Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխելը շատ ավելի թանկ արժե, քան պարզապես ծխախոտը

Հունիս 02,1999 00:00
cxel

Մինչ մենք ծխելը համարում ենք ընդամենը վատ սովորույթ, պարզվում է, այն համաճարակ է եւ դրա դեմ պայքարն էլ համապատասխան ուժգնությունը պիտի ունենա։

ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպված հերթական կլոր սեղանը նվիրված էր Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան։ Ինչքան էլ անհատները աղմկեն, թե դրա դեմ պայքարել է անհրաժեշտ, առանց պետական հոգածության եւ համապատասխան հասարակական կարծիքի գրեթե անհնար է իրականացնել նման ծրագրեր։ Այս հարցով մի քանի տարի է՝ զբաղվում է նախաձեռնող խումբը, որը հասցրել է ԱՀԿ-ից ոսկե մեդալ ստանալ։ Այժմ այդ նախաձեռնող խումբը գործում է հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցի ղեկավարությամբ։ Վերջինս էլ ներկայացրեց որոշակի շրջանակներում կատարված հետազոտության արդյունքները, ըստ որոնց բարձր դասարանցիներից, որոնք դպրոցականների 36%-ն են կազմում, 56% տղաները եւ 20% աղջիկները ծխում են։ Հատկապես անհանգստացնող է այն, որ այս երեխաները վերարտադրության տարիք են մտնում որպես պրոֆեսիոնալ ծխողներ։

Անանուն հարցումների ժամանակ երեխաները, որպես ծխելու պատճառներ, նշել են իրենց ծխող ընկերների, ծխող մեծահասակների օրինակին հետեւելու եւ մեծ երեւալու ցանկությունները։ Ծխելու վնասների մասին երկար ու ձիգ դասախոսություններ լսելուց հետո երեխաները գրել են, որ ծխելը նաեւ օգուտ է տալիս, մասնավորապես՝ «հանգստացնում է նյարդերը եւ նստեցնում կերածը»։ Ըստ այդ հետազոտությունների, որոնք անցկացվել են, մեր տպավորությամբ, չափազանց սահմանափակ շրջանակում, յուրաքանչյուր երրորդ կին ծխում է։ Դրանք հիմնականում 25-30 տարեկաններն են՝ պոտենցիալ մայրերը։ Եվ, ի տարբերություն ամբողջ աշխարհի, որքան բարձր է հայ կանանց կրթական ցենզը, այնքան շատ են ծխում (ծխող կանանց 60%-ը բարձրագույն կրթություն ունի)։ Վիճակը ավելի մխիթարական չէ բժիշկների շրջանում։ Նրանց 56%-ը ծխում է, իսկ վերջիններից յուրաքանչյուր երրորդը ծխում է հիվանդի ներկայությամբ։

Այս ամենից ելնելով, մշակվում է ծխելու դեմ պայքարի հայեցակարգ։ Պայքարի միջոցների շարքում առաջինը նշվում է ծխախոտի գնային եւ հարկային քաղաքականությունը (մասնավորապես անհրաժեշտ է բարձրացնել ծխախոտի գինը)։ Անհրաժեշտ է կարգավորել ծխախոտի առեւտուրը (մինչեւ 14 տարեկաններին արգելել վաճառել կամ գնել ծխախոտ, առողջապահական հիմնարկներում արգելել վաճառքը), ստեղծել համապատասխան իրավական դաշտ, ԶԼՄ-ների միջոցով ձեւավորել հասարակական կարծիք (հատկապես ծխախոտի գովազդի հարցում), ուսումնական ծրագրերը համալրել ծխելու վնասների մասին նյութերով եւ վերջապես՝ առողջապահության բնագավառում իրականացնել զանազան բուժումներ։

Այս հայեցակարգը կներկայացվի կառավարության հաստատմանը։ Հուլիսի առաջին կեսին բոլոր շահագրգիռ կողմերը կհավաքվեն՝ ծխելու դեմ պայքարի քաղաքականության վերջնական մշակման համար։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930