Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԱՐԻՔԸ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԶԳԱՑՎՈՒՄ

Հունիս 03,1999 00:00
Xosrov Harutyunyan

 -Պրն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում մայիսի 30-ին կայացած ընտրությունները։ Դրանք համընկա՞ն ձեր պատկերացումներին։

-Մինչեւ մայիսի 30-ը առիթ ունեցել եմ զանգվածային լրատվամիջոցներով ներկայացնելու իմ պատկերացումներն ընտրությունների հետ կապված ընթացող քաղաքական պրոցեսների վերաբերյալ եւ դրանց հնարավոր զարգացումները։ Այժմ կարելի է արձանագրել, որ նախընտրական ընտրարշավը քաղաքական ավելի հանդուրժողականության մթնոլորտում անցավ։ Երկրորդ առանձնահատկությունն այն էր, որ քաղաքական կուսակցություններն ու գործիչներն իրենց ընտրարշավի ընթացքում փորձում էին ներկայանալ ավելի շատ լուծումներ տվող ծրագրերով եւ դիրքորոշումներով, քան սեփական դրականը ուրիշի բացասականը նշելու միջոցով ընդգծելով։ Դա է պատճառը, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում արթնացավ հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ։ Սա շատ կարեւոր նորույթ էր։ Ինչպես անցան ընտրությունները։ Բացահայտ կեղծիքների, բռնությունների դեպքեր չարձանագրվեցին։ Հետեւաբար մենք կարող ենք ասել, որ ընտրություններն անցան համեմատաբար ազատ եւ արդար։ Իհարկե կար պրոբլեմ ընտրացուցակների հետ կապված։ Շատերը դա անվանում են դանդաղ պայթեցման ական, մյուսների կարծիքով, դա հատուկ պատվեր էր։ Ճիշտն ասած, ես այդպես չեմ մտածում։ Դա տեղական իշխանությունների գործունեության թափթփվածության եւ կենտրոնական իշխանությունների վերահսկողության բացակայության արդյունք էր։

-Համաձա՞յն եք այն բնորոշմանը, թե գործադիր իշխանությունը կրկին ձեւավորեց իրեն հարմար օրենսդիր մարմին եւ հաղթեցին իշխանություններին ցանկալի մարդիկ։

-Հենց մենք ասենք, որ իշխանությունը ձեւավորվեց, նշանակում է, որ մենք ընդունում ենք, որ տեղի են ունեցել կեղծիքներ։

-Ինչո՞ւ, պաշտպանության այլ մեխանիզմներ էլ կան, երբ հրահանգ է տրվում քվեարկել մեկի օգտին, երբ ինչ-որ մեկի համար հայտարարություն է արվում…

-Եթե դա նկատի ունեք, երբ ինչ-որ մեկը հայտնվում է ցուցակում կամ ինչ-որ թեկնածուի օգտին հայտարարություն է արվում, ես համաձայն եմ ձեր պնդմանը։ Այսինքն, առաջինները հայտարարում են իրենց քաղաքական հավակնությունները, իսկ իշխանությունները հայտնում են իրենց քաղաքական հովանավորությունը։ Բայց համաձայնվեք, որ ընտրողն ազատ է։ Այսօր արդեն կարելի է ասել, որ քաղաքական պրոֆեսիոնալիզմի տեսակետից խորհրդարանը լուրջ ձեւափոխումների ենթարկվեց։

-Եթե համաձայն եք, որ իշխանությունը իր քաղաքական հովանավորությամբ կարող էր անցկացնել որեւէ թեկնածուի, ինչո՞ւ դուք զրկված էիք այդ հովանավորությունից։

-Նախքան այդ հարցին անցնելը ուզում եմ հստակեցնել իշխանություն տերմինը։ Եթե «Միասնությունը» հայտնում էր ինչ-որ թեկնածուի նկատմամբ իր աջակցությունը, ապա շատ դեպքերում այդ դիրքորոշումը չէր կիսում հանրապետության նախագահը կամ մեկ այլ պաշտոնատար անձ, որը պակաս հնարավորություններ չուներ։ Այ, եթե դուք ասեք, որ քաղաքական հեղինակություն ունեցող ուժերը, որոնց մի մասը ներկայացված են խորհրդարանում, կարողացան քաղաքական հեղինակությամբ խորհրդարան ձեւավորել, դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ։

-Դուք ե՞ւս համոզված եք, որ հանրապետության նախագահի եւ «Միասնություն» դաշինքի լիդերների մեջ կան հակասություններ։

