Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻ ԴՌՆԵՐԸ ՄԵՆՔ ԴԵՌ ԿԹԱԿԵՆՔ

Հունիս 02,1999 00:00
Suren abrahamyan

«Անկախություն» գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից հետո, զրուցելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանի հետ, ուզում էինք իմանալ նրա կարծիքը «Ցեմենտի» ու «Շիրակի» ցուցադրած խաղամակարդակի եւ ընդհանրապես հանրապետությունում ֆուտբոլի դրվածքի մասին։

Բայց քանի որ մոտ օրերս մեր ազգային հավաքականին երկու լուրջ փորձություն է սպասվում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Իսլանդիայի եւ Ուկրաինայի հետ, հասկանալի է, անդրադարձանք նաեւ այդ խնդրին։

«Խաղը շատ դիտարժան էր, պայքարը՝ ազնիվ, չափի զգացումի մեջ,- ասաց պարոն Աբրահամյանը։ – Ինձ մտահոգեց «Շիրակի» պաշտպանությունը։ Իսկ «Ցեմենտը» հաղթեց՝ ցուցաբերելով մարտական ոգի։ Այժմ կարեւոր է, որպեսզի նույն ոգով խաղան նաեւ եվրոպական մրցաշարում, չերերան, չընկճվեն։ Հայ ֆուտբոլասերին տեղում տարած հաղթանակներն այլեւս չեն բավարարում»։

– Ինչո՞վ կբացատրեք, որ գավաթի խաղարկության եզրափակիչում տրիբունաները գրեթե դատարկ էին։

– Առաջին հերթին դա ֆեդերացիայի բացթողումն է։ Համապատասխան գովազդ չեղավ։ Այդ օրը պետք է տոնի վերածեինք։ Բայց նաեւ, գուցե, ընտրություններն էին պատճառը…

– Ինչպե՞ս են «Հանրապետական» ստադիոնում ընթանում գործերը՝ հիմնանորոգման աշխատանքներին օգնելու ձեր դիմումները արձագանք գտնո՞ւմ են։

– Ես երբեք ֆինանսական այսպիսի ճգնաժամի մեջ չեմ եղել։ Երբ կոչ էի անում օգնել ստադիոնի շինարարությանը, մտածում էի, թե առաջինը կարձագանքեն մեր գործարարները։ Բայց, ցավոք, առայժմ հակառակն է. սուղ հնարավորությունների տեր մեր համաքաղաքացիները բերում են իրենց մասնակցությունը, թեկուզ՝ ֆիզիկական, իսկ գործարարները չեն մոտենում։

– ՈՒԵՖԱ-ն օգնո՞ւմ է։

– Այո, իր ստանձնած պարտավորությունների չափով։

– Հույս կա՞, որ ընտրությունների ավարտից հետո գործարար աշխարհը կակտիվանա։

– Մի քանի միջոցառում ենք ծրագրել, որոնցում ուզում ենք ներգրավել նրանց։ Պետք է աշխատենք կոնկրետ անձանց հետ, փորձենք նրանց մեջ հայրենասիրության, պատվախնդրության զգացում արթնացնել։ Եթե ստացվի՝ ֆեդերացիան իր շնորհակալությունն արտահայտելու ձեւեր կգտնի։

– ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ի՞նչ է ակնկալում Իսլանդիայի եւ Ուկրաինայի հետ առաջիկա հանդիպումներից։

– Իսլանդիան վերջին ժամանակներս, ինչպես երբեք, բարձրակարգ ֆուտբոլ է խաղում, հատկապես տանը։ Դա էլ մեր բախտից է։ Դե, իսկ Ուկրաինան իր կազմում ունի Ռեբրով-Շեւչենկո երկյակ, որին այսօր ամբողջ աշխարհն է նախանձում։ Մեր հավաքականի հիմնական կորիզը կազմող հայ լեգեոներականների մասին մեր հավաքած տեղեկությունները որոշ չափով հուսադրող են։ Նրանց խաղում առաջընթաց կա։ Բայց փաստը մնում է փաստ, որ մեր ֆուտբոլիստներն առայժմ ի վիճակի չեն եվրոպական մակարդակի ֆուտբոլ ցուցադրել ու նրանց դեռ լուրջ չեն ընդունում։ Բավական է ասել, որ Հայաստանի անցյալ տարվա լավագույն ֆուտբոլիստը հիմա հանդես է գալիս ընդամենը «Ուրալանում»։

Թե Իսլանդիայի եւ թե Ուկրաինայի հետ խաղերը շատ դժվար են լինելու։ Պարզապես, հավաքականը պետք է աշխատի արժանի պայքար մղել։ Ես ժամանակին ասել ու հիմա էլ հաստատում եմ, որ Եվրոպայի ֆուտբոլային դարպասները թակել սկսելու ենք մոտ հինգ տարի հետո։

– Ովքե՞ր են հրավիրվել հավաքական։

– Այս անգամ թեկնածուներն ընտրվել են կոլեկտիվ սկզբունքով։ Իսկ թե նրանցից ո՞վ կմտնի խաղադաշտ, արդեն գլխավոր մարզչի անելիքն է։

– Իսկ դա գլխավոր մարզչի իրավունքների ոտնահարում չէ՞։

– Այդպես չէի ասի։ Հետաքրքիր է, որ տրվել են գրեթե նույն ֆուտբոլիստների անունները։ Մրցաշրջանը դեռ շարունակվում է, գլխավոր մարզչի եւ ֆեդերացիայի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն էլ դեռ չի լրացել։ Այնպես որ, աշխատելու ենք։ Այ, երբ կգա օրը, կլսենք նրան, կքննարկենք արած աշխատանքը, գնահատական կտանք ու որոշում կկայացնենք, թե ինչպես վարվել։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930