Հայաստանի նման քաղաքականապես էկզոտիկ երկիր երեւի թե ամբողջ հողագնդի վրա դժվար է գտնել։ Քաղաքականության մեջ այնպիսի յուրօրինակ աճպարարությունների ենք ընդունակ, որ ամենաքաղաքակիրթ եւ դաստիարակված ժողովուրդները որքան էլ գլուխ կոտրեն՝ չեն հասկանա։
Նոյի տապանից ով ասես դուրս չեկավ, հայերը՝ առաջին հերթին։ Դուրս եկան մի քիչ խառը-մառը ապրեցին, մի քիչ խորհրդային ապրեցին ու հիմա խելքներին փչել է ժողովրդավարական ապրել։ Հայի ձեռքից ամեն ինչ գալիս է։ Աշխարհի դռները բացվեցին ու գնացող-եկող հայերը հասկացան, որ ժողովրդավարական կենցաղի թիվ մեկ ապացույցը ընտրություններն են։ Ի՞նչ է, շնորհք չունենք, թե՝ ճաշակ։ Նախագահական ընտրություն էլ կկազմակերպենք, խորհրդարանական էլ։ Բա ոնց։ Ու կազմակերպեցինք՝ մեկը մեկից լեգիտիմ, մեկը մեկից թափանցիկ, էն մեկն էս մեկից արդար, մաքրամաքուր։ Ընտրություններ կազմակերպեցինք ու շարժանկարի հերոսի պես կողակցի պայուսակը ձեռքներիս քիթներս վեր տնկած նայեցինք աշխարհին. բա ոնց։ Ուզում էինք աշխարհը տեսնի, աշխարհը ընդունի, ասի. «одобряю»։ Բայց աշխարհին հայի խելքը որտեղի՞ց։ Աշխարհը 95-ից այս կողմ մի գլուխ զարմանում է։ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտը իր 18 պատվարժան պատվիրակներին բերել է Հայաստան, հայկական ընտրությունների տեխնոլոգիայի հերթական կատարելագործմանը ծանոթանալու նպատակով։ Եկել են բավականին լուրջ մարդիկ, որոնց նպատակը ընտրությունների արդյունքներին հետեւելուց բացի նաեւ նախընտրական քարոզարշավին եւ ետընտրական ժամանակահատվածին հետեւելն է։
Հավանաբար ամերիկացիները (եւ այլազգիները) Հայաստանում հետաքրքիր նյութ են գտել։ Թե չէ, ինչպե՞ս բացատրենք. պատվիրակության մի շարք անդամներ անզուսպ ցանկություն են դրսեւորել մնալ Հայաստանում։ Ասա, մարդ Աստծո, ինչո՞ւ եք ուզում մնալ, երբ ձեր բերանով Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո երկրորդ օրը հայտարարեցիք, որ «Եվս մեկ անգամ Հայաստանում ձախողվեց այնպիսի ընտրությունների անցկացումը, որը կհամապատասխաներ աշխարհում ընդունված չափանիշներին»։ Մեր ամերիկացի բարեկամները արեւմտյան պարզասրտությամբ հերթական անգամ զարմացած էին. «Իշխանությունները խոսք էին տվել, բայց չկատարեցին»։
Ավելի մանրամասն չպատմենք ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարական ինստիտուտի 18 դիտորդների տեսած ու լսած խախտումները։ Դրանք մենք էլ տեսանք ու նրանց հետ համամիտ ենք։ Բայց դե, մարդ եղեք, հայեր, դիտորդները մեղք են, շարք-շարք կանգնեք, որ պարզ լինի, թե այս երկրում ով է իշխանությունը եւ ով է ընդդիմությունը։ Թեպետ պատվիրակության կազմում աշխարհի տարբեր երկրներից ներկայացուցիչներ կան, նույնիսկ Հունգարիայի նախկին ԱԳ փոխնախարարը, բայց հարգարժան հյուրերը «դժվարացել են կողմնորոշվել, թե որոնք են ընդդիմադիր եւ որոնք են կառավարող իշխանությունը»։ Բա ոնց։ Մեզ մոտ բոլորը միանման են. նայած թե քամին որ կողմից է փչում։ Դիտորդները գրանցել էին, որ «Ընտրողները անտարբեր են դառնում ընտրությունների նկատմամբ։ Բազմաթիվ մարդիկ մտածում են՝ չարժե գնալ ընտրությունների, քանի որ արդյունքը կանխորոշված է»։
Կարդացեք նաև
Ընդհանրապես դիտորդները սուր աչք ունեն եւ հայերը որքան էլ ուզեն հայերեն խոսել, միեւնույն է, փորձառու դիտորդները հասկացել էին. «Շատ դժվար է անցկացնել ազատ ընտրություններ, երբ ինչ-որ մեկը տիրապետում է բոլոր խաղաքարտերին» (թարգմանիչն այսպես թարգմանեց)։ Դժվար է, բա ոնց։
Դիտորդների արձանագրած խախտումները քիչ չէին։ Աշխարհն էլ կամաց-կամաց հայ է դառնում, եւ որքան էլ ուզենանք նրան ֆռռացնել, մեկ է, հասկանալու է, որ՝
1. Ընտրացուցակները բանի պետք չէին։
2. Փախստականները ապօրինաբար քվեարկում էին։
3. «Կարուսել» էին պտտում (տես՝ մայիսի 31-ի «Առավոտը», երբ Մանվել Բադեյանը առաջին անգամ բացատրում է, թե ի՞նչ է դա՝ ազատ քվեաթերթիկը՝ դուրս, վաղօրոք լրացվածը՝ ներս)։
4. Զինվորականների քվեարկության անօրինական դեպքեր, երբ զինվորներին ճնշում են եւ պարտադրում քվեարկել որեւէ մեկի օգտին։
5. Քվեատուփերի ապօրինի լցոնման դեպքեր։ Ու դեռ պետք է պարզել, թե ի՞նչ չափով է սա ազդել ընտրությունների վրա։
Շարունակե՞նք։ Իսկ սա դիտորդների դեռեւս նախնական հայտարարությունն է, որն անգլերեն լեզվով կազմում է 9 էջ։
Դիտորդներից մեկը, երեւի հայերին լավ էր ճանաչում, հայ լրագրողներին՝ ավելի լավ, քանի որ իր խոսքն սկսեց այն խոսքերով, որով մենք ուզում ենք ավարտել. «Մենք միջազգային դիտորդներ ենք, իրավունք չունենք անվերապահ ասել, թե մեր սեփական երկրներում ընտրությունները կատարյալ են անցնում։ Մենք մեզ իրավունք չենք տալիս ասել, թե Հայաստանը ինչպես պետք է ընտրություններ անցկացնի, որ լինեն ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական»։
Առաջարկություններ, այնուամենայնիվ եղան, բայց մենք դրանք չենք մեջբերի, քանի որ իշխանությունները մեզնից էլ, միջազգային դիտորդներից էլ լավ գիտեն նորմալ ընտրություններ անցկացնելու կանոնները։ Պարզապես նրանց պետք չեն այդպիսի ընտրությունները, որ նրանց օգտին չի լինի։ Բա ոնց։
Մ. ԵՍԱՅԱՆ