Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքները՝ ձորից, ժողովրդից

Հունիս 03,1999 00:00
Vardges Matevosyan

Հարցազրույց թիվ 72 ընտրատարածքից ընտրված Վարդգես Մաթեւոսյանի հետ

– Պարոն Մաթեւոսյան, դուք գործարար մարդ եք, բայց որոշեցիք դառնալ պատգամավոր, ինչո՞ւ։

– Ես չեմ ուզում սահմանափակվել իմ բիզնեսով, ուզում եմ բիզնեսն օգտագործել հօգուտ ժողովրդի։ Ես կարող էի այստեղ էլ, Երեւանի թիվ 18 ընտրատարածքում առաջադրվել եւ պատգամավոր ընտրվել, այստեղ էլ պրոբլեմ չունեմ, որովհետեւ ժողովուրդը գիտի իմ մասին։ Հարցրեք, նրանք երբեք վատ բան չեն ասի իմ մասին։ Որտեղ աշխատել եմ՝ ստեղծել եմ, որտեղ աշխատել եմ՝ կառուցել եմ։ Առաջադրվեցի Վայոց ձորում, որովհետեւ իմ ծննդավայրն է, իմ ձորն է։ Իմ ծրագրերը համընկնում են ձորի ծրագրերին։ Ուզում եմ ձեռք մեկնել, օգնել իմ ժողովրդին։

– Բայց խորհրդարանը օրենսդիր մարմին է, ձեզ ինչպե՞ս եք զգալու։

Կարդացեք նաև

– Իմ կարծիքով օրենքները պարտադիր պետք է ծնվեն ձորից, այսինքն՝ ժողովրդից։ Մի քիչ էլ օրենքները պետք է համընկնեն ժողովրդին, չէ՞։ Այսօր, ենթադրենք, օրենքներ շատ կան, եթե չեն կիրառվում, ժողովրդին դա ձեռնտու չէ։

– Պարոն Մաթեւոսյան, ընտրություններից առաջ ի՞նչ եք խոստացել, ինչո՞վ եք օգնել ժողովրդին, այսինքն՝ ի՞նչ ընտրակաշառք։

– Չէ, ոչ մի բանով չեմ օգնել, բայց խոստացել եմ օգնել։ Այսինքն՝ ես հենց այնպես խոստումներ չեմ տվել եւ ոչ մի կաշառք էլ չեմ տվել։ Մի դեպք է եղել միայն. մի մարդ եկավ, լաց եղավ, ասաց, թե յոթ երեխա ունի, ուղարկեցի եղբորս մոտ, ասացի՝ մի պարկ ալյուր տուր։ Այս մարդը եղբորս մոտ էլ էր լաց եղել, եղբայրս էլ փխրուն սիրտ ունի։ Երբ իմացել էր, որ այդ մարդը մահացած եղբորս ճանաչել է, մեկի փոխարեն 2 պարկ ալյուր էր տվել։ Երդվում եմ ազնվությամբ, այդ երկու պարկը մեզ համար դարձավ ճակատագրական։ Սկսեցին հոլովել, ասացին՝ ալյուր է բաժանում։ Բայց հավատացեք՝ ոչ մեկին ոչ մի չոփ չենք տվել։ Ընդհանուր գործեր շատ ենք արել, օրինակ, համաշխարհային չափանիշներին համապատասխանող մի շատ սիրուն մարզադաշտ ենք կառուցել։

– Ձեր մասին հիշում են որպես որսորդ։ Վաղո՞ւց եք որսորդությամբ զբաղվում։ Օգնե՞ց որսորդությունը պատգամավոր դառնալ։

– Եթե մարդը որսորդ է, չի նշանակում, թե նա կենդանի սպանող է։ Ոչ։ Տարիներ առաջ, 1984 կամ 83 թիվն էր, հանրապետությունում 3-4 օր ձյուն էր գալիս, մետրուկես ձյուն եկավ։ Ընտանիքիս հետ գյուղից քաղաք էի վերադառնում։ Ճանապարհի կողմերում սոված ու քաղցած կաքավներ տեսանք, հարյուրավոր կաքավներ։ Ետ վերադարձանք։ Այդ ժամանակ եղբայրս սովխոզի տնօրեն էր։ Կոլխոզից ցորեն վերցրինք, գյուղի տղաների, որսորդների հետ ցորենը շալակով տարել ենք դաշտերը, քարին ենք տվել, քոլերին ենք տվել, լցրել ենք, որ կաքավն ուտի-չսատկի։ Բայց, ափսոս, մեկ տոկոսը չփրկվեց։ Այսօր մարդիկ մտածում են, որ եթե որսորդ է, ուրեմն պետք է խփի, սպանի։ Ոչ, որսորդը պետք է ստեղծի։ Ես հանրապետության Որսորդների միության պատվավոր անդամ եմ։ Մարդիկ սխալ են հասկանում։

Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930