Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԺԵ ԹԱՂԱՊԵՏԵՐԻՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ԴԱՐՁՆԵԼ

Հունիս 02,1999 00:00
Ruben Hayrapetyan

Ինչո՞ւ է ՆԳ եւ ԱԱ նախարարությունը հրաժարվում պատասխանատվությունից

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաանկազմակերպ ընտրությունների պատասխանատուները կարծես տեղական իշխանություններն են դիտվում, չնայած ընտրական գործընթացների ամբողջ պատասխանատվությունը կառավարությունն էր ստանձնել։ Ցուցակային այս խառնաշփոթի համար քաղաքական գործիչները եւ լրատվամիջոցները միաբերան մեղադրում են համայնքապետերին։ Վերջիններից երկուսի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչ հակափաստարկներ ունեն նրանք։

Ոչ թեկնածու թաղապետի տեսակետ

Երեւանի 12 թաղապետերի կեսը պատգամավորության թեկնածուներ էին։ Այդ գայթակղությանը չտրվածներից մեկն էլ Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանն է, ուստի նրա կարծիքը պիտի որ առավել անկողմնակալ ու չեզոք լիներ։ Ի դեպ, Ավանի 33 հազար ընտրողների ընդհանուր թվի պայմաններում ցուցակային միայն 200 անճշտություն է եղել, այսինքն՝ Ավանում վիճակը համեմատաբար բարվոք էր։ «Ամբողջական թաղամասեր կամ շենքեր դուրս մնալու դեպքեր մեզ մոտ չեն եղել։ Ցուցակներից դուրս մնացած առանձին քաղաքացիներն էլ մեր համայնքում այդքան մեծ տոկոս չեն կազմել։ Եվ դա էլ թյուրիմացության, երեւի նաեւ Երեւանից իմ բացակայության արդյունքն է։ Եթե այստեղ լինեի՝ հաստատ ցուցակներն ավելի ստույգ լինեին։ Ի դեպ, հենց իմ կնոջ անունն էլ չի եղել ցուցակի մեջ։

Ուղղակի համատիրությունների նախագահներին հանձնարարված է եղել՝ ցուցակներից հանել, այսպես կոչված, «մեռած հոգիներին»՝ նրանք էլ բացթողումներ են արել։ Չենք հասցրել լիովին ճշտել, թե վրիպումներն ինչի արդյունք էին»։

Գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները պնդում էին, թե ցուցակների անճշտությունները կազմակերպված եւ միտումնավոր բնույթ են ունեցել։ Ռուբեն Հայրապետյանին խնդրեցինք մեկնաբանել այդ պնդումները. «Չեմ կարծում, որ նման միտում կար։ Ուղղակի անփութության հետեւանք էր։ Եվ չեմ գտնում, թե մեղքը միայն թաղապետերինը կամ տեղական իշխանություններինն է։ Ցուցակները հիմնականում ստացել ենք ՆԳ եւ ԱԱ անձնագրային բաժիններից։ Ասում էին, թե մեկ-երկու վրիպում կարող է լինել, քանի որ ձեռքով արտագրել, հետո տպագրել էին։

Բայց անգամ իմաստը չեմ տեսնում, որ թաղապետերը միտումնավոր նման բան անեին։ Եթե ցուցակներում «մեռած հոգիներ» մտցնելով կարող էին նրանց փոխարեն քվեարկել, այս դեպքում, եթե կենդանի մարդը ցուցակում չկա՝ թաղապետի կամ թեկնածուի օգուտը ո՞րն է։ Մարդիկ գալիս, պահանջում էին, թաղապետարանի աշխատակիցներն էլ քաշքշուկի մեջ էին ընկնում՝ ընտրության ամբողջ օրը բոլորը տեղում էին՝ անընդհատ տպում, մարդկանց մեքենաներով դատարան տանում, քանի որ գտնում էինք, թե թաղապետարանն էլ իր մեղքի բաժինն ունի»։

Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանը մի խիստ կարեւոր տվյալ հայտնեց. «Երբ այդ ցուցակները կազմվել են՝ ոչ մի թաղապետի հայտնի չէր, թե որ տեղամասում ովքեր են թեկնածու առաջադրվելու, որ, ասենք, որոշեին՝ այսինչ շենքը մրցակցին է ձայն տալու՝ դրա համար եկեք չընդգրկենք ցուցակում»։

Թեկնածու թաղապետի տեսակետ

zurabyan

Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության արդեն նախկին թեկնածու, Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը մեր զրույցի հենց սկզբում նշեց, որ ինքը շուրջ 45 օր արձակուրդում է եղել եւ ցուցակներին վերաբերող խնդիրներին առանձնապես տեղյակ չէ. «Միաժամանակ ուզում եմ նշել, որ լրացուցիչ ցուցակներում մարդկանց ընդգրկելու հարցը նախկին շրջանում էլ մշտապես հրատապ է եղել՝ յուրաքանչյուր տեղամասում նվազագույնը 200-300 հոգի մշտապես լրացուցիչ ցուցակներ են ընկել»։ Այս փաստարկն անընդհատ կրկնվում է, ուստի չեմ կարող անձնական օրինակովս հակափաստարկ չներկայացնել։ Մեր ընտանիքի 3 ընտրողից 2-ի ազգանուններն այս տարի սխալ էին նշվել, բայց նախորդ տարիներին մենք երբեք լրացուցիչ ցուցակներով չենք մասնակցել քվեարկությանը։

Արարատ Զուրաբյանը ցուցակների ներկա զանգվածային խառնափնթորության մի պատճառ էլ նշեց. «Տեղյակ եմ, որ համակարգչային այն ծրագիրը, որ մատուցվել էր համայնքներին՝ շատ անորակ էր։ Տվյալների ներմուծման ժամանակ մի շարք ազգանուններ կորչելու բազմաթիվ դեպքեր կան։ Ինչեւէ։ Համոզված եմ, որ ոչ մի համայնքում եւ, մասնավորապես, Կենտրոնում ցուցակների հետ կապված ինչ-որ բացասական բաներ անելու դիտավորություն չի եղել, իսկ այս փսիխոզն ուղղակի հնարավորություն ընձեռեց մարդկանց ուշադրությունը այլ խնդիրներից դեպի ցուցակներն ուղղել։ Կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ մամուլը պարզեր՝ ինչպես ստացվեց, որ «Հայլուրով» ազդարարվեց, թե 19.30-ի տվյալներով քվեարկել է 670 հազար մարդ, իսկ հետո պարզվեց, թե ընտրություններին միլիոնից ավելի մարդիկ են մասնակցել։ Համոզված եմ, որ վերջին այդ կես ժամվա ընթացքում ընտրությունները շատ խիստ կեղծվեցին՝ առնվազն 300-400 հազար ձայնով։ Ի դեպ, չէր կատարվում օրենքի պահանջը, եւ 3 ժամը մեկ թվերը չէին հայտարարվում»,- Արարատ Զուրաբյանն այլ խախտումներ էլ մատնանշեց, սակայն դրանք առանձին անդրադարձի նյութ են։

Վերադառնանք մեր ցուցակներին։ Դրանց խայտառակ վիճակը պատգամավորության թեկնածու առաջադրված թաղապետերին ձեռնտու լինելու վերաբերյալ պնդումները մեկնաբանելով, Կենտրոնի համայնքապետն ասաց. «Թաղապետերը ցուցակներով չէ, որ հաղթել են։ Այն թաղապետերը, որոնց պաշտպանել է «Միասնությունը», ընտրական հանձնաժողովներում ունեցել են առնվազն 7 տեղ, այսինքն՝ մեծամասնություն։ Եվ անկախ քվեարկության ելքից, հնարավորություն էր ընձեռված, որ հանձնաժողովն արձանագրեր, թե նրանք հաղթել են։ Իսկ իշխանությունների կողմից չպաշտպանվող թաղապետերը (կարծում ենք, Արարատ Զուրաբյանն այս տեսակի մեջ եզակի է- Ա. Ի.), բնականաբար, այդ տեղերը չեն ունեցել եւ ավելի բարդ է եղել խնդիրը»։

