Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիս 03,1999 00:00
Albert bagdasaryan

Ազգային Առաջադիմություն կուսակցության նախագահ Ալբերտ Բաղդասարյանին կարելի է դասել խորհրդարանական ընտրությունների վետերանների շարքերում. նա երրորդ անգամ մասնակցեց ընտրություններին։ Նա իր թեկնածությունն էր առաջադրել Գեղարքունիքի թիվ 42 ընտրատարածքում, որտեղից այս անգամ պատգամավոր դարձավ Հարություն Մուրադյանը։ Ի հեճուկս մեր սպասելիքների, Բաղդասարյանի տրամադրությունը բավական բարձր էր, ԱԱ կուսակցության տղաների մոտ նույնպես ընկճվածություն չէր նկատվում։

– Պրն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունները։

– Նախ փաստեմ, որ Հայաստանը ստացավ իրեն արժանի Ազգային ժողով։ Կարծում եմ, ընտրությունների օրն ամեն ինչ եղավ նորմալ։ Ինչ եղել է, ընտրություններից առաջ է եղել։ Հանրապետությունում ոչ թե քաղաքական ընտրություններ կատարվեցին, այլ ֆինանսական։ Ամեն ինչ որոշեցին մինչեւ ընտրությունները բաժանված ընտրակաշառքները, նույնիսկ որոշ տեղերում ընտրությունների օրն էր շարունակվում։ Փաստորեն, Արշակ Սադոյանի կոչը, որ «Վերցրեք, բայց ընտրեք ձեր սրտով», մերժվեց ժողովրդի կողմից։ Կյանքը ցույց տվեց, որ այդպես չի լինում, եթե վերցնում են, ապա անպայման քվեարկում են տվողի օգտին։ Ու բաժանողներն էլ այնքան միամիտ չեն, որ չստեղծեն հսկող մեխանիզմներ։ Բացի այդ, կար նաեւ շահագրգռելու մեխանիզմը. անհրաժեշտ ձայներ ապահովելու դեպքում՝ «պրեմիա»։ Այդ առումով ընտրակաշառքը աշխատեց հստակ, ժողովրդի մեծ մասը ընդունեց ընտրակաշառքի խաղը եւ ընտրակաշառքով էլ կատարեց ընտրություն։ Ընտրությունների օրը 42 ընտրատարածքում խախտումներ գրեթե չեն եղել, շատ աննշան՝ նկատի ունեմ «կարուսել», բացակա մարդու փոխարեն քվեարկել եւ այլն։ Նման բաները մեր կողմից շտապ կանխվում էին։

– Ի դեպ, ասում են, որ այնտեղ նույնիսկ ծեծկռտուք է եղել։

– Ծեծկռտուք չի եղել, դեպք է եղել Վարդաձոր գյուղում, որի մասին կազմվել է արձանագրություն։ Գյուղում ասում էին, որ նախկին գյուղապետը միաժամանակ երկու թեկնածուներից ֆինանսավորվել է անհրաժեշտ քանակի ձայներ ապահովելու համար, բայց չէր կարողացել ապահովել, իսկ իմ ներկայացուցիչը ակտիվորեն օրենքն է պաշտպանել։ Եվ ես հասկանում եմ այդ նախկին գյուղապետի վիճակը, որը տեսնում է, որ ինքը չի ապահովում այդ ձայները, մնում է պարտքի տակ։ Ըստ երեւույթին, գումարները վերադարձնելու պրոբլեմ է ունեցել, եւ այդ ներվային վիճակն արտահայտվել է աթոռը գետնին կոտրելով եւ իմ ներկայացուցչին հայհոյելով։ Այդքանով միջադեպն ավարտվել է։ Կարծում եմ, նա դեռ հաշվետու պետք է լինի իրեն ֆինանսավորողների առաջ եւ ցավում եմ իր այդքան ծանր վիճակում հայտնվելու համար։

– Պրն Բաղդասարյան, դուք պարտվեցիք ընտրություններում, բայց ձեր տրամադրությունը բավական բարձր է։