-Ես ընդամենը արձանագրում եմ, որ «Միասնություն» դաշինքի ոչ բոլոր թեկնածուները կարող էին հանրապետության նախագահի աջակցությունը վայելել եւ հակառակը։ Մեկը մեկին նույնացնել այդ ուժերին դժվար է։

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ դուք չստացաք այդ ուժերի քաղաքական աջակցությունը։

-Ճիշտ կլինի, որ այդ ուժերին հարցնեք։

-Դուք այդ հայտնի ուժերի աջակցությամբ ընտրվեցիք ԱԺ նախագահ։

-Քաղաքականությունը այլ բան է, քան մենք պատկերացնում ենք։ Ժամանակները փոխվում են, փոխվում են քաղաքական խնդիրները, առավել եւս՝ որոշ անհատների հնարավոր դերակատարումները կարող են փոխվել։ Ընդամենը մի բան կարելի է արձանագրել. թեեւ ընտրողն ինձ նույնացնում էր իշխանության հետ, բայց ես իշխանության հետ նույնացված չէի եւ չեմ։

-Խորհրդարանի կառուցվածքը փոխվեց։ Ինչպե՞ս եք պատկերացնում նրա աշխատանքը։

-Դժվարանում եմ մեկնաբանել։ Երբ կարդում ես խորհրդարանի մեծամասնական ընտրացուցակը, տեսնում ես, որ խորհրդարանում հայտնվեցին անձինք, որոնց ոչ անցյալի, ոչ ներկա եւ ոչ էլ ապագա հետաքրքրությունները քաղաքականության հետ շատ դժվար է առնչել։

-Ձեր ընտրատարածքում ամեն ինչ կարգի՞ն է եղել։

-Բացի ցուցակներից, ըստ իմ վստահված անձանց, լուրջ միջադեպեր չեն եղել։ Մեր ընտրատարածքում այլ պրոցեսներ ընթացան։ Լսե՞լ եք, որ երկու հոգի վիճում են՝ երրորդի գործն է հաջողվում։ Վանուշ Թորոսյանն իր ուժերը, եւ ոչ միայն իր, ես ընդգծում եմ, ոչ միայն իր, գործադրեց, որ Խոսրով Հարությունյանը չընտրվի։ Արդյունքում Շավարշն ընտրվեց։ Եվ դա համարում եմ ավելի ճիշտ։ Նա այն քաղաքական գործիչներից է, որ պետք է լինի խորհրդարանում։

-Կա՞ն մարդիկ, որոնց համար ափսոսում եք, որ չվերընտրվեցին։

-Կան, օրինակ՝ Պարույր Հայրիկյան։ Շատ եմ ափսոսում, որ չի լինի Արմեն Եղիազարյանը, Արմեն Մարտիրոսյանը կամ Դավիթ Հարությունյանը։

-Ինչո՞ւ չտվեցիք ներկայիս ընդդիմադիրների անունները։ Էդիկ Եգորյան, Դավիթ Շահնազարյան, Վահագն Խաչատրյան, Վիգեն Խաչատրյան։ Նրանց համար չե՞ք ափսոսում։

-Նրանց մեջ իրոք լուրջ պոտենցիալ կա։ Բայց կա քաղաքական դադարի հասկացություն։ Ձեր շարադրած մարդկանց համար քաղաքական դադարի պահն է։ Գուցե նաեւ՝ ինձ համար։

-Բայց դուք մեր հիշողության մեջ տպավորված եք իբրեւ պաշտոնյա։ Չե՞ք պատրաստվում նոր պաշտոն ստանձնել։

-Ինձ այդ հարցը շատ են տալիս։ Շատ։ Շատերի կարծիքով, իմ կյանքի ողջ նպատակն է եղել ցանկացած ժամանակ ցանկացած գնով պաշտոն ունենալ։ Իրականում կան սկզբունքներ, որոնց ես երբեք չեմ դավաճանել։ Իմ ստեղծագործական գործունեության ընթացքում երբեք չեմ խնդրել ինձ պաշտոն տալ։ Պարագաների բերումով այնպես է եղել, որ ինձ առաջարկել են։ Երեւի դուք չեք մերժի, որ ինձ դիմել են այն ժամանակ, երբ նեղն են ընկել, երբ իրավիճակները պետք է եղել ինչ-որ ձեւով շտկել։

-Կարելի՞ է կարծել, որ եթե այսօր ձեզ չեն դիմել, ուրեմն Հայաստանում ամեն ինչ լավ է, մենք այլեւս նեղը չենք։

-Եթե ինձ չեն դիմել, ապա պետք է ենթադրել, որ իմ կարիքը չեն զգում, կամ առայժմ չեն զգում։ Ես դա շատ նորմալ եմ համարում։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930