Այնուամենայնիվ, Կենտրոնում ցուցակային խախտումները բազմաթիվ էին՝ դրանցից նախապես բողոքում էր թիվ 11-ում արդեն հաղթած թեկնածուն, կոմկուսի առաջնորդը շեշտեց, թե անգամ անցած տարիներին Երեւանի կենտրոնի ընտրատարածքներում խախտումները նվազագույնն էին։ Այս հիշեցումներիս ի պատասխան պրն Զուրաբյանը կրկնեց, թե անցած ընտրություններում էլ Կենտրոնի 41 տեղամասերից յուրաքանչյուրում լրացուցիչ ցուցակներով սովորաբար քվեարկել է 200-300 մարդ, այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ շուրջ 10 հազար հոգի. «Մենք այժմ մի քանի հազար ճշտում էինք կատարել, բայց ամբողջական ճշգրտում կատարելու հնարավորություն տեղական ինքնակառավարման մարմինները չունեին։ Այնուամենայնիվ, Կենտրոնի շուրջ 100 հազար ընտրողների պայմաններում, ցուցակային անճշտությունները հազիվ 1-2% էին։ Ցուցակների անճշտությունները, որքան կարող էին վնասել այլ թեկնածուների, նույնքան էլ, բնականաբար, վնասեցին նաեւ ինձ։ Հավելեք, որ ցուցակում չընդգրկվածներն իրենց դժգոհությունն արտահայտեցին թաղապետին ձայն չտալով»։

Այստեղ արդեն Արարատ Զուրաբյանն օրենսդրական անկատարության խնդրին անդրադարձավ. «Անհեթեթ է, որ այս մարմիններից է պահանջվում ճշտված ցուցակներ։ Դրանք հստակ կարող էր ներկայացնել միայն ՆԳ եւ ԱԱ նախարարությունը, որի անձնագրային ու վիզաների վարչությունը Հայաստանում գրանցված եւ հաշվառված անձնագիր ունեցող մարդկանց ամբողջական տվյալներն ունի, նաեւ համապատասխան համակարգչային ցանց։ Բայց հիմար օրենք է ընդունված, եւ այդ տվյալները զարմանալիորեն տեղական ինքնակառավարման մարմիններից են պահանջում, որոնք դրանք կարող են ունենալ միայն դիմելով անձնագրային ծառայությանը կամ էլ ջրի, աղբի վարձավճարների գանձման սեփական ցուցակները ներկայացնելով, որոնք, բնականաբար, չեն կարող ճշգրիտ լինել։

ՆԳ եւ ԱԱ նախարարությունը, կարծում եմ, ինքը կարող էր նախաձեռնությամբ հանդես գալ եւ հայտարարել, որ ինքն ունի ճշգրիտ եւ ամբողջական այդ տվյալները, բայց նա մշտապես խուսափել է դրանից, քանի որ չի ցանկացել ընտրությունների պատասխանատվությունն ինչ-որ չափով կիսել։ Ուղղակի շատ հեշտ է ամեն ինչ բարդել տեղական ինքնակառավարման մարմինների վրա»։

Այնուամենայնիվ, քանի որ երկրորդ զրուցակիցս ոչ միայն համայնքապետ էր, այլեւ ՀՀՇ վարչության փոխնախագահը, վերջում ընտրությունների, որոշ իմաստով, ընդհանրական քաղաքական գնահատականը տվեց. «Գտնում եմ, որ այս ընտրությունները դրական առումով առանձնապես ոչնչով չեն տարբերվում նախորդ բոլոր ընտրություններից։ Իսկ այն մեքենայնությունները, որ կատարվեցին այս ընտրությունների ընթացքում, վկայում են, որ խախտողները շատ ավելի հմտացել են,- ասաց Արարատ Զուրաբյանը։- Այս ընտրություններում ՀՀՇ-ն գերակա չէր, բայց կյանքն ապացուցեց՝ այս անգամ էլ ընտրությունները կեղծվեցին բարձրագույն իշխանության թողտվությամբ»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930