– Եթե ինձ հաղթեր քաղաքական դեմք, ես կտխրեի, բայց հաղթել են ֆինանսները։ Այդ առումով ես հոգեբանորեն ինձ պարտված չեմ զգում։ Բայց իրականում սա պարտություն է բոլորի համար, եւ դա շուտով կերեւա… Ինձ թվում էր, որ քաղաքական վիճակի վատթարացումից ժողովուրդն անհրաժեշտ հետեւություններ կանի։ Բայց ժողովրդի մեծ մասն ավելի լավ է ընդունել խաղի կանոնները, քան թելադրողներն են առաջարկել։ Ցավալի է, բայց մարդիկ ընտրություն կատարեցին իրենց խղճի դեմ, հանուն նյութականի։ Ուրեմն՝ մեր հասարակությունն արդեն ամբողջությամբ վարակված է, եւ դրանից դուրս գալու ելքեր է պետք փնտրել։

– Այսինքն՝ դուք համաձա՞յն եք, որ ընտրված խորհրդարանը արտացոլում է մեր ժողովրդի հոգեբանական վիճակը։

– Այո, ամբողջությամբ։ Բայց ընտրությունները ոչնչով չեն արտացոլում այն հեռանկարը, այն ճանապարհը, որով պետք է որ անցնի Հայաստանը՝ դուրս գալու համար այս վիճակից։

– Պրն Բաղդասարյան, մենք ահազանգ էինք ստացել, որ 42-րդ ընտրատարածքից արդեն պատգամավոր ընտրված Հարություն Մուրադյանը նախընտրական շրջանում ճոխ «օգնություններ» բաժանելուց հետո տարածել է, իբր ինքը տանը համակարգիչ ունի, որտեղ ֆիքսվում է, թե ով է իրեն ձայն տալիս, ով՝ ոչ։

– Այդ հարցով ինձ բազմաթիվ ընտրողներ են դիմել, որ իրենցից մատնահետքեր են վերցնում եւ դրանք գրանցում ինչ-որ «կոմպյուտերի» մեջ, որպեսզի անմիջապես իբր ֆիքսեն ընտրությունների արդյունքները եւ, եթե խոստացած ձայնը չտան անմիջապես իրենց խոսքով «կոմպյուտերը կվառի»։ Բառացիորեն ասում եմ այն, ինչ ասել են ընտրողները, որոնց ճնշող մեծամասնությունը չգիտի անգամ, թե ինչ տեսակի ու գույնի գազան է համակարգիչը։ Ես ստիպված հեռուստատեսությամբ ելույթ ունեցա, բացատրելով, որ դա անհնար է եւ այնպես ստացվեց, որ իմ նախընտրական հեռուստաելույթներից մեկը «Ի՞նչ է համակարգիչը եւ ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունը» թեմայով դասախոսության վերածվեց։ Բայց մարդը եթե ուզում է խաբվել, երբ վախը սրտում է, երբ հոգին արդեն ծախել է, այդ «կոմպյուտերը» միշտ էլ կարելի է հորինել։ «Կոմպյուտերից» բացի այլ ձեւ էլ էր մշակվել։ Քանի որ օրենքը թույլ է տալիս քառակուսու մեջ կատարել ցանկացած ձեւի նշում, կազմվել էին «օգնություն» ստացածների ցուցակներ, որտեղ բոլորը համարակալված էին եւ յուրաքանչյուրը իր համարն էր գրանցում քառակուսու մեջ կամ իր համար նախորոշված նշանը։ Այս ամենի հիմքը դրվել է 95 թվականին։ Կեղծիքով ընտրություններ անցկացնելու հոգեբանության հիմքերը դրվեցին այն ժամանակ Եգորյանի գլխավորությամբ։ Ու այսօր փորձել կեղծիքի դեմն առնել ոչ թե հայտարարություններով, այլ լուրջ՝ անիմաստ է. ավելի կխորանա, բայց մինչեւ մյուս ընտրությունները անպայման պետք է մի բան անել։

Հարցազրույցը վարեց

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930