1999 թ. մայիսի 1-7-ը «Իրավունք» թերթի 41 համարում տպագրվել է. «Կրակոցները որպես ընտրական փաստարկ» վերնագրով հոդվածը, որը մտացածին է եւ նպատակ ունի ի օգուտ ինչ-որ անձանց շահերի, վիրավորել իմ անձն ու հեղինակությունը։ Հոդվածում մասնավորապես նշված է. «Նորքի զանգվածների շուկայի մատույցներում տեղի է ունեցել ընդհարում Շանթ Հարությունյանի կողմնակիցների եւ անհայտ խմբերի միջեւ եւ շտաբի ներկայացուցիչները հարձակվողներից մեկին շատ էին նմանեցնում «Միասնություն» դաշինքի կողմից պաշտպանվող պատգամավորության թեկնածու Ռոմիկ Բալոյանի որդուն։ Նրանք ճանաչել էին նաեւ Ռ. Բալոյանի շտաբին պատկանող «Ջիփ» ավտոմեքենան»։
Ես արու զավակ չունեմ։ Ունեմ երկու դուստր, հետեւաբար, դեպքի կատարման ժամանակ, իմ որդին այնտեղ լինել չէր կարող։ Ինչ վերաբերում է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենային, ապա, իմ շտաբում, ընդհանրապես «Ջիփ» մակնիշի ավտոմեքենա չի եղել։ «Ջիփ» մակնիշի ավտոմեքենա ես երբեւիցե չեմ ունեցել եւ չեն ունեցել շտաբի ոչ մի անդամ, կամ շտաբի հետ առնչվող որեւիցե մեկը։ Շտաբի համար աշխատել են միայն «Ժիգուլի» եւ «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ։ Այս փաստը կարող են հաստատել ինչպես շտաբի աշխատողները, այնպես էլ այն շենքի բնակիչները, որի առաջին հարկում գործել է շտաբը։
Ես շատ ուրախ եւ երախտապարտ կլինեմ Ձեզ, եթե դուք ինձ վերադարձնեք իմ «որդուն» եւ «Ջիփ» ավտոմեքենաս։
ՌՈՄԻԿ ԲԱԼՈՅԱՆ
ԱԺ պատգամավորության թեկնածու