«ՄեկԵրեկվա ժամը 14-ին վարված հարցազրույցը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ։
– Պրն Թորոսյան, ընտրություններից անմիջապես հետո հրապարակվող նախնական տվյալներից քիչ անց «Միասնություն» դաշինքի ձայների տոկոսը կարծես սկսեց նվազել։ Մայիսի 31-ի առավոտյան նշվող 53 տոկոսի փոխարեն այժմ նշվում է 41 տոկոսը։
– Ցավոք, նախ տերմինների մեջ կա անճշտություն, նաեւ ԿԸՀ-ի կողմից արվող հայտարարությունների ժամանակ։ Նախնական տվյալներ ասելով ըստ օրենքի պետք է հասկանանք, որ բոլոր մարզերում ամփոփվել են արդյունքները։ ԿԸՀ են ներկայացվել արձանագրությունները։ Ցավոք, շատ հաճախ «նախնական արդյունքներ» ասելով մարդիկ հասկանում են անմիջապես ստացվող թվերը։ Բայց այդ տվյալները դեռեւս նախնականը չեն, դրանք, եթե կարելի է այսպես ասել, ընթացիկ տվյալներ են։ Եվ բնական է, որ ողջ հանրապետությունից համասեռ արդյունքներ ակնկալել հնարավոր չէ։ Այդ պատճառով, տարբեր մարզերից եկող տարբեր տվյալների արդյունքում ընդհանուր թիվը միշտ տատանվում է։ Եվ քանի որ ժամանակագրական առումով «Միասնություն» դաշինքի տվյալներն են նվազում, կարծում եմ, մեր հանգստությունը վկայում է, որ այստեղ խարդավանքներ չկան։ Ընդ որում, այսօրվա ժամը 13-ի դրությամբ դեռ չկան Երեւանի եւ Արագածոտնի մարզերի նախնական արդյունքները, այնպես որ, այս պահին հրապարակված տվյալների հիման վրա դժվար է դրանց վրա հենվելով հեռուն գնացող հետեւություններ անել։ Կլինեն վերջնական թվերը, կլինեն եւ մեկնաբանություններ։ Իսկ նման տատանումներին հանգիստ ենք վերաբերվում։
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն կուսակցություններին, որ ձեր ստացած ձայների շնորհիվ, այս պահին որոշ կուսակցությունների տոկոսը հասցվում է 5 տոկոսի սահմանագծին։
Կարդացեք նաև
– Գիտեք, Հայաստանում կա արատավոր մի ավանդույթ, երբ առանց որեւէ փաստացի տվյալի սկսում են հետեւություններ անել, մեկնաբանություններ անել, նույնիսկ, «վերլուծություններ»։ Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ պետք է լինի, որ առաջին հերթին «Միասնությունն» է շահագրգիռ, որ իր ստացած ձայները չնվազեն։ Իսկ դաշինքը բավականաչափ հնարավորություն ունի, որ թույլ չտա իր ձայների արհեստական նվազեցում։ Այնպես որ, այստեղ ընթացիկ ցուցանիշների փոփոխման իրավիճակ է եւ քանի դեռ պաշտոնական տվյալներ հրապարակված չեն, կարծում եմ, ճիշտ չի լինի մեկնաբանություններ անել եղած թվերի վերաբերյալ։
Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