Լրահոս
Օրվա լրահոսը

Տաշի՛, Արմեն

Հունիս 03,1999 00:00
Armen Darbinyan

Երեկ նախագահի հատուկ հյուրի կարգավիճակով Հայաստան ժամանեց Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը։ Պրն Վուլֆենսոնը մինչ այդ Ադրբեջան կատարած այցից առաջ եղել էր Թուրքիայում, հանդիպել այնտեղ բուժվող Հեյդար Ալիեւի հետ։ Հետո նա Բաքվից մեկնել էր Թբիլիսի։

Թբիլիսիից ժամանող հյուրին օդանավակայանում դիմավորեցին վարչապետ Արմեն Դարբինյանը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ այդ նրանք մոտ մեկ ժամ օդանավակայանում սպասում էին ուշացող հյուրերին։ Այդ ընթացքում, տարօրինակ էր, որ լրագրողները որեւէ հարցով չդիմեցին վարչապետին։ Տարօրինակ մի փաստ եւս. երբ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը մոտեցավ պաշտոնատարների խմբին, վարչապետը մի քանի մետր հեռացավ հակառակ ուղղությամբ։

Պրն Վուլֆենսոնը օդանավակայանում լրագրողներին ասաց, որ պատրաստի պատասխաններով չի ժամանել Հայաստան, ակնարկելով, որ հարցերին մանրամասն կպատասխանի այցի վերջում նախատեսված ասուլիսի ընթացքում։ Այնուհետեւ այցելեց Գեղագիտական դաստիարակության կենտրոն։ Հենրիկ Իգիթյանի հետ շրջեց պատկերասրահում։ ՀԲ-ի կողմից տրամադրված 10 հազար դոլար գումարով կենտրոնը մանկական նկարազարդումներով Թումանյանի հեքիաթների ժողովածուն էր հրատարակել։ Մինչ պրն Վուլֆենսոնը դիտում էր նկարները, Գեղագիտական կենտրոնի աշխատակիցները ուղեգորգը մի մուտքից տեղափոխեցին մյուս մուտք։ Այնտեղ ՀԲ-ի նախագահին սպասում էր մանկական երգչախումբը։ «Գյումրվա տրնգի» եղանակի տակ պարեցին Վուլֆենսոնն ու Դարբինյանը։ Այցի շրջանակներում Ջեյմս Վուլֆենսոնը այցելելու է Սպիտակ եւ Արտաշատ, ծաղկեպսակ է դնելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Նախատեսվում է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի ոռոգման նոր վարկի համար։

Ի դեպ, համաշխարհային բանկը արդեն իսկ տրամադրել է 319,2 մլն դոլար վարկ։ Վարկային պայմանագրերի ամբողջական չափը 508,7 մլն դոլար է։ Հունիսի վերջում ՀԲ-ն տրամադրելու է Կառուցվածքային բարեփոխումների 3-րդ վարկի հերթական 25 մլն դոլարանոց տրանշը։ Սա խիստ կարեւոր հանգամանք է, որովհետեւ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, մյուս հիմնական վարկատուն՝ Միջազգային արժութային հիմնադրամը, դադարեցրել է վարկային միջոցների տրամադրումը։ ՄԱՀ-ը սպասում է նոր կառավարության ու նոր տնտեսական քաղաքականության հռչակմանը։ Որոշակի կասկածներ ունի նաեւ ՀԲ-ի ղեկավարությունը։ Երեւի այս պատճառով պրն Վուլֆենսոնը չնախատեսված հանդիպում է ունենալու «Միասնություն» դաշինքի ղեկավարներ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հետ։ Այցի արդյունքների ամփոփումից հետո պարզ կդառնա, թե որքանով է միջազգային վարկային այս կազմակերպությունը վստահում քաղաքական նոր ձեւավորվող դաշտին։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930