարունակվել է հետագա 3-4 ամիսներին եւս։ Մոտավորապես 200 հիվանդներ խորհրդատվություն են ստացել, 150-ից ավելի հիվանդների բուժման սխեման է փոխվել։ Իսկ ընդհանրապես դա միջազգային տրանսատլանտիկ հեռուստաբժշկության առաջին փորձն է եղել։ Հեռուստաբժշկությունը մինչ այդ ներպետական, տեղային բնույթ է կրել։ Դրանից հետո Հայաստանում շարունակել են զբաղվել հեռուստաբժշկությամբ, որը ախտորոշման տարրերից է։

NASA-ի փոխտնօրեն, մեր ազգակից Առնոլդ Նիկողոսյանը (ՀՀ Առողջապահության նախարարը լրագրողներին խնդրեց հատկապես շեշտել, որ իրենց միջեւ ազգակցական կապեր չկան։ Եթե լինեին, ի՞նչ կլիներ։- Ա. Գ.) պատմեց միջազգային առողջապահական համագործակցության, նոր տեխնոլոգիաների հնարավորությունների մասին ընդհանրապես եւ զանազան այլ միջազգային կազմակերպությունների (ՀԲ, ԱՀԿ, USAID) համագործակցությամբ իրականացվելիք հեռահաղորդակցության մի ծրագրի մասին՝ մասնավորապես։ Այդտեղ ճիշտ ժամանակին հասավ ԳԱԱ պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը եւ գիտաժողովի մասնակիցներին ողջունելուց հետո հայտնեց, որ Առնոլդ Նիկողոսյանն այսուհետեւ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ է։ Միջազգային հեռուստաբժշկական զարգացման հեռանկարները ներկայացրեց դարձյալ ամերիկյան հյուր, Միջազգային հեռուստաբժշկության կոնսորցիումի ղեկավար Ռ. Մերելը, որի կարծիքով հեռուստաբժշկությունը պիտի դադարի խաղ լինելուց։ Ռուսաստանցի մասնակիցների ներկայությանը, ինչպես ժամանակին կանխագուշակել էր ՀՀ վարչապետը, խանգարել էր ռուսական ճգնաժամը։ Այսօր ՀՀ ախտորոշման կենտրոնը կդառնա միջազգային կոնսորցիումի անդամ, որի մասին կստորագրվի համապատասխան փաստաթուղթ։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930