Հավանաբար արժե վերլուծել եւ գնահատել մրցապայքարի ընթացքն ու արդյունքները։ Կարծում եմ նաեւ ճիշտ կլինի մրցավազքի արդյունքում չընտրվածները շնորհավորեն ընտրվածին՝ հաղթողին։
Ես մեծամասնական անհատական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածու էի գրանցվել Երեւանի 4-րդ ընտրատարածքում, որտեղ, բացի ինձնից, առաջադրված էին եւս հինգ հոգի։ Ըստ էության, նրանք պաշտպանվում էին իրենց կուսակցությունների կողմից։ Ես նման պաշտպանություն չունեի որեւէ կուսակցության կամ դաշինքի կողմից։ Թերեւս, նաեւ դրանով է բացատրվում մյուս թեկնածուների գործունեությունը։ Նրանք ունեին իրենց շտաբները եւ ենթաշտաբները, գունազարդ բուկլետներ, գունավոր մեծադիր նկարներ, գովազդի այլ բազում ձեւեր։ Հաճախակի, իսկ ոմանք գրեթե ամեն օր, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով իրենց խոսքն էին ասում ընտրողներին, նրանց մասին ցուցադրվում էին զանազան տեսահոլովակներ։ Նրանց ձեւավորած եւ գրավիչ շտաբներում վարձով աշխատում էին տասնյակ, ոմանց մոտ՝ հարյուրավոր եռանդուն երիտասարդներ։
Իսկ ես վերը նշվածներից ոչինչ չունեի, որովհետեւ դրանք ունենալու, իրականացնելու համար ահռելի գումարներ էին պետք, իսկ ես այդքան չունեի եւ ունեցածս էլ գերադասում եմ տրամադրել կարիքավոր, շնորհաշատ ուսանողներին։ Ի դեպ՝ նշեմ, որ իմ հեղինակած գրքերի եւ քարտեզների վաճառքից գոյացած գումարների հաշվին՝ վեց տարվա ընթացքում այդ նպատակով ծախսել եմ 28 մլն դրամ։ Այսինքն՝ ընտրապայքարում հանդես բերածս ժլատությունը բացատրվում է վերը նշված հանգամանքով։
Ինչ եղել, եղել է։ Փաստ է այն, որ 4-րդ ընտրատարածքում պատգամավորության վեց թեկնածուներից հաղթող է ճանաչվել Լեւոն Սարգսյանը։
Կարդացեք նաև
Ես շնորհավորում եմ նրան Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ եւ ցանկանում նույն եռանդը ցուցաբերել նաեւ պատգամավորական գործունեության ընթացքում։ Ես միաժամանակ իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում այն բոլոր ընտրողներին, որոնք քվեարկել են իմ օգտին։
ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս