Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ՞ ԷՐ ԱՅՍ ԱԺ-Ն

Հունիս 03,1999 00:00

Քաղաքական ուժերի պարտությունը թաղային հեղինակություններին այնպիսի լացուկոծային ու սգավոր տրամադրություններ է առաջացրել, որ անգամ խորհրդարանում տեղեր նվաճած որոշ կուսակցությունների թերթերը կարդալով տպավորություն ես ստանում, թե ինչ-որ (կարելի էր նաեւ որոշակիացնել՝ իրենց իսկ այլեւս նախկին կուռքերի) հոգեհանգստի արարողության ճառերն ես լսում։ Սակայն համարձակվում ենք պնդել, որ տեղի ունեցածը բոլորովին էլ անակնկալ չէր։

Եւ չարժե պարտության պատրվակ դարձնել ընտրացուցակները։ Դրանցում արձանագրված զանգվածային խախտումների մասին դեռեւս միայն կռահել կարելի էր, երբ մայիսի 26-ին «Օրագիր» օրաթերթը հրապարակեց «Ապագա խորհրդարանի կազմը» վերնագրով մի ցուցակ։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, այն միայն խմբագրակազմի վերլուծական մտքի արգասիքը չէր եւ ցուցակի ձեւավորման մեջ լուրջ ներդրում էին ունեցել ընտրությունները բոյկոտող, ուստի, այս պարագայում, չեզոք ու անկողմնակալ մի քանի քաղաքական գործիչներ։

Ապագա խորհրդարանի կազմը հաշվարկելիս հաշվի էին առնվել թեկնածուների իրական վարկանիշները, ձեռքի տակ եղած ընտրական լծակները, բաժանած ընտրակաշառքը։ Հնարավոր էր համարվել, որ մայիսի 30-ին ընտրված ԱԺ-ն այդ ցանկից 5% շեղում ունենա։

Համեմատությունը, թե շեղումներն իրոք որքան էին, նաեւ առիթ են ցուցադրելու, որ խորհրդարանի ներկա կազմը վաղօրոք կանխատեսելի էր։

Եվ այսպես, սխալվել էին, ենթադրելով, որ թիվ 3 ընտրատարածքում ընտրվելու է «Հզոր հայրենիքի» ներկայացուցիչ Լյովիկ Եզեկյանը։ Արդեն իսկ հայտնի է, որ այնտեղ ընտրվել է «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի պաշտպանյալ Գագիկ Կոստանդյանը։

Հաջորդ սխալը թիվ 8 ընտրատարածքին է վերաբերում, որտեղ հակառակ Մհեր Սեդրակյանի վերաբերյալ կանխատեսումների՝ ընտրվեց Նորք-Մարաշ համայնքի թաղապետ Արմենակ Արմենակյանը։ Սակայն մինչեւ վերջին պահն էլ այս տարածքում՝ «ով՝ ումի» հարցը հստակ չէր։

Թիվ 11-ի վերաբերյալ կանխատեսելը շատ բարդ էր։ Բոլոր նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով ենթադրելի էր, որ պիտի ընտրվի Խոսրով Հարությունյանը։ «Օրագիրը» հաղթանակի բարեմաղթանք էր հղել առ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը։ Բայց իրականությունը շատ ավելի հետաքրքիր է, եւ ընտրվեց Շավարշ Քոչարյանը։ Ըստ որոշ լուրերի, այս խնդրում փոքր չէր հենց թաղապետի կողմնակիցների դերը։

Հաջորդ վրիպումը թիվ 15-ում Սերգո Երիցյանին հաղթանակ կանխատեսելն էր։ Այստեղ հաղթեց ավելի նեղ շրջանակների մեծ մարդ, «Ռաֆայել» կոոպերատիվի նախագահ Սամվել Ավետիսյանը։

