Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ա. Մարգարյան. «Սխալ ցուցակները առավելագույն վնասը հասցրին դաշինքին»

Հունիս 02,1999 00:00
Andranik Margaryan

Մայիսի 31-ի վաղ առավոտյան, երբ դեռեւս խիստ նախնական արդյունքներից արդեն ակնհայտ էր, որ խորհրդարանական մեծամասնությունը կազմելու է «Միասնություն» դաշինքը, հաջողվեց գրեթե նույն հարցերով դիմել դաշինքի շտաբի համանախագահներ Անդրանիկ Մարգարյանին եւ Արմեն Խաչատրյանին։

Անդրանիկ Մարգարյան

– Պարոն Մարգարյան, ընտրությունների ընթացքից սպասվող արդյունքներից բավարարվա՞ծ եք։

– Ուղղակի բավարարվածությունն այնքանով է, որ ընտրություններն անցան շատ նորմալ մթնոլորտում։ Կուսակցությունների հետ համաձայնություններն իրենց արժեքն ունեցան, եւ ընտրությունների քաղաքակիրթ ընթացքն ապացույց է, որ մենք կանգնած ենք քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին։ Ցավոք սրտի, որոշ կուսակցություններ, որոնք արդեն զգում են, որ իրենց ակնկալած արդյունքները չեն ստացվում, սկսեցին հայտարարություններ անել մի հանգամանքի շուրջ, որը կուսակցությունների մասնակցությամբ չէր պայմանավորված։ Խոսքը ընտրողների ցուցակների մասին է։

– Այս կապակցությամբ ձեր դաշինքի հասցեին արդեն մեղադրանք հնչել է, քանի որ քաղաքապետերի եւ թաղապետերի մեջ քիչ չեն ձեր կուսակիցները։

– Մեղավորը «Միասնություն» դաշինքը չէ, ինչպես նաեւ մեղավորը ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները չեն։ Ինչ վերաբերում է թաղապետերի եւ քաղաքապետերի մեղավորությանը, ապա նրանք մեղավոր են այնքան, որքան իշխանությունները, որովհետեւ մարդահամարի անցկացումը, աշխատանքների կազմակերպումը եւ դրանց ֆինանսավորումը ավելի շատ կառավարության խնդիրն է, քան քաղաքապետի։ Ես կարող եմ ասել, որ գործոններից մեկն էլ կառավարության անպատրաստ լինելն էր ընտրություններին։ Օրինակ, արդարադատության նախարարության անպատրաստ լինելու պատճառով քաշքշուկ էր առաջացել դատարաններում։ Ցավում եմ, որ կառավարությունը տեր չկանգնեց ՀՀ նախագահի խոստմանը։ Ցավալի է նաեւ, որ որոշ կուսակցություններ իրենց պարտության մեղքը փորձում են բարդել ում վրա պատահի։ Ինչ վերաբերում է դաշինքի հասցեին հնչած մեղադրանքներին, դրանք պարզապես լուրջ չեն, որովհետեւ «Միասնությունը» որեւէ կապ չունի ցուցակների կազմման գործընթացի հետ։ Իսկ մեր կուսակցության անդամ թաղապետերն ու քաղաքապետերը մեր դեմ չէին աշխատի, որովհետեւ ակնհայտ է, որ մենք ստեղծված իրավիճակում առավելագույն էինք շահագրգռված ընտրություններում բնակչության զգալի մասի մասնակցության հարցում։ Մեզ սխալ ցուցակները առավելագույն վնաս տվեցին, թերեւս, ավելի շատ, քան մյուս կուսակցություններին։

Արմեն Խաչատրյան

Armen khachatryan

– Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը։

– Այս ընտրություններում, ի տարբերություն նախորդ տարվա ընտրությունների, կար հսկայական տեղաշարժ։ Նկատի ունեմ ընտրությունների ազատ եւ արդար կազմակերպման, քարոզարշավի օբյեկտիվ կազմակերպման, լուսաբանման պահը։ Մեծ չափով պահպանվեց քաղաքական էթիկան, համենայնդեպս, մեր կողմից մրցակիցներից ոչ մեկի հասցեին վատ արտահայտություն չի եղել։ Ընտրությունների միակ ակնառու, ցցուն թերությունը ընտրացուցակների հետ էր կապված, երբ մարդիկ չէին կարողանում օգտվել իրենց սահմանադրական իրավունքից։ Ստեղծվեց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ, ստեղծվեց որոշակի լարվածություն, եւ մենք խստագույնս դատապարտում ենք այն մարդկանց, ովքեր մեղավոր են այս իրավիճակի համար։

– Չե՞ք կարծում, որ դրա համար կարող են մեղադրել դաշինքին, համենայնդեպս, արդեն փորձեր կան։

– Այստեղ կարեւորագույնն այն է, թե ով է շահագրգիռ։ «Միասնություն» դաշինքը երբեք չէր կարող շահագրգիռ լինել խախտումների հարցում, ինչպես էլ դրանք արտահայտվեին։ Որովհետեւ քարոզարշավի ընթացքում արդեն մենք գիտեինք, որ մեզ մոտ ձայն շահելու եւ հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարելու պրոբլեմը չկար։ Սա այն ուժերի ձեռագիրն է, որոնք պետք է փորձեին մեծ դժվարությամբ հաղթահարել այդ պատնեշը եւ ցանկանում էին սահմանագիծը իջեցնել։

Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930