Ընտրական թոհուբոհը տնտեսության վրա համարյա ազդեցություն չունեցավ։ Ճիշտ ու ճիշտ զարգացած լուրջ երկրների նման։ Ոչ ոք իհարկե չի կասկածում, որ քաղաքական ցնցումները պիտի ազդեն տնտեսական համակարգի վրա։
Այսինքն, կարող են նաեւ չազդել։ Բայց միայն երկու դեպքում. երբ տնտեսական համակարգը հզոր է եւ երբ այն ընդհանրապես չկա։ Իհարկե, պնդումը, թե մեր երկրում տնտեսական համակարգ չկա, մի փոքր չափազանցություն է։ Ցանկացած մարդ գիտի, որ երկրում բանկեր կան, որոշ արտադրական ձեռնարկություններ (օրինակ, հացի փռեր, «Կոկա կոլայի» ու հանքային ջրերի գործարաններ)։ Ի վերջո, արդյունաբերության ու այլ, ֆինանսների եւ այլնի նախարարություններ կան։ Նախ՝ ֆինանսների մասին։ Ընտրական շրջանի հետ որոշակի հույսեր էին կապված։ Ենթադրվում էր, որ պատգամավորության թեկնածուների խաժամուժը նախընտրական ծախսեր կանի։ Կհանի դոլարի լուրջ քանակություն ու կծախսի ընտրական եւ մերձընտրական կարիքները հոգալու ընթացքում։ Տարադրամի լուրջ չափաբաժնի առկայությունը կիջեցներ հենց իր փոխարժեքը։ Բնականաբար, ենթադրվում էր, որ կբարձրանա մեր դրամի կուրսը։ Այդպես չեղավ։ Ընտրական պաստառների ու մանր-մունր ընտրակաշառքի, ասֆալտի վրա ծախսված տարադրամը սպասված արդյունքը չտվեց։ Ընտրական փողերը հիմնականում պտտվեցին մեծ թվերով, մեծ գործերի համար (կուսակցությունների միջեւ հանձնաժողովային տեղերի վաճառք եւ այլն)։ Դոլարը, փաստորեն, ներքին շուկա չհասավ։ Չհասավ սպասված ծավալներով։ Հետեւաբար, ինչ-որ պահի տեղի ունեցավ հակառակ պրոցես։ Ընտրություններից 2-3 շաբաթ առաջ սկսեց ընկնել դրամի կուրսը։ Հին, փորձված մեթոդներով (տնտեսագետները կասեին՝ կոշտ դրամավարկային քաղաքականությամբ) Կենտրոնական բանկին հաջողվեց կայունացնել դրամի կուրսը մի փոքր ավելի բարձր՝ 545 դրամի սահմաններում։
Կոշտ դրամական քաղաքականություն միայն ԿԲ-ն չէ, որ վարում է։ 1994 թ. հետո բոլոր կառավարությունների միակ գործն ու միակ արժանիքը մակրոտնտեսական կայունության ապահովումն է։ Եթե դա արժանիք է։ Ամեն ինչ զոհաբերվում է հանուն այդ մակրոկայունության։ Անգամ բյուջետային պարտավորություններն են կատարվում միմիայն այդ տեսանկյունից։ Նշված ժամանակաշրջանից հետո Հայաստանը երբեք ընտրությունների չի գնացել վճարված թոշակներով ու նպաստներով։ Չնայած, որ բոլոր ընտրություններում իշխանությունները վերարտադրվելու (վերընտրվելու) անթաքույց նպատակ ունեն։
Այս անգամ, կարծես, կառավարությունը պատրաստվել էր թոշակներ վճարել։ Նման ենթադրության հիմք կարող է տալ այն փաստը, որ, ի տարբերություն վերջին շրջանի, ապրիլ ամսին փորձեց պետական կարճաժամկետ պարտատոմսերով փող հավաքել։ Ապրիլին առաջին անգամ պարտատոմսերով ավելի շատ փող ներգրավվեց, քան վճարվեց նախկին պարտքերի դիմաց։ Շատ չէ, ընդամենը 78 մլն դրամի չափով։ Բայց ֆինանսական ակնկալվող աշխուժությունը չկայացավ։ Հետեւաբար կառավարությունը վերարտադրվել ձգտող խորհրդարանականներին ու մյուս հավակնորդներին առաջարկեց նորից քվեարկվել երկու-երեք ամիս ուշացած թոշակներով։ Նման պարագայում շարքային ընտրողի՝ ժողովրդի, վերաբերմունքը իշխանամետ ուժերի նկատմամբ մեկնաբանության կարիք չունի։
Կարդացեք նաև
Նրանում, որ հայկական ֆինանսական կյանքն իր համանմանը չունի, կարելի է համոզվել հենց պետական պարտատոմսերի տեղաբաշխում-վաճառքին հետեւելով։ Չնայած քաղաքական անհայտ վիճակին, պարտատոմսերի ամբողջ առաջարկը տեղաբաշխվեց։ Մայիս ամսին տեղաբաշխվել են 4 մլրդ 250 մլն դրամ արժեթղթեր։ Նախկին պարտքերի դիմաց վճարվել է 350 մլն դրամից ավելի գումար, քան ներգրավվել է։ Սա նշանակում է, որ պետական պարտատոմսերը չեն դիտարկվում որպես բյուջեի ճեղքվածքը փակելու աղբյուր։ Հնարավոր դեֆոլտի (ներքին պարտքի) ճիշտ ժամկետին վճարելուց կառավարության հրաժարվելու մասին լուրերը եւս կարելի է չափազանցված գնահատել։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ դրսից փող հայթայթելու հնարավորությունները գնալով փոքրանում են, եւ ներքին աղբյուրից հրաժարումը տրամաբանական չի լինի։ Սակայն, մյուս կողմից, մեր կառավարությանը բազում «մեղքերում» մեղադրելը շատ ավելի հեշտ է, քան հստակ տրամաբանված քաղաքականություն վարելու մեջ։ Խիստ տարօրինակ է նաեւ այն փաստը, որ նախընտրական մայիսին նվազեց նաեւ պարտատոմսերի շահութաբերությունը։ Ապրիլի 66,4%-ի դիմաց այն դարձավ 53,8%։ Մայիսին էլ, ինչպես մյուս ամիսներին, կառավարությանը թույլատրվեց լինել ոչ պոպուլիստ։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