Թիվ 17-ում լիովին ենթադրելի էր, որ Վահան Հովհաննիսյանը պիտի մեծամասնականով անցնի, սակայն նշել էին Ռաֆիկ Պետրոսյանի անունը։ Թերեւս գերագնահատվել էր նաեւ վերջինիս որդիների գործոնը, որոնցից մեկը՝ հարկային տեսչության տեղի բաժնի ղեկավարը վաղօրոք արձակուրդ ուղարկվեց։

Իհարկե, շատ ափսոս, որ մեր այս ԱԺ-ի պատկերն ամբողջացնելու համար ի վերջո դուրս մնաց «Իրավունք եւ միաբանության» ամենակարկառուն գործիչներից մեկը՝ Նապոլեոն Ազիզյանը կամ Նապոն։ Սակայն, այսպիսին է կյանքը եւ թիվ 22-ի ընտրողների շահերն, անկասկած, ավելի պակաս հաջողությամբ կներկայացնի ՀԺԿ-ի պաշտպանյալ Համլետ Հակոբյանը։

Թիվ 24-ում չընտրվեց Արմեն Ռուստամյանը՝ տեղը զիջելով ոմն Մանուկ Գասպարյանի։ Ի դեպ, այսպիսով չիրականացան նաեւ Հովհաննես Իգիթյանի կանխատեսումները, թե Ռոբերտ Քոչարյանի պատվերով դաշնակցական գործիչների համար 3 ընտրատարածք է ազատվել։

Երեւանից դուրս ընտրատարածքներում վրիպումները շատ ավելին են։ Թերեւս մարզերում իրավիճակը լավ չպատկերացնելու արտահայտությունն է, որ 50 ընտրատարածքներից 20-ի վերաբերյալ սխալ կանխատեսումներ են արվել։

Ընդհանուր առմամբ, 75 համամասնական տեղերից 48-ի վերաբերյալ վերլուծությունը ստույգ արդյունքներ է արձանագրել։ Ընդ որում, ճշգրիտ կանխատեսվել էր, որ Հարություն Փամբուկյանը հաղթելու է մի շարք քաղաքական ուժերի ինքնավստահ ներկայացուցիչների (որոնց տեղերն անգամ, այսպես կոչված, Էժան Մանվելից հետո էին), Ալրաղացի Լյովը՝ Լյուդմիլա Հարությունյանին, Հրանտ Բագրատյանը պատվավոր 5-րդ տեղն է գրավելու Խուճուճ Էդոյի մրցակիցների շարքում (մարդը երրորդ ընտրություններում է արդեն հաղթում եւ միայն այս անգամ նրան հնարավորություն տվեցին խորհրդարանում աթոռ ունենալ), իսկ Ալվարդ Պետրոսյանի ստացած ձայները նշանակալիորեն պակաս էին լինելու նույնիսկ ոչ թե Խաչատուր Սուքիասյանի, այլ երկրորդ տեղը գրաված Գագիկ Բեգլարյանի ձայներից։

Այս է մեր իրականությունը. խնդալու կամ լալու պատճառ՝ չի՛ք։ Եվ արժեր աղեկտուր ճիչերի, թե այս մարդիկ ինչ գործ ունեն ԱԺ-ում կամ այլեւայլ պիտակների փոխարեն ուղղակի փորձել հասկանալ, թե ժողովուրդն ինչու մերժեց քաղաքական գործիչներին։

Եվ մի բան էլ. կարծում եմ, արդեն իսպառ պիտի լռեն նրանք, ովքեր 1995-ի ընտրությունները ոչ օրինական եւ այդ պատգամավորներին հանցագործներ հռչակելով՝ այժմ հեշտ ու հանգիստ պատրաստվում են գրավել թաղային հեղինակությունների կողմից իրենց մեծահոգաբար զիջած մի քանի տեղերը՝ զանգվածային խախտումով ընտրված, բայց, այնուամենայնիվ, կանխատեսելի այս խորհրդարանում։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